Սովորել ինֆորմատիկա Ֆրանսիականում. միջազգային կարիերայի լավ հնարավորություն - Mediamax.am

exclusive
4472 դիտում

Սովորել ինֆորմատիկա Ֆրանսիականում. միջազգային կարիերայի լավ հնարավորություն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետը Հայաստանի ամենադինամիկ ֆակուլտետներից է: Այս դինամիկությունը ֆակուլտետի ղեկավար կազմի եւ դասախոսների համարձակության, ինչպես նաեւ՝ գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի բարձր որակի պտուղն է (այս համալսարանին է պատկանում Եվրոպայում ինֆորմատիկայի հետազոտական ամենամեծ կենտրոններից մեկը, որտեղ աշխատում են ոլորտի փորձագետ 700 գիտնական)։

 

Ներկայում գործող ԻԿՄ բակալավրիատի ծրագրից բացի ՀՖՀՀ-ն արդեն աշխատում է ֆակուլտետի մագիստրոսական ծրագիր կազմելու ուղղությամբ: ԻԿՄ-ի ղեկավար կազմը եւ ուսանողները մեզ հետ զրույցում պատմել են ֆակուլտետի առանձնահատկությունների եւ առավելությունների մասին, որոնք կօգնեն ապագա դիմորդներին կողմնորոշվել բարդ ընտրության հարցում:

 

Ինֆորմատիկայի ֆրանսիական ծրագրերը՝ հարմարեցված տեղի շուկային

 

ՀՖՀՀ-ի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առանձնահատկությունների մասին խոսելիս դեկանը եւ ռեկտորը հավասարապես կարեւորում են ռազմավարական համագործակցությունը Թուլուզ 3 համալսարանի հետ:

 

«Համագործակցություն ասելով՝ մարդիկ սովորաբար հասկանում են պայմանագիր, մինչդեռ Թուլուզի համալսարանն ավելին է, քան ուղղակի գործընկեր. մենք Թուլուզի համալսարանի հետ միասին ենք աշխատում, մեյլերի ու տեսակապի միջոցով  միասին քննարկում ու որոշումներ կայացնում: Ինչպես ՀՖՀՀ-ի յուրաքանչյուր ֆակուլտետ՝ ԻԿՄ-ն եւս ունի համադեկան գործընկեր համալսարանում: Երբ խոսում ենք Ֆրանսիական համալսարանի մասին, կարեւոր է շեշտել մեր համագործակցությունները Եվրոպայի համալսարանների հետ:

 

Թուլուզի համալսարանում համակարգչային գիտությունը դասավանդվել է տարիներ շարունակ, ուստի այս համալսարանը շատ երկար փորձ ունի ոլորտում»,- ասում է ՀՖՀՀ-ի ռեկտոր Բերտրան Վենարը:

Լուսանկարը` Մեդիամաքս

ԻԿՄ ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշում է՝ չնայած ֆակուլտետում ամբողջովին իրականացվում են Ֆրանսիայում ձեւավորված կրթական ծրագրերը, այստեղ հաշվի են առնվում նաեւ Հայաստանի եւ միջազգային աշխատաշուկայի կարիքները:

 

«Մեր ուսումնական ծրագրում, օրինակ, մեծ ուշադրություն է դարձվում ֆունկցիոնալ ծրագրավորմանը, ինչը մասնագիտության տեսանկյունից Հայաստանում եզակի է, բայց խիստ կարեւոր: Հենց նույն անօդաչու թռչող սարքերի, անգամ թռիչքների կառավարման ծրագրերը մշակվում են ֆունկցիոնալ ծրագրավորման լեզուների միջոցով:

 

Ֆունկցիոնալ ծրագրավորման ուղղությունը կարեւորվում է նաեւ նրանով, որ այն հնարավորություն չի տալիս ծրագրային կոդի մեջ սխալի պարագայում աշխատեցնել ծրագիրը: Այդ պատճառով է այս լեզուների խումբը կիրառվում բացառապես կենսունակությունն ապահովող անվտանգության համակարգերի համար: Մենք երկու կիսամյակ շարունակ խորացված դասավանդում ենք ֆունկցիոնալ ծրագրավորում, ինչով էլ նաեւ տարբերվում ենք այլ հաստատություններից»,- ասում է Քրիստինա Սարգսյանը:

 

Ընդունելությունը եւ առավելությունները

 

ԻԿՄ-ի բակալավրիատ ընդունելության համար քննությունների միջոցով ստուգվում են գիտելիքները մաթեմատիկայից եւ օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն): Երկրորդ կուրսից մասնագիտական դասընթացների դասավանդումն անցկացվում է անգլերենով, երրորդից՝ զուգակցվում ֆրանսերենով: Այսպիսով՝ ՀՖՀՀ-ի առանձնահատկություններից է ինֆորմատիկայի մասնագիտական բարձրակարգ դասավանդումը համադրել լեզուների ուսուցման հետ, ինչը շատ կարեւոր է 21-րդ դարում։

 

Ինչ վերաբերում է ուսանողների կարիերային՝ դեկանը վստահեցնում է՝ իրենց շրջանավարտները ցանկացած ոլորտում ի զորու են լինելու կատարել տարբեր համալիր խնդրի լուծման աշխատանքներ: Շրջանավարտները կարող են աշխատել ոչ միայն ծրագրավորող, այլեւ ծրագրային ապահովման մշակող եւ ծրագրակազմի նախագծող ճարտարագետ՝ խնդիրը վերհանող եւ համալիր ծրագրակազմային լուծում տվող: Նրանք նաեւ հնարավորություն ունեն ստեղծելու իրենց ձեռնարկությունը՝ ՀՖՀՀ-ի Աքսելերատոր 28 ծրագրի օգնությամբ։

 

«Ինչո՞ւ պետք է դիմորդները դիտարկեն Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետը». հարցը հնչեցնում է ռեկտորը եւ կարեւոր համարում մանրամասն պատասխանը ծնողների եւ երեխաների համար: «Մենք Հայաստանում միակ համալսարանն ենք, որ ապահովում ենք ուսանողներին երկու դիպլոմով, որոնցից մեկը հավասարապես ճանաչվում է ամբողջ Եվրոպայում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր համալսարանը տարբերվում է նաեւ նրանով, որ մեզ մոտ լրջորեն դասավանդվում են օտար լեզուները ոչ միայն ընդհանուր շփման, այլեւ մասնագիտական տեսանկյունից (թե՛ ֆրանսերեն, թե՛ անգլերեն): Այս գործոնը շատ կարեւոր է այն դիմորդների համար, որոնք պատրաստվում են աշխատել միջազգային ընկերություններում:

 

Սակայն կարեւոր եմ համարում շեշտել, որ մենք անում ենք այս ծրագրերը Հայաստանի համար. մենք չենք ուզում նպաստել ուղեղների արտագաղթին, այլ ուզում ենք, որ մեր ուսանողները պահանջված լինեն տեղի միջազգային ընկերություններում:

 

Բացի այդ, քանի որ Հայաստանում տեսնում ենք այս մասնագիտության մեծ պահանջը, պատրաստվում ենք ԻԿՄ-ի մագիստրոսական ծրագիր կազմել՝ շեշտը դնելով հատկապես արհեստական բանականության եւ կիբերանվտանգության վրա»,- ասում է Բերտրան Վենարը:

 

Ուսանողները՝ ֆակուլտետի մասին

 

Հատկապես օտար լեզուների մասնագիտական խորը ուսուցումն է գրավել ԻԿՄ ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հրանտ Առաքելյանին, որ 2018-ին դիմել է Ֆրանսիական համալսարան: Հրանտը երկար ժամանակ չի կողմնորոշվել՝ ընտրել ֆրանսերենը, թե մաթեմատիկան, քանի որ երկու ուղղություններն էլ շատ է սիրել:

 

«Արդեն որոշել էի ընտրել մաթեմատիկան ու ֆրանսերենն ինքնուրույն զարգացնել, պլանավորում էի ընդունվել մեկ այլ համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, բայց երբ իմացա՝ Ֆրանսիականում է բացվում նման ֆակուլտետ, շատ ուրախացա, որ կարող եմ համատեղել երկու սիրածս առարկաները:

 

Պատրաստվում եմ ծրագրավորող դառնալ ու այժմ համալսարանից փորձում եմ ստանալ այն ամենը, ինչը կօգնի ինձ կարիերայիս հարցում»,- ասում է Հրանտը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրանտի համակուրսեցի Եկատերինա Ավագիմյանն էլ, այսպես թե այնպես, դիմելու էր Ֆրանսիական համալսարան, քանի որ սովորել էր Երեւանի թիվ 119 ֆրանսիական դպրոցում: Մաթեմատիկայի հանդեպ մեծ սերը Եկատերինային դրդում էր դիմել Ֆրանսիականի կառավարման կամ մարքեթինգի բաժիններ, սակայն ԻԿՄ-ի բացումն ավելի հստակեցրեց որոշումը:

 

«Շատ էի լսել, որ Ֆրանսիականը լավ համալսարան է, հետեւաբար՝ այս ֆակուլտետն էլ պետք է լավը լիներ», - ասում է Եկատերինան ու շարունակում անկեղծանալ, - «ՀՖՀՀ-ում ոգեւորիչ հանգամանքներից մեկը դասավանդվող ծրագրերի անընդհատ թարմացումն է, քանի որ համալսարանը ակադեմիական առումով շատ խստապահանջ է »:

 

Առաջին կուրսեցի Վահե Խլղաթյանն իր փորձով է հաստատում Եկատերինայի խոսքերը: Վահեն 2018-ին Եկատերինայի ու Հրանտի հետ միասին է ընդունվել ԻԿՄ ֆակուլտետ, բայց ընթացքում մեկնել է զինվորական ծառայության ու վերադարձել 2020-ին: Վահեի խոսքով՝ երկու տարվա ընթացքում ֆակուլտետի ծրագրերն ավելի են հարմարեցվել ուսանողին ու տեղի եւ միջազգային ներկայիս աշխատաշուկային:

 

Հարցին, թե որն է համալսարանի ամենակարեւոր առանձնահատկությունը, որ դուր է գալիս ուսանողներին, Վահեն պատասխանում է՝ համալսարանի կարգապահությունը, ապա շարունակում խոսքը. «Եթե ուսանողի կողմից սովորելու ցանկություն կա, համալսարանը պատրաստ է ամեն ինչ անել այդ ուսանողին աջակցելու համար»:

 

Միջազգային ասպարեզ

 

Ֆակուլտետի ուսումնական ծրագրերում ընդգրկված են նաեւ այնպիսի նախագծեր, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին միջազգային ասպարեզ դուրս գալ՝ շնորհիվ իրենց տեխնոլոգիական գաղափարի ձեւակերպման: Երկրորդ կուրսեցիներն արդեն ունեն մի հաջողված նախագիծ, որ երկու միջազգային մրցույթի է մասնակցել եւ հաջողություններ գրանցել: Նախագիծը մի դեպքում Microsoft AI Guardians մրցույթի եվրոպական փուլի եզրափակչի հինգ մասնակիցներից մեկն է դարձել, մյուս դեպքում Եվրամիության կողմից անցկացվող Gov 3.0 համաշխարհային մրցույթին զբաղեցրել է երկրորդ տեղը:

 

Նախագիծը վերաբերում է համակարգչային հավելվածի մշակմանը, որը հնարավորություն է տալիս մի քանի մասնագիտական առարկաներ զուգակցել իրար՝ համադրելով կրկնվող բաժինները: Ուսանողներ Արմինե Գեւորգյանը եւ Լիանա Աղամալյանն այս նախագծի հեղինակներից են, երկրորդ կուրսից հինգ հոգով են մշակում հավելվածի գաղափարը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Համակարգչային գիտություն առարկայի շրջանակում հանձնարարություն էինք ստացել 200 միտք գրել, որ կօգնի բարելավել կրթության ոլորտը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում: Մտքերը ֆիլտրելուց հետո ընտրվեց մեր հավելվածի միտքը, ուղարկվեց մրցույթների:

 

Բջջային այդ հավելվածը կոչվում է SMARTY, նպատակն է ինտերակտիվ խաղերի միջոցով ուսանողներին աջակցել քննությունների պատրաստման հարցում»,- պատմում են Արմինեն եւ Լիանան:

 

Փոխշահավետ համագործակցություններ

 

Ուսանողները շատ հաճախ նաեւ հնարավորություն են ունենում ստացած տեսական գիտելիքները կիրառել աշխատանքային միջավայրում: «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը Հայաստանում գործող ծրագրավորման ընկերություններից մեկն է, որ պատրաստվում է փորձաշրջանի եւ մասնագիտական հանդիպումների հնարավորություն տալ ԻԿՄ ուսանողներին՝ փոխշահավետ համագործակցության նպատակով:

 

«ՍոֆթԿոնստրակտ»-ի միջազգային խաղային բիզնես ակադեմիայի տնօրեն Արմեն Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշում է՝ համագործակցություններից բացի, իրենց ընկերությունում միշտ էլ Ֆրանսիականի շատ մեծ թվով շրջանավարտներ են աշխատել:

 

«Մեր համագործակցությունը երկկողմանի շահավետ է. ուսանողները հնարավորություն են ունենում միանգամից աշխատող միջավայրի մեջ կիրառել իրենց գիտելիքները, իսկ մենք լավ պատրաստված կադրեր ենք ունենում: Քանի որ «ՍոֆթԿոնստրակտ»-ը միջազգային ընկերություն է ու աշխատում է տարբեր երկրների հետ, Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների լեզուների իմացությունը մեզ համար շատ կարեւոր է. միջազգային կարիերա ունենալու համար լեզուների իմացությունը պարտադիր է։ Հենց դա է նաեւ ՀՖՀՀ-ի առավելությունը »,- ասում է Արմեն Ղուկասյանը:

 

Շարունակելով համագործակցությունների շարքը՝ դեկան Քրիստինա Սարգսյանը կարեւոր է համարում նշել նաեւ ԵՄ ԹՈՒՄՈ «Կոնվերգենցիայի կենտրոն»-ի հետ համագործակցությունը, քանի որ Ֆրանսիական համալսարանը ծրագրի մասնակից կողմ է ու ԻԿՄ  ֆակուլտետը նախագծի բուհական կրթական ծրագրեր իրականացնող բաղադրիչն է  հանդիսանում  եւ տեղակայվելու է նոր կառուցվելիք մասնաշենքում: Ռեկտորը եւս նշում է այս համագործակցության կարեւորությունը․ «Այս համագործակցությունը փոխշահավետ է, երկու կառույցների ընդհանուր մտահոգություն է Հայաստանում ինֆորմատիկայի զարգացումը»։

 

ԻԿՄ ֆակուլտետը ներկայումս աշխատում է նաեւ մի շարք նախագծերի շուրջ Գիտությունների Ազգային Ակադեմիայի՝ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ:

 

«Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համագործակցությունը նույնպես իր յուրօրինակ ազդեցությունն է թողնում, քանի որ ուսանողները մոտ են գտնվում գիտական միջավայրին: Նրանք կարողանում են օգտվել այստեղի հզոր գրադարանային ֆոնդից ու զգալ վայրի ազդեցիկությունը. չէ՞ որ այն Սերգեյ Մերգելյանի կողմից հիմնադրած գիտահետազոտական կրթօջախ է»,- ամփոփում է դեկանը:

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին