Ֆրանսիականում ինֆորմատիկայի դերն ու մագիստրոսական նոր ծրագիրը - Mediamax.am

exclusive
2931 դիտում

Ֆրանսիականում ինֆորմատիկայի դերն ու մագիստրոսական նոր ծրագիրը


Քրիստինա Սարգսյանը, Սիմոն Սիմոնյանը, Էլեն Գրիգորյանը եւ Բերտրան Վենարը
Քրիստինա Սարգսյանը, Սիմոն Սիմոնյանը, Էլեն Գրիգորյանը եւ Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեն Գրիգորյանը
Էլեն Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիմոն Սիմոնյանը
Սիմոն Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Սարգսյանը եւ Բերտրան Վենարը
Քրիստինա Սարգսյանը եւ Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն այս տարի բացում է մագիստրոսական ծրագիր: Այս ֆակուլտետում ամբողջովին իրականացվում են Ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանում ձեւավորված կրթական ծրագրերը, քանի որ այն հանդիսանում է ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերը: Թուլուզ 3 համալսարանն աշխարհում հայտնի է համակարգչային գիտության դասավանդման տարիների փորձով, այս համալսարանին է պատկանում Եվրոպայում ինֆորմատիկայի հետազոտական ամենամեծ կենտրոններից մեկը, որտեղ աշխատում են ոլորտի 700 փորձագետ եւ գիտնական։

 

Նպատակն ու մեծ պահանջարկը

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշտապես միտված է իր ներդրումն ունենալ երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու որակյալ մասնագետների պահանջը լրացնելու գործում: Մագիստրոսական նոր ծրագրի բացումը հենց այս նպատակի մաս է կազմում:

 

«20 տարի առաջ սկսեցինք առաջարկել բակալավրիատի ծրագրեր, իսկ մի քանի տարի առաջ որոշեցինք ընդլայնել մեր առաջարկը տեխնոլոգիական ոլորտում, քանի որ որակյալ մասնագետների պահանջարկը մեծ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Բակալավրիատի ծրագրի շրջանակում համագործակցում ենք ԵՄ-ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի հետ։ Մեր թիմը վերջին ամիսներին քրտնաջան աշխատել է, որ 2021 թվականի ուսումնական տարվա համար ներկայացնի ինֆորմատիկայի մագիստրոսական ծրագիրը: Երբ կա տեխնոլոգիական հեղաշրջում, զուգահեռ պետք է լինի ու նույն արագությամբ զարգանա տեխնոլոգիական բարձրագույն կրթությունը»,- ասում է ՀՖՀՀ-ի ռեկտոր Բերտրան Վենարը:

 

Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը, շարունակելով ռեկտորի խոսքը, հավելում է՝ իրենց ապագա մագիստրոսները կլուծեն նաեւ շուկայի պահանջի խնդիրներն, ու տեղի ընկերություններն այլեւս ստիպված չեն լինի մասնագետների հրավիրել արտերկրից:

 

«Շատ հաճախ Հայաստանում գործող կազմակերպությունները, որոնք զբաղվում են արհեստական բանականությամբ ու միջազգային մրցունակ ծրագրեր են իրականացնում, հարկադրված են մագիստրոսի որակավորում ունեցող մասնագետների հրավիրել արտերկրից: Մինչդեռ եթե արհեստական բանականության մասնագետները լինեն Հայաստանից, մենք կխթանենք տեղի շուկայի զարգացմանը եւ ավելի շատ կազմակերպությունների հնարավորություն կտանք աշխատանքի ընդունել մեր շրջանավարտներին»,- ասում է դեկանը:

 

Ծրագրի կառուցվածքը

 

ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի մագիստրոսական ծրագրի նորությունն այն է, որ այն մասնագիտացած է արհեստական բանականության շուրջ: Ֆակուլտետի դեկանի խոսքով՝ համալսարանի նպատակն է զարգացնել նաեւ հետազոտական հմտությունները, ինչի համար էլ շատ կարեւոր է Թուլուզի համալսարանի հետ համագործակցությունը. չէ՞ որ այս համալսարանը Եվրոպայում ունի ինֆորմատիկայի հետազոտական ամենամեծ կենտրոններից մեկը:

 

Ինֆորմատիկայի մագիստրոսական ծրագիրը մշակվել է Թուլուզ 3 համալսարանի հետ միասին։ Դեկանը տեղեկացնում է, որ ծրագիրը հիմնված է արհեստական բանականության երկու հիմնասյուների վրա: Առաջինը մեքենայական ուսուցումն է, որը հիմնականում ուղղորդված է ներոնային ցանցերի մոդելավորման աշխատանքներով, երկրորդը Ֆրանսիայում առանձնահատուկ զարգացած գիտելիքների ներկայացման եւ գիտալիքահեն ապացույցների մշակումն է, ինչի հիման վրա էլ մշակվել է մասնագիտացման առարկայական ծրագրերի բովանդակությունը:

 

Ընդհանուր ծրագիրը կառուցված է հետեւյալ ուղղություններով՝ գիտելիք եւ տվյալներ, համակարգչային գրաֆիկա եւ պատկերների մշակում (թե՛ տեսապատկերների, թե՛ եռաչափ, երկչափ պատկերների մշակում, թե՛ զգայական պատկերների վերլուծություն), եւ արհեստական բանականություն՝ փոխհարաբերությունների մեջ:

 

«Ինչո՞վ է առանձնանում մեր ծրագիրը: Առաջին կիսամյակն ընդհանուր է նշված բոլոր երեք մասնագիտացումների համար, որից հետո հնարավորություն կա մասնագիտանալու որեւիցե ճյուղում կամ համադրել տարբեր ճյուղերի գիտելիքները: Կան պարտադիր առարկաներ, ու կան ավելի անկախ առարկաներ, որոնք հնարավորություն են տալիս նշված երեք ճյուղերի շրջանակներում անհատական մասնագիտական հետագիծ ձեւավորել: Այսինքն՝ եթե ձեր մասնագիտական կողմնորոշումը, օրինակ, պրակտիկ աշխատանքում բացահայտում է, որ ձեզ ավելի հետաքրքրում է մեքենայական ուսուցումը, ներոնային ցանցերը կամ ապացուցային համակարգերը, դուք հնարավորություն ունեք այլընտրանքային առարկաների միջոցով դրանում էլ ավելի ամրացնելու եւ խորացնելու ձեր գիտելիքները:

 

Բացի այլընտրանքային առարկաներից ամեն կիսամյակում կան պարտադիր առարկաներ: Յուրաքանչյուր ուսանող, այս կրթական ծրագրով սովորելով, տիրապետելու է համապատասխանաբար ներոնային ցանցերի մոդելավորմանը՝ թե՛ տեսական, թե՛ գործնական, թե՛ ձայնային եւ տեսապատկերների մշակման սկզբունքներին, միեւնույն ժամանակ գիտելիքների եւ տվյալների ներկայացման սկզբունքներին, ինչպես նաեւ մեքենայահեն ապացույցների առանձնահատկություններին:

 

Առավելություններն ու հարմարությունները

 

ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի ֆակուլտետը, բացի հիմնական պրակտիկայից, նախատեսել է նաեւ հետազոտական պրակտիկաներ, որոնք բավականին ծավալուն են եւ ենթադրելու են գիտահետազոտական թիմում աշխատանք:

Քրիստինա Սարգսյանը եւ Բերտրան Վենարը Քրիստինա Սարգսյանը եւ Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինչո՞վ է գրավիչ այս մագիստրոսական ծրագիրը հատկապես այլ բուհերի շրջանավարտների կամ այն մասնագետների համար, որոնք աշխատում են ոլորտում եւ ունեն միայն բակալավրի մասնագիտական կրթություն: Առաջին հերթին սա եզակի հնարավորություն է ոչ թե պարզապես ստանալու եվրոպական դիպլոմ, որն ամբողջ աշխարհով ճանաչվում է, այլ հնարավորություն է սովորելու միջազգային բարձր գիտական վարկանիշ ունեցող դասախոսների մոտ»,- նշում է դեկանը: ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարն էլ հավելում է․ «ՀՖՀՀ-ում դասախոսների 30%-ն արտերկրից են։ Միջազգային դիպլոմ շնորհելով՝ ՀՖՀՀ-ն հնարավորություն է տալիս լավ կարիերա կառուցել միջազգային կազմակերպություններում»:

 

«Արհեստական բանականության մագիստրոսական ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է, ծրագիրն ի սկզբանե երկլեզու է մշակվել: Ծրագրին զուգահեռ՝ ֆրանսերենն ուսումնասիրվելու է ուսումնառության ընթացքում, եւ ուսանողներին հնարավորություն է տրվելու ավարտելիս ունենալ ֆրանսերենի բավականին լավ մակարդակ։ Կարեւոր է նաեւ հիշել, որ եթե դիմորդները հիմնական կրթություն չունեն համակարգչային գիտության ոլորտում, անհրաժեշտ է ունենալ երեք տարվա աշխատանքային փորձ »,- հայտնում է դեկանը:

 

Ի ուրախություն աշխատող դիմորդների՝ ռեկտոր Բերտրան Վենարը տեղեկացնում է՝ դասերը երեկոյան ժամերի են, եւ ուսանողները կարող են աշխատել օրվա ընթացքում:

 

«Որպեսզի ուսանողները ստիպված չլինեն թողնել իրենց աշխատանքը, մենք հարմարեցրել ենք մեր դասաժամերը, քանի որ համատեղելով աշխատանքը եւ կրթությունը՝ ուսանողը կարող է իր ստացած գիտելիքն անմիջապես կիրառել պրակտիկայում:

 

Բացի այդ, մենք համալսարանում մեծ տեղ ենք հատկացնում փորձառությանը եւ մշտապես մտածում, թե ինչպես է այս ծրագիրը օգնելու ուսանողին աշխատանք գտնելու եւ լավ կարիերա կառուցելու հարցում: Այդ պատճառով մենք ծրագրում ներառում ենք հիմնականում այնպիսի դասախոսների, որոնք ոլորտում աշխատում են ու բարձր պաշտոններ են զբաղեցնում տարբեր ընկերություններում»,- ասում է ռեկտորը:

 

Ռազմավարությունն ու իրականացվող քայլերը

 

Դեկան Քրիստինա Սարգսյանը նաեւ կարեւոր է համարում շեշտել այն հանգամանքը, որ համալսարանն իր ռազմավարական նոր ծրագրում առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգ ձեւավորելու կարեւորությունը:

 

Որպես կառուցողական հիմք այս ռազմավարության համար առաջին հերթին դիտարկվում է ԻԿՄ ֆակուլտետը, սակայն միեւնույն ժամանակ կան այդ հենքն ապահովող հարակից մասնագիտություններ, որոնք անհրաժեշտ է զուգահեռաբար փոխկապակցել ու միասին ուսումնասիրել: Այս գաղափարի իրականացման վառ օրինակ են համալսարանի դոկտորանտուրայի շրջանակում ուսումնասիրվող տեխնոլոգիական ոլորտին վերաբերող թեզի թեմաներն ու դրանց համապարփակ ուսումնասիրությունները:

Սիմոն Սիմոնյանը Սիմոն Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանում 2016-ից գործող դոկտորանտուրայի այս տարվա շրջանավարտ Սիմոն Սիմոնյանը վերջերս է պաշտպանել «Արհեստական բանականության իրավական հիմնախնդիրները» վերնագրով 450 էջանոց թեզը, որը վերաբերում է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի իրավունքներին:

 

Սիմոնը մասնագիտությամբ իրավաբան է, բակալավրիատը եւ մագիստրատուրան նույնպես ավարտել է Ֆրանսիական համալսարանում: 2018-ից ուսումնասիրում է ՏՏ ոլորտն ու փորձում իրավաբանի տեսանկյունից բացատրել, թե ինչ է արհեստական բանականությունը:

 

«Նորագույն տեխնոլոգիաների ոլորտն ուսումնասիրելը բավականին լուրջ մարտահրավեր է իրավաբանի համար, որովհետեւ մենք դուրս ենք գալիս այն կաղապարներից, որոնք տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել մեր մասնագիտությունում (պայմանագրեր կամ դատարան դիմել), ու փորձում ենք տիրապետել ոչ միայն առկա նորմերին, այլեւ հասկանալ՝ ինչպես են ստեղծվում, աշխատում նորագույն տեխնոլոգիաները եւ ինչպիսի ռիսկեր են դրանք պարունակում: Առանց այս ամենի հնարավոր չէ պատասխանել հարցին, թե ինչպես պետք է կարգավորել այս ոլորտը:

 

Կցանկանայի նշել, որ վերջին տարիներին Հայաստանում իրավաբանների կողմից արհեստական բանականության որոշ ասպեկտների վերաբերյալ հեղինակվել են մի քանի գիտական հոդվածներ տեղի պարբերականներում, մինչդեռ արհեստական բանականությունն ունի սերտ առնչություն իրավունքի գրեթե բոլոր ճյուղերի հետ՝ սկսած վարչական, վերջացրած՝ առողջապահական իրավունքից:

 

Խնդիրն այն է, որ Հայաստանում դեռեւս չկան ձեւավորված օրենսդրություն եւ դոկտրինալ հայեցակարգեր արհեստական բանականության ալգորիթմների օգտագործման եւ ծրագրավորման հարցում։ Բացի այդ, այլ բնագավառներում, օրինակ, հեղինակային իրավունքի շրջանակներում եւս չկան հատուկ նորմեր, որի պարագայում առաջանում է հետեւյալ հարցը՝ արդյոք արհեստական բանականության մասնակցությամբ ստեղծված աշխատանքները կարող են պահպանվել հեղինակային իրավունքով: Այս պարագայում, կցանկանայի նշել, որ ֆրանսիական իրավունքը կարող է ծառայել որպես գաղափարային իրավական հիմք ՀՀ-ում նորագույն տեխնոլոգիաների ոլորտը կարգավորելու համար»,- ասում է Սիմոնը:

Էլեն Գրիգորյանը Էլեն Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեն Գրիգորյանը նույնպես ՀՖՀՀ-ի դոկտորանտուրայի այն ուսանողներից է, որ ընտրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտին փոխկապակցված թեզի թեմա: Էլենը 2019 թվականից ուսումնասիրում է գերմեծ տվյալները ինֆորմացիոն համակարգերի մենեջմենթի բնագավառում, շեշտը դնում է կազմակերպությունում գերմեծ տվյալների արդյունավետ կիրառման վրա:

 

Էլենն ավարտել է ՀՖՀՀ-ի մարքեթինգի ֆակուլտետն ու ավելի քան տասը տարի աշխատել բանկային ոլորտում, իսկ վերջին ութ տարիների ընթացքում նաեւ դասավանդում է ՀՖՀՀ-ի մարքեթինգի ֆակուլտետում: Նա մեզ հետ զրույցում մանրամասնում է թեմայի ընտրության պատճառներն ու կարեւորությունը. «Մենք ամեն օր ենք առնչվում տեխնոլոգիաների ու մեծածավալ տվյալների կիրառմանը, ու այսօր տեխնոլոգիաների զարգացումն ընկերություններին պարզապես ստիպում է ադապտացվել նոր պայմաններին: Եթե նախկինում ունեինք ավանդական տվյալներ, ապա ներկայում դրանք ունեն հատուկ չափանիշներ, որոնք բնորոշում են մեծածավալ տվյալները, իսկ ընկերությունները չգիտեն՝ դրանք ինչպես արդյունավետ կիրառել: Այն տեսական մոդելը, որ ես ընտրել եմ իմ թեզի համար, փորձելու եմ ակտուալացնել կազմակերպությունների շրջանում»:

 

Համալսարանում գիտահետազոտական աշխատանքի թեման ամփոփելով՝ ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարն ընդգծում է համալսարանում գիտահետազոտության զարգացման կենսական կարեւորությունը Հայաստանի թվային էվոլյուցիան ուղեկցելու, ձեռնարկությունների զարգացմանը եւ այս երկրում գիտական հայտնագործությունների թվի աճին նպաստելու հարցում։

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին