Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) մարտի 10-ին կազմակերպել էր «Մտքի կանայք, գործի կանայք» կլոր սեղան-քննարկումը, որի մասնակիցներն էին ՀՖՀՀ-ի՝ ձեռներեցության մեջ հաջողությունների հասած եւ ղեկավար պաշտոններում աշխատող կին շրջանավարտները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը եւ ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը։
Լուսանկարը` Մեդիամաքս
ՀՖՀՀ-ի շրջանավարտները միջոցառմանը կիսվել են իրենց փորձով եւ խոսել կարեւոր պաշտոններում կանանց հնարավորությունների ու բնորոշ հատկությունների մասին: Մեդիամաքսը ներկա է գտնվել միջոցառմանը, առանձնացրել է քննարկման ուշագրավ մտքերն ու զրուցել շրջանավարտների հետ:
Ֆրանսիական համալսարանում կանանց ներգրավվածությունը շատ մեծ է. այստեղ ուսանողների 70%-ից ավելին իգական սեռի են:
Լուսանկարը` Մեդիամաքս
Համալսարանի կին շրջանավարտներից շատերն են արդեն ներկայիս աշխատաշուկայում բարձր պաշտոններ զբաղեցնում ու տարբերվում հատկապես ֆրանսերենի իմացությամբ: «Մտքի կանայք, գործի կանայք» միջոցառման խոսնակները միաձայն նշում են՝ օտար լեզուների, մասնավորապես՝ ֆրանսերենի իմացությունն իրենց կարիերայում միշտ որպես առավելություն է համարվել:
«Կանայք այսօր ավելի նպատակասլաց են»
Մեկ այլ միտք, որ կարմիր թելի նման եւս հնչում է շրջանավարտների խոսքում, համալսարանի տարիներին ձեւավորված բազմաֆունկցիոնալ մոտեցումն է: Շրջանավարտներից բոլորը միաձայն ասում են՝ Ֆրանսիականում են ձեռք բերել՝ մի քանի գործ միաժամանակ հասցնելու, արագ կողմնորոշվելու եւ սթրեսներին դիմակայելու հմտությունը:
«Շատ հաճախ եմ լսել, որ ասեն՝ Ֆրանսիականի ուսանողները միշտ տարբերվում են»,- մեզ հետ զրույցում ասում է շրջանավարտներից Էլեն Գեղամյանն ու շարունակում խոսքը,- «Ցանկացած աշխատանքային հարցազրույցի ժամանակ, երբ գործատուին ասել եմ՝ Ֆրանսիական համալսարանի ուսանող եմ, նրա հայացքում միանգամից տարբերություն եմ նկատել: Շատերը գիտեն, թե մենք քննական շրջանում ինչքան ծանրաբեռնված ենք աշխատել»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Էլենը բակալավրիատն ավարտել է 2019 թվականին, սովորել է կառավարման ֆակուլտետում, սակայն հենց առաջին կուրսից աշխատել է մարքեթինգի ոլորտում: 22-ամյա Էլենը վեց ամիս առաջ է հիմնել է Scorpio Creative Agency մարքեթինգային գործակալությունը: Չնայած 2020-ի դժվարություններին՝ վստահ էր, որ կարող է թիմ հավաքել ու շուկայում յուրովի ներկայանալ. այս պահին իր թիմում 13 հոգի են, աշխատում են հայկական ավելի քան 30 բրենդի հետ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Էլենը կլոր սեղանի շուրջ կարեւորում է նաեւ անդրադառնալ աշխատաշուկայում կին եւ տղամարդ ղեկավարների տարբերությանն ու կիսվում իր գործակալության փորձով: «Վերջին տարիներին նկատում եմ՝ մեր հասարակությունում կանանց աշխատանքին այլեւս մատների արանքով չեն նայում ու, կարծես, մենք հասնում ենք հավասարության այդ ցանկալի կետին: Ավելին՝ կանայք այսօր ավելի նպատակասլաց են ու միտված կարիերա կառուցելուն: Մեր ընկերությունում, օրինակ, այս պահին 13 աշխատակիցներից բոլորս կանայք ենք. երբ թափուր աշխատատեղի հայտարարություն ենք դնում, դիմողների 90%-ը կանայք են լինում»,- իր ելույթում նշում է Էլենը:
Ինչպես համատեղել ընտանիքն ու աշխատանքը
Միջոցառման հյուրերի շրջանակից հնչում է նաեւ թեմայի ամենասպասված հարցը՝ ինչպես են այս գործարար կանայք համատեղում ընտանիքը եւ աշխատանքը: Շրջանավարտներից 36-ամյա Անի Մանուկյանն իր օրինակն է բերում՝ ունի երկու երեխա եւ աշխատում է FAB group ընկերությունում որպես կոմերցիոն տնօրեն: Աշխատանքն ու ընտանիքը համատեղելու գործում Անիին եւս օգնում է համալսարանից ստացած՝ ամեն ինչ նախօրոք կազմակերպելու հմտությունը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Համալսարանում ստացած կրթությունը Անիի դեպքում ամբողջությամբ համապատասխանում է ներկայիս աշխատանքի բնույթին: ՀՖՀՀ-ում Անին սովորել է վեց տարի, մարքեթինգի ֆակուլտետում ստացել է միջազգային գործարարության մասնագետի որակավորում` առեւտուր (կոմերցիա) մասնագիտությամբ, նաեւ մագիստրոսի աստիճան` միջազգային բիզնես մասնագիտացմամբ:
Լուսանկարը` Մեդիամաքս
«ՀՖՀՀ-ն իմ կյանքում եւ կարիերայում չափազանց մեծ դեր է ունեցել: Համալսարանում ստացած ահռելի մասնագիտական եւ պրակտիկ գիտելիքներն այն մեկնարկային բազան էին, որը նպաստեց ոլորտում իմ կայացմանը։ Լինելով ուսանող` պրակտիկա եմ անցնել հայաստանյան տարբեր ձեռնարկություններում, իսկ համալսարանական պրակտիկայի շրջանակներում ինձ հնարավորություն ընձեռվեց մեկ ամսից ավելի փորձաշրջան անցնել ֆրանսիական ձեռնարկությունում, Նիցցա քաղաքում», - մեզ հետ զրույցում ասում է Անի Մանուկյանը:
Համատեղել «կրունկով կոշիկ եւ տեխնոլոգիա» բառակապակցությունը
Ֆրանսիական համալսարանում մեծ թվով կին ղեկավարներ ունենալու փաստը եւս ոգեշնչել է ուսանողներին կարիերան ավելի վստահ սկսելու գործում: Նարինե Նավասարդյանը հենց այն շրջանավարտներից է, որ մոտիվացվել է համալսարանի կին ղեկավարներով ու աշխատել սկսել է երկրորդ կուրսից: Աշխատանքային կարիերայում Նարինեի առաջին ղեկավարը նույնպես կին է եղել:
Լուսանկարը` Մեդիամաքս
2010-ին կառավարման ֆակուլտետն ավարտած Նարինեն վերջին տարիներին փորձել է նաեւ տեխնոլոգիաների ոլորտում կարծրատիպ փոխել ու համատեղել «կրունկով կոշիկ եւ տեխնոլոգիա» բառակապակցությունը՝ շուկայում հիմնելով Codics ծրագրավորման ընկերությունը: Կլոր սեղանի շուրջ Նարինեն իր խոսքում շեշտը դնում է գործարար կնոջ խնդիրների ու առավելությունների վրա:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Եթե մտածում եք՝ ձեռներեցությամբ զբաղվել, թե ոչ, խորհուրդ եմ տալիս սկսելուց առաջ լավ մտածել, քանի որ այդ որոշումը բացարձակապես փոխում է ձեր կյանքը:
Երբ անհատ ձեռներեց ես, չկա մի պահ, որ դու աշխատանքով չզբաղվես, նույնիսկ եթե աշխատավայրում չես, քո մտքում են թվերը, հաճախորդները, թիմը, ժամանակակից պահանջներին համապատասխանելու կարեւորությունը: Պետք է շատ երկար մտածել՝ արդյոք այդ ամենը քոնն է, իսկ եթե քոնն է, ուրեմն պետք է մինչեւ վերջ գնալ: Այս կամային հատկությունները եւս զարգացրել եմ ՀՖՀՀ-ում կրթության տարիներին»,- ասում է Նարինե Նավասարդյանը:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: