Նախագահը չի ստորագրել Բարձրագույն կրթության մասին օրենքը - Mediamax.am

698 դիտում

Նախագահը չի ստորագրել Բարձրագույն կրթության մասին օրենքը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն եւ հարակից օրենքների փաթեթը:

Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

 

«Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ հարակից օրենքների փաթեթը նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:

 

Նախագահն օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության եւ կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

 

Ըստ օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ օրենքի գլխավոր նպատակն է կրթության եւ գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ օրենքը համակարգային բնույթ չունի, եւ դրանով նախատեսված կարգավորումներով գիտության եւ կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում:

 

Նման օրենքի ընդունման համար նախ եւ առաջ պետք է ունենալ գիտության եւ կրթության զարգացման հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր՝ ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպիսի գիտություն ու կրթություն ենք ուզում զարգացնել: Օրենքը ներկա վիճակով լիարժեքորեն չի արտացոլում գիտության եւ կրթության զարգացման ժամանակակից միտումները:

 

Միեւնույն ժամանակ, օրենքի վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները եւ փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերեւույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից»,- հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին