ՀՖՀՀ-ի շրջանավարտները մշտապես պահանջված են աշխատաշուկայում - Mediamax.am

exclusive
3131 դիտում

ՀՖՀՀ-ի շրջանավարտները մշտապես պահանջված են աշխատաշուկայում


Ասյա Մովսիսյանը եւ Բերտրան Վենարը
Ասյա Մովսիսյանը եւ Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քնարիկ Ներսիսյանը
Քնարիկ Ներսիսյանը
Լուսինե Կիսիբեկյանը
Լուսինե Կիսիբեկյանը
Բերտրան Վենարը
Բերտրան Վենարը
Ասյա Մովսիսյանը
Ասյա Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) կատարած վերջին հետազոտության համաձայն՝ ներկայում ՀՖՀՀ-ի ողջ շրջանավարտների միայն 4%-ն է աշխատանք փնտրում: ՀՖՀՀ-ի շրջանավարտներն այնքան պահանջված են այսօրվա աշխատաշուկայում, որ ուսանողների կեսն իր առաջին աշխատանքը գտնում է հենց սովորելու տարիներին: Նման բարձր ցուցանիշները պայմանավորված են այն հանգամանքով, որ համալսարանն իր ուսումնական ծրագրերում մեծ կարեւորություն է տալիս շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորման ու զբաղվածության ապահովմանը:

 

Հաջողության նախադրյալները

 

ՀՖՀՀ-ի ռեկտոր Բերտրան Վենարը մեծ հպարտությամբ է խոսում իրենց շրջանավարտների հաջողությունների մասին՝ վստահեցնելով, որ նրանց հեշտությամբ աշխատանք գտնելու նախադրյալներից մեկը հենց ուսումնական ծրագիրն է, որը մշակվում է այսօրվա աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

 

«Ի՞նչն է տարբերում մեր ուսանողներին այլ հաստատությունների ուսանողներից: Մեր ուսանողները, սովորական դասերից բացի, համալսարանում սովորում են նաև փորձառության միջոցով, ինչի արդյունքում աշխատանքի ընդունվելիս կարողանում են լիարժեք կատարել տարբեր առաջադրանքներ առաջին իսկ օրվանից: Սովորելու ընթացքում նրանք նաեւ ակտիվ ներգրավված են լինում տարբեր ընկերությունների կողմից ստեղծված նախագծերում, իսկ ավարտական կուրսում պարտադիր պրակտիկա են անցնում:

Բերտրան Վենարը Բերտրան Վենարը

 

Բացի այդ, մեր համալսարանում ամեն տարի Ֆրանսիայից 80 դասախոս է դասավանդում, ինչի շնորհիվ մեր ուսանողներն ավելի միջազգային են համարվում ու հեշտությամբ են ինտեգրվում ցանկացած մշակույթում: Համալսարանում դասավանդում են նաեւ այնպիսի դասախոսներ, որոնք միեւնույն ժամանակ ներկայիս աշխատաշուկայում պրոֆեսիոնալ մասնագետներ ու մեծ ընկերությունների հիմնադիր-տնօրեններ են»,- ասում է ռեկտորը:

 

Ամեն ինչ փաստերով

 

Որպեսզի շրջանավարտների աշխատանքի հարցը մշտապես ուշադրության կենտրոնում մնա, համալսարանը պարբերաբար հետազոտություններ է անցկացնում՝ տեղեկանալու, թե արդյո՞ք շրջանավարտները Հայաստանում են գտնվում, որ ոլորտներում են աշխատում ու ինչքանով են բավարարված իրենց աշխատանքով եւ համալսարանից ստացած գիտելիքով:

 

Վերջին հետազոտության արդյունքներն ամփոփվել են 2020 թվականին, համալսարանի 20-ամյակի կապակցությամբ այս անգամ հարցումն իրականացրել են՝ ներգրավելով բոլոր շրջանավարտներին: ՀՖՀՀ-ի ավելի քան 2200 շրջանավարտներից 81%-ը պատասխանել է հարցմանը, ինչը, ի դեպ, նման հարցումների համար աշխարհում բավականին բարձր ցուցանիշ է համարվում:

 

Ֆրանսիական համալսարանի զարգացման եւ ձեռնարկությունների հետ կապերի բաժնի պատասխանատու Ասյա Մովսիսյանը մեզ հետ զրույցում թվարկում է հետազոտության բոլոր կարեւոր արդյունքները:

 

«Առաջին կարեւոր ցուցանիշը մասնագիտական ներգրավվածության հետ կապված թվերն են, ըստ մեր ցուցանիշների՝ շրջանավարտների ընդամենը 4%-ն է աշխատանք փնտրում: Երբ այն համեմատում ենք Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի հետ, մեր 4%-ը բնական թիվ է համարվում: Բացի այդ, իրականում, այս շրջանավարտները հիմա գտնվում են կա՛մ աշխատանքը փոխելու եւ վերապրոֆիլավորվելու փուլում, կա՛մ համալսարանն ավարտել են ու սպասում են արտերկրում սովորելու իրենց բուհի պատասխանին: Ամեն դեպքում, նրանք մեր ուշադրության կենտրոնում են մնում, ու մենք շարունակում ենք աշխատել նրանց համար աշխատանքային առաջարկներ փնտրելու ուղղությամբ:

Ասյա Մովսիսյանը Ասյա Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուս կողմից հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր ուսանողները մասնագիտությամբ են աշխատում: Հետազոտության արդյունքում պարզել ենք, որ մեր շրջանավարտների 89%-ն իր մասնագիտությամբ է աշխատում, իսկ 11%-ի մեջ մտնում են մարդիկ, որոնք, օրինակ, իրավաբանության ֆակուլտետն են ավարտել, բայց ձեռներեցությամբ են զբաղվում:

 

Մեր ուսանողների մրցունակության գրավականը նաեւ արտերկրում պրակտիկայի հնարավորությունն է: Ամեն տարի մոտ 60 ուսանող չորրորդ կուրսում պարտադիր պրակտիկան անցկացնում է արտերկրում՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում: Այս պրակտիկայի շնորհիվ ուսանողները ե՛ւ մասնագիտական, ե՛ւ անձնական փորձ են ձեռք բերում. չէ՞ որ շատերն առաջին անգամ են ծնողներից անկախ ճամփորդում ու միայնակ իրենց կյանքը տնօրինում»,-ասում է Ասյա Մովսիսյանը:

 

Արտագաղթելուն՝ դեմ

 

Ֆրանսիական համալսարանի համար ոչ պակաս կարեւոր է տեսնել իր շրջանավարտներին հենց Հայաստանում աշխատելիս, այդ պատճառով համալսարանը հետազոտության մեջ, ըստ տարիների, առանձնացրել է, թե ուսանողների քանի տոկոսն է մեկնել արտերկիր աշխատելու: Ըստ հետազոտության՝ ամենաշատ մեկնող շրջանավարտները եղել են 2008 թվականին տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պատճառով, այս թվերը բարձրացել, ապա անկում են ապրել Ապրիլյան պատերազմի ժամանակ: Իսկ 2018-2019 թվականներին շրջանավարտների ընդամենը 2-3%-ն է լքել երկիրը:

 

«Քանի որ մենք ֆրանսիական, այսինքն՝ նաև եվրոպական պետական դիպլոմ ենք շնորհում, մտավախություն է առաջանում, թե մեր շրջանավարտները կգնան Հայաստանից ու չեն վերադառնա, բայց այս հետազոտության արդյունքները, փաստորեն, հակառակն են ապացուցում: Մենք աշխատում ենք Հայաստանի համար ու հպարտանում, որ մեր շրջանավարտները մնում են Հայաստանում:

 

Սակայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո մենք քաջ գիտակցում ենք, որ այս թվերը կարող են աճել, ուստի 2020-ի դեկտեմբերից մեկնարկել ենք «Աքսելերատոր 28» ծրագիրը, որը նախատեսված է ՀՖՀՀ-ի կամ այլ համալսարանների այն առաջնորդների կամ ձեռներեցների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց ստարտափ գաղափարը դինամիկ եւ պրակտիկայի վրա հիմնված էկոհամակարգում:

Ասյա Մովսիսյանը եւ Բերտրան Վենարը Ասյա Մովսիսյանը եւ Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աքսելերատոր 28» ծրագրով նախատեսում ենք նպաստել տարբեր բիզնես գաղափարների աճին ու աջակցել դրանց միջազգային շուկա դուրս գալուն: Ծրագրի շրջանակում նաեւ տարբեր համալսարանների հետ համաձայնագրեր ենք կնքել, որպեսզի այլ ուսանողների նույնպես ներգրավվենք: Մեզ նաեւ հետաքրքրում է միջմասնագիտական թիմեր ստեղծելու գաղափարը, օրինակ` ունենք Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողների մի հրաշալի գաղափար, որին պակասում են իրավաբաններ կամ մարքեթոլոգներ, մինչդեռ մեր համալսարանը հենց այս մասնագետներին է պատրաստում»,- ասում է ՀՖՀՀ-ի Զարգացման եւ ձեռնարկությունների հետ կապերի բաժնի պատասխանատուն:

 

Աշխատող ուսանողներ

 

Համալսարանում նաեւ կարեւորում են տեսնել, թե ուսանողներն ինչ ճանապարհով են գտնում իրենց առաջին աշխատանքը: Ասյա Մովսիսյանի խոսքով՝ վերջին հարցումները ցույց են տվել, որ հինգից մեկն իր աշխատանքը գտնում է համալսարանի կարիերայի կենտրոնի շնորհիվ: Այս կենտրոնը հաճախակի պրակտիկայի առաջարկներ է անում ուսանողներին, այցեր է կազմակերպում տարբեր ընկերություններ ու համապատասխան առարկայի դասավանդում է իրականացնում:

 

Համալսարանում նաեւ մեծ թիվ են կազմում գործատու դասախոսները, որոնք հենց դասավանդման ընթացքում են աշխատանքային առաջարկներ անում ուսանողներին: Պարզվում է նաեւ, որ ուսանողների գրեթե կեսը (47,4%) առաջին աշխատանքը հենց սովորելու ընթացքում է գտնում:

 

Ֆրանսիականի շրջանավարտ աշխատակիցներ ունեցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ մշտապես ընդգծում են, որ ՀՖՀՀ ավարտածներն իրենց մոտ շատ պահանջված են, քանի որ մասնագիտությանը զուգահեռ տիրապետում են մի քանի լեզուների, նորարար են եւ ստեղծագործ:

 

Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունում, օրինակ, այս պահին աշխատում է ՀՖՀՀ-ի երեք շրջանավարտ՝ Ֆինանսական, իրավաբանական եւ մարդկային ռեսուրսների կառավարման բաժիններում:

Քնարիկ Ներսիսյանը Քնարիկ Ներսիսյանը

 

Թե հատկապես ինչն է տարբերում Ֆրանսիականն ավարտածներին հայաստանյան այլ բուհերի շրջանավարտներից, «Պեռնո Ռիկար Արմենիա»-ի Իրավաբանական և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը նշում է.

 

«Ըստ աշխատատեղի բնույթի՝ պահանջվող հմտությունները տարբերվում են։ Այդուհանդերձ, կան որոշակի առանձնահատկություններ, որոնք պահանջվում են բոլոր հաստիքների պարագայում: Այդ շարքից կարող եմ նշել պատասխանատվության զգացումը, նախաձեռնողականությունը, փոփոխություններին եւ նորին ընդառաջ գնալու կարողությունը, նորարար լինելը, շարունակաբար սովորելու եւ զարգանալու ձգտումը. այս բոլոր հատկանիշները հաճախ դրսեւորվում են ՀՖՀՀ-ի ուսանողների շրջանում:

 

Վերջիններս առանձնանում են նաեւ կարճ ժամկետում ու միաժամանակ բազմաբնույթ աշխատանքներ կատարելու եւ ստացված գիտելիքները հեշտությամբ կիրառելու կարողությամբ»:

 

Անսահման հնարավորություններ

 

Ֆրանսիականն ավարտած տասնյակից ավելի շրջանավարտներ այսօր աշխատում են նաեւ համաշխարհային շուկայում հայտնի EY աուդիտորական-խորհրդատվական ընկերությունում:

 

EY ընկերության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Լուսինե Կիսիբեկյանի խոսքով՝ շրջանավարտներն իրենց ընկերություն ընդունվում են հայտարարությունների համաձայն, որոնք կա՛մ տեղադրվում են կարիերայի առաջատար հարթակներում, կա՛մ ուղարկվում են Ֆրանսիական համալսարանի կարիերայի կենտրոնի միջոցով, որն ընկերության խնդրանքով հայտարարությունը տարածում է շրջանավարտների շրջանում։

Լուսինե Կիսիբեկյանը Լուսինե Կիսիբեկյանը

 

«Մեր ընկերությունում աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի մասնագիտական հմտություններ, տիրապետել օտար լեզուների` մասնավորապես ռուսերենի եւ անգլերենի։ Իր հերթին ընկերությունը, աշխատանքին զուգահեռ, ապահովում է անձնակազմի շարունակական ուսուցումը եւ զարգացումը, որոնք թե՛ ներքին դասընթացներն են, թե՛ միջազգային որակավորումները»,- ասում է Լուսինե Կիսիբեկյանն ու շարունակում խոսքը․ «ՀՖՀՀ-ը պատրաստում է հենց այնպիսի մրցունակ կադրեր, որոնք առանձնանում են ինչպես գիտելիքների մեծ պաշարով, այնպես էլ աշխատասիրությամբ։ Նրանք, աշխատելով մեր ընկերությունում, հաջողություններ են գրանցում աուդիտի, հարկային եւ իրավաբանական խորհրդատվության, ռազմավարության ու գործարքների ուղեկցման ոլորտում։ Նրանց մի մասն էլ այսօր աշխատում է այլ երկրների EY գրասենյակներում, ինչը հնարավոր է դարձել ընկերության շարժունակության ծրագրի շնորհիվ»:

 

Պրակտիկա կամ աշխատանք գտնելու հարցում շրջանավարտներին օժանդակելու նպատակով Ֆրանսիական համալսարանն ամեն տարի մինչեւ պարտադիր պրակտիկաները նաեւ աշխատանքի տոնավաճառ է կազմակերպում: Տոնավաճառը համալսարանում կազմակերպվում է ավելի քան 16 տարի՝ հնարավորություն տալով տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ ուսանողներին հավաքվել մեկ հարկի տակ ու աշխատանքային առաջարկներ դիտարկել:

 

Ռեկտոր Բերտրան Վենարն եզրափակում է. «Կրթական ծրագրերի պրակտիկ ուղղվածությունը ՀՖՀՀ-ի ԴՆԹ-ում է 20 տարի ի վեր։ Ապագայում է՛լ ավելի շատ կաշխատենք այս ուղղությամբ հանուն Հայաստանի և հայ երիտասարդության»։

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին