Հեղափոխությունը, ԵՊԼՀ Ուսխորհրդի լուծարումն ու չմարող կրքերը - Mediamax.am

exclusive
9866 դիտում

Հեղափոխությունը, ԵՊԼՀ Ուսխորհրդի լուծարումն ու չմարող կրքերը


ԵՊԼՀ Ռեստարտ
ԵՊԼՀ Ռեստարտ
Սաթենիկ Հակոբյանը
Սաթենիկ Հակոբյանը
Ռոզա Հակոբյանը եւ ՈՒԽ անդամները
Ռոզա Հակոբյանը եւ ՈՒԽ անդամները
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի՝ ուսանողական խորհրդի (ՈՒԽ) լուծարմանն ուղղված գործողությունները Կրթության եւ գիտության նախարարությունն օրեր առաջ իրավաչափ է համարել: 2018 -ի մայիսի 17-ին ԵՊԼՀ ուսանողներն իրականացրել էին ստորագրահավաք. 3070 ուսանողից 1621-ը ցանկացել էր, որ ՈՒԽ-ը լուծարվի եւ ապաքաղաքականացված նոր կառույց ձեւավորվի: 

ՈՒԽ անդամները եւ նախագահը չեն ընդունում նախարարության որոշումը. ՈՒԽ նախագահի խոսքով՝ համաձայն գործող կանոնադրության՝ ստորագրահավաքը բավարար չէ լուծարելու համար. դատարանի որոշում են պահանջում: Մինչդեռ ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը դեռ նախարարության որոշումից առաջ էր ՈՒԽ-ը լուծարված համարել ու խնդրել՝ ազատել սենյակը: 

«Թշնամական մթնոլորտ» ու մեծ աղմուկ ստեղծած պատմությունը բոլոր կողմերից ներկայացնելու համար Մեդիամաքսը զրուցել է ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնության անդամների, ՈՒԽ նախագահի եւ համալսարանի իրավաբանի հետ: 

 

Ի՞նչ է պատահել. ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնություն

 

Իրավիճակ է փոխվել նաեւ «Բրյուսովում». իշխանափոխության ալիքը ՈՒԽ-ին է հասնում: ԵՊԼՀ ուսանողների կեսից ավելին ցանկանում է փոխել բուհի Ուսանողական խորհուրդը, ասում են՝ այն տարիներ շարունակ քաղաքականացված կառույցի է վերածվել: «Իրավաչափ» համարվող գործողությունները սկսել է ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնությունը, որը ձեւավորվել է Թավշյա հեղափոխության օրերին: Նախաձեռնության անդամներից մեկը՝ 4-րդ կուրսի ուսանող Սաթենիկ Հակոբյանը պատմում է՝ այս ամենը սկսվեց այն օրվանից, երբ նա որոշեց Թավշյա հեղափոխության բրյուսովական մասնակիցներին մի տեղում հավաքել (ֆեյսբուքյան չաթի միջոցով), որ միասին մասնակցեն ցույցերին: 

 

Սաթենիկ Հակոբյանը Սաթենիկ Հակոբյանը

 

 

«ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնությունն ինքնաբերաբար է ձեւավորվել, հետո որոշեցինք վերջ դնել ՈՒԽ գործունությանը եւ կազմավորել նոր ՈՒԽ: Նույնիսկ ՈՒԽ-ի կանոնադրության մեջ է նշված՝ այն ապաքաղաքականացված կառույց է եւ չի կարող ծավալել կուսակցական գործունեություն, բայց մենք փաստերով կարող ենք ապացուցել, որ այդ դրույթը նրանք խախտել են»,-ասում է Սաթենիկ Հակոբյանը:  

 

Ռեստարտ նախաձեռնության անդամներից շատերն են ակտիվ ուսխորհրդականներ  եղել, խնդիրը ներսից են ներկայացնում՝ կառույցը բացահայտ նախկին իշխանություններին է սատարել, ղեկավարներն առաջարկել են դառնալ Հանրապետական կուսակցության անդամ, մասնակցել քարոզարշավերին եւ ձայներ ապահովել: Ուսանողների խոսքով՝ ՈւԽ-ում նույնիսկ հանձնաժողովների կամ ակումբների պատասխանատու նշանակվելու համար նախագահությունը պահանջել է կուսակցական լինել: 

 

Ի՞նչ է պատահել. Ուսանողական խորհուրդ

 

«Մեզ մեղադրում են մի բանի համար, որի հետ ես ու խորհրդի նոր կազմը բացարձակ կապ չունենք»,-ՈՒԽ նախագահ Ռոզա Հակոբյանը կառույցի հետ կապված ամբողջ պատմությունն այս պնդումով է ամփոփում: Երաշխավորում է՝ իր նախագահության ժամանակվանից սկսած կառույցը ոչ մի քաղաքական գործունեություն չի ծավալել. Ռոզայի համար դա սկզբունքային մոտեցում էր: Հարցին՝ նախագահությունից առաջ էլ կուսակցական գործունեություն չի նկատել, քանի որ տարիներ շարունակ ՈՒԽ անդամ է եղել եւ մի քանի այլ պաշտոններ է զբաղեցրել, Ռոզան պատասխանում է՝ ոչ կարող ժխտել, ոչ էլ հաստատել: 

 

Ռոզա Հակոբյանը եւ ՈՒԽ անդամները Ռոզա Հակոբյանը եւ ՈՒԽ անդամները

 

 

«Եթե ուսանողներն ասում են, որ կառույցը քաղաքականացված էր ու, օրինակ, 2013-ին ՈՒԽ-ը ուսանողներին տարել է ՀՀԿ-ի քարոզարշավերին կամ 2014-ին մեծաքանակ դիմումներ են գնացել կուսակցություն եւ այլն, ուրեմն հնարավոր է, որ նման բաներ տեսել են ու եղել է, բայց դա վերաբերում է նախորդ տարիներին: Իմ ղեկավար կազմն ամբողջությամբ նոր ընտրված մարդիկ են, եւ մենք  չպետք է պատասխանատվություն կրենք նախկին ղեկավարների ինչ-ինչ գործողությունների համար. պետք չէ վենդետայի ճանապարհով գնալ: Եթե ապացույցներ կան, որ ես իմ նախագահության ժամանակ քաղաքականացրել եմ կառույցը, խնդրում եմ ներկայացրեք: 

 

Ի դեպ, մեր կողմից արգելք չի եղել, որ ուսանողները մասնակցեն Թավշյա հեղափոխությանը, ուսխորհրդականների 90 %-ը ցույցերին էր մասնակցում»,-ասում է Ռոզան: 

 

Նա ՈՒԽ նախագահ է դարձել 2018-ի հունվարի 25-ին, իսկ 2017-ի սեպտեմբերից եղել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Ռոզան պատմում է, որ նախագահ դառնալուց օրեր առաջ է դադարեցրել Հանրապետական կուսակցության իր անդամակցությունը: Հարցին՝ արդյո՞ք նրան նույնպես ՈՒԽ նախագահությունն է երկրորդ կուրսում առաջարկել անդամակցել ՀՀԿ-ին, Ռոզան պատասխանում է՝ նա պարզապես կիսում էր Հանրապետական կուսակցության հայացքները: 

 

Իրավաչափ գործողություններն ըստ ժամանակագրության 

 

Մայիսի 17-18-ին Ռեստարտ խմբի անդամներն իրականացրել են ստորագրահավաք: 

 

«Ստորագրահավաքը դադարեցրինք, երբ ունեինք բավարար ստորագրություններ (կեսից ավելին), եթե շարունակեինք, հնարավոր է՝ ստորագրություններն ավելի շատ լինեին: Լսարաններ մտնում էինք դասերի ժամանակ ու ներկայացնում էինք տեքստը, թե ինչի տակ պետք է ստորագրեին. շատերն էին մեծ ոգեւորությամբ ստորագրում»,-պատմում է Սաթենիկը:

 

Ստորագրահավաքների մասին ՈՒԽ նախագահն իր տեսակետն է ասում. «Շատ ուսանողներ միայն ՀՀԿ-ին դեմ լինելու համար են ստորագրել, իսկ առաջին օրը տեքստն ընդհանրապես բացակայել է, թե ինչի տակ են ստորագրել, այն հաջորդ օրն է հրապարակվել»,- ասում է Ռոզան ու վստահեցնում՝ եղել են խմբեր, որ մի քանի անգամ են ստորագրել: 

 

ԵՊԼՀ Ռեստարտ ԵՊԼՀ Ռեստարտ

 

 

«Շատ լարված շրջան էր բուհում՝ հատկապես ուսխորհրդականների հանդեպ, նրանց հետեւից «տականք» էին գոռում, փոխնախագահի տետրն էին գողացել, ՈՒԽ-ի դռան վրա փակցրել էին «տրվում է վարձով», պոկել էին «ՈՒԽ» ցուցանակը... Ես մի քանի անգամ գրավոր դիմել եմ ռեկտորին, որ մենք՝ ուսանողներս, իրար թշնամի չենք եւ ակնկալել եմ, որ մեզ մի սեղանի շուրջ կհավաքեն, կքննարկենք, բայց այդպես էլ ընդհանուր հանդիպում չկազմակերպվեց»,-պատմում է Ռոզա Հակոբյանը:  

 

Ռոզան վստահ է, որ Ռեստարտ նախաձեռնությունը ունի նաեւ բուհի ղեկավարության աջակցությունը: Նա պատմում է՝ ստորագրահավաքից հետո ռեկտոր Կարինե Հարությունյանը ՈՒԽ սենյակը ազատելու որոշում էր կայացրել: Որպես ՈՒԽ նախագահ Ռոզան ունի բանալու կրկնօրինակը, ուստի նրանք դեռ մուտք ունեն սենյակ: Ռեստարտ նախաձեռնության անդամները, սակայն, ասում են՝ բուհի ղեկավարության կողմից անմիջական աջակցություն չեն զգացել. «Չեն աջակցում, բայց նաեւ չեն էլ խանգարում»,-ասում են նրանք: Չնայած ուսանողները պարբերաբար հանդիպում են բուհի ղեկավարությանը, քննարկումներ ունենում. ղեկավարությունը նրանց նաեւ համալսարանի նիստերի դահլիճն է տրամադրել՝ պարբերաբար հանդիպումները համար: 

 

Մայիսի 24-ին Ռեստարտ խումբը կազմակերպում է ուսանողական համագումար՝ հրավիրելով բոլոր ֆակուլտետների ներկայացուցիչներին, որի ժամանակ ձեւավորում են ժամանակավոր անցումային խորհուրդ, ընդունում հռչակագիրը եւ որոշում ՈՒԽ-ի լուծարումը: Համագումարի վերաբերյալ Ռոզա Հակոբյանն ասում է, թե խտրականություն է եղել. ուսանողները կամավոր չեն մասնակցել դրան, այլ դեկանատների աշխատողներն են ուսանողներին հատուկ ազատել դասերից, որ դահլիճը «լցնեն»: 

 

Մեդիամաքսը փորձել է կապ հաստատել ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, վերջինս, սակայն, արձակուրդում է: 

 

ԿԳՆ նամակը, հին ու նոր կանոնադրություններն ու իրավաբանը

 

Համագումարից հետո ուսանողները ԿԳՆ-ին ներկայացրել են հռչակագիրը, համագումարի արձանագրությունը, ստորագրահավաքի արդյունքները եւ նոր կանոնադրությունը: Ուսանողներն ասում են՝ ըստ նախարարության իրենց տրամադրած ծանուցման, դիմումին պատասխանելու վերջնաժամկետը հունիսի 26 -ն էր, բայց պատասխան նամակը ԿԳՆ-ը ռեկտորին ուղարկել է օգոստոսի 1-ին: Ռեկտորին ուղղված նամակում նշված է՝ ուսանողների կողմից իրականացված գործողությունները, որոնք բխում են ինքնակառավարման սկզբունքներից եւ ուսանողների մեծ շրջանակի կամարտահայտությունից, համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը, այդ թվում՝ 26.02.2010 հաստատված կանոնադրության պահանջներին եւ իրավաչափ են: 

 

ԿԳՆ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ ՈՒԽ-ի նոր կանոնադրությունը կհաստատվի որոշ խմբագրական աշխատանքներ կատարելուց հետո, որի համաձայն էլ կիրականացվի ԵՊԼՀ-ի ՈՒԽ մարմինների ձեւավորումը: 

 

Ռոզա Հակոբյանը նախարարության նամակից առանձնացնում է մի կարեւոր կետ՝ կանոնադրությունը գործող է, ըստ որի, ստորագրահավաքը հիմք չէ կառույցը լուծարելու համար: «Հակասող փաստեր են գրված նամակում. մեր կանոնադրության մեջ իրավունք ունի փոփոխություններ կատարելու ՈՒԽ նախագահը, նախագահությունը եւ նախաձեռնող խումբը, որը հավաքել է ընդհանուր ժողովի ձայների ոչ պակաս, քան կեսը: Ընդհանուր ժողովը բարձրագույն մարմին է, որտեղ, ըստ համամասնության, յուրաքանչյուր ֆակուլտետից ուսանողներ են ներկայացված: Մենք գումարել ենք ընդհանուր ժողովի նիստ եւ ճնշող մեծամասնությունը չի ուզում, որ կառույցը լուծարվի»,- նկատում է Ռոզա Հակոբյանը: Այսպիսով, կառույցի անդամները չեն համարում, որ ՈՒԽ-ը լուծարվել է եւ միայն դատարանի որոշումից հետո կընդունեն լուծարումը: 

 

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

 

 

ԵՊԼՀ-ի իրավաբանական բաժնի պետ Նարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում մեկնաբանում է՝ չնայած նախարարության նամակում ուղղակիորեն գրված չէ, որ լուծարված է, բայց գրությունից պարզ հասկացվում է՝ ՈՒԽ-ն այլեւս դադարեցրել է իր գործունեությունը: 

 

«Ի՞նչ վերաբերում է ՈՒԽ-ի գործող կանոնադրությանը. ըստ իրավական ակտերի, քանի դեռ չկա հաստատված իրավական նոր ակտը, գործում է նախկինը, բայց դեռ հարց է՝ ինչքանով էր այն իրավաչափ եւ օրինական, չնայած մենք սա չենք քննարկում. մենք քննարկում ենք այսօրվա իրողությունը: Նախկին կանոնադրության մեջ գրված է, որ ընդհանուր ժողովի կողմից է ընտրվում ՈՒԽ-ը, իսկ ընդհանուր ժողովն ի՞նչ է, որեւէ իրավական ակտում դա բացատրված չէ»,-ասում է իրավաբանը:

 

Գալիք ընտրությունները

 

ԵՊԼՀ ուսանողներն արդեն պատրաստվում են սեպտեմբերին ՈՒԽ նոր ընտրություններ կազմակերպել: Ըստ նոր կանոնադրության, նոր ղեկավարը չպետք է հարի որեւէ կուսակցության: «Հարցը կուսակցությունը չէ, շեշտը չդնենք Հանրապետական կուսակցության անդամ լինելու վրա: Հիմա եթե անգամ մեզնից շատերս ենք հեղափոխականներից ու փաստորեն իշխանամետ ենք, դա չի նշանակում, որ հիմա էլ մենք պետք է ներկա իշխանությունների կողմը լինենք»,-ասում են Ռեստարտի ուսանողները: 

 

Ամալի Խաչատրյան 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին