exclusive
1584 դիտում

Մանկական զարգացման կենտրոնները պետք է լիցենզավորվեն


Լուսանկարը` Mychild.refraction.tech

Լուսանկարը` Picbear.online

Լուսանկարը` Picbear.online

Լուսանկարը` Picbear.online


Մասնավոր մանկապարտեզներն ու զարգացման կենտրոնները ընդունված է բավականին հեռանկարային բիզնես համարել: Ըստ որոշ գնահատականների՝ դա է հիմնական պատճառը, որ վերջին շրջանում Հայաստանում ավելանում է մանկական զարգացման կենտրոնների թիվը։ Բայց խնդիրն այն է, որ այդ կենտրոններն առայժմ որեւէ լիցենզավորում չեն անցնում, ուստի փաստացի դուրս են վերահսկողությունից:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ երեխաների համար նախատեսված այս երկու հաստատությունները մեկ ընդհանուր աշխատանքային սկզբունք ունեն, սակայն  գործունեության տեսանկյունից նրանք հիմնովին տարբերվում են: Փորձել ենք պարզել՝ որո՞նք են այդ տարբերությունները, ինչպես է կարգավորվում դաշտը եւ ինչպիսի խնդիրներ կան։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մովսես Մովսիսյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ մանկապարտեզ հիմնելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ լիցենզիա, որը թույլ է տալիս վարել նախադպրոցական ընդհանուր կրթական գործունեություն եւ վարձել հավաստագրված մանկավարժական կազմ:

«Մանկական զարգացման կենտրոնները բացվում են առանց կրթական գործունեության լիցենզիայի: Բավական է կազմել բիզնես-պլան, գրանցել նոր ձեռնարկություն, ընտրել հաստատության տեղը, աշխատակազմը եւ այլն։ Այս դեպքում՝ պետական վերահսկողություն չի իրականացվում, քանի որ այդ կենտրոնները պետք է մեկ կամ երկու ժամով ապահովեն երեխայի ժամանցը»,-ասել է ԿԳՆ ներկայացուցիչը։

Օրենսդրական փոփոխություն է մշակվում

«Սակայն վերջին շրջանում շատ են դեպքերը, երբ մանկապարտեզների անվան տակ զարգացման կենտրոններ են բացվում եւ երեխաներին մեկ-երկու ժամով պահելու փոխարեն, նրանց կրթում, կերակրում, քնեցնում են»,- ասել է Մովսես Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ նախարարության հասած բազմաթիվ բողոքները հիմք են հանդիսացել օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու համար։

Լուսանկարը` Picbear.online


«Մենք զարգացման կենտրոններ այցելելու իրավունք չունենք, եւ երբ խախտումների վերաբերյալ հիմնավոր փաստեր են լինում, ստիպված ենք լինում համապատասխան քայլեր ձեռնարկել՝ դիմելով հարկային մարմնին։ Նախատեսում ենք օրենքով ամրագրել, որ զարգացման կենտրոնը դիտվի որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ»,- ասել է նա։

Մովսես Մովսիսյանը նշել է, որ 2009 թվականին ընդունված լիցենզավորման մասին օրենքում հստակ նշված են բոլոր չափանիշները։

«Մեր կողմից լիցենզիան տրվում է կրթական ծրագիր իրականացնելու համար։ Անկախ գերատեսչական ենթակայությունից եւ կազմակերպա-իրավական ձեւից, լիցենզիան տրվում է իրավաբանական անձին, որը ներկայացնում է օրենքում ամրագրված պայման-պահանջներին համապատասխան բոլոր փաստաթղթերը»,-տեղեկացրել է ԿԳՆ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ օրենսդրական փոփոխությունները մշակման փուլում են, եւ դեռեւս վաղ է ասել` երբ փաթեթը վերջնական պատրաստ կլինի։

Ոլորտի կարգավորման կարիք կա

«Բանալի» ընտանեկան կենտրոնի համահիմնադիր, հոգեբանական գծով տնօրեն Նարինե Իսրայելյանը կարծում է, որ զարգացման կենտրոնների նկատմամբ պետական վերահսկողությունն անհրաժեշտություն է։

«Երեխաների հետ աշխատանք տանող մասնագետները պետք է վերահսկվեն»,-ասում է նա։

Նարինե Իսրայելյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունը պետք է ուղղված լինի դաշտը տեսանելի եւ կանխատեսելի դարձնելուն։

Լուսանկարը` Picbear.online


Ավելի քան երկու տարի գործունեություն ծավալող «Սենդի» մանկական զարգացման կենտրոնի հոգեբան Մարինե Ֆահրադյանն էլ նշել է, որ օրենսդրական փոփոխությունները պետք է «խելամիտ եւ հիմնավորված լինեն»։

«Պայման-պահանջներում ներկայացված որոշ չափորոշիչներ պետք է վերանայել։ Կդժվարանամ կոնկրետ թվարկել, բայց առաջնային եւ ոչ այդքան կարեւոր կետերի հստակ տարանջատում պետք է լինի»,- Մեդիամաքսի հետ զրույցում կարծիք է հայտնել հոգեբանը։

«Բալու» մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն էլ ասել է, որ «կարեւոր է, թե ինչ ֆորմատով է կատարվելու լիցենզավորումը եւ որքանով դա խթանիչ գործիք կդառնա ոլորտի լիարժեք կարգավորման համար»։

Լուսանկարը` Picbear.online


«Գործող հաստատությունների ղեկավարները եւս պետք է պատկերացնեն իրենց անելիքները։ Պետք է հստակ հասկանալ, թե պետությունը եւ հասարակությունը ի՞նչ են ակնկալում նմանատիպ կազմակերպություններից, եւ թե դրանք ինչ առաքելություն ունեն։ Մենք եւս ուզում ենք հասկանալ, թե պետությունը մեր նման կազմակերպություններին ինչպես է վերաբերում»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասել է Արմեն Սարգսյանը։ 

Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am