Քննարկվել են հայ-վրացական կրթական համագործակցության նոր ուղիները - Mediamax.am

8879 դիտում

Քննարկվել են հայ-վրացական կրթական համագործակցության նոր ուղիները


Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումը եղել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հանդիպման առանցքում:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի եւ դա է պատճառը, որ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է Վրաստանի իր գործընկերոջ հետ նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ: Նախարարը անդրադարձել է Վրաստանի հայկական դպրոցները՝ հայոց լեզվի եւ գրականության դասագրքերով ապահովելու խնդրին՝ միաժամանակ ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններում յուրաքանչյուր հարց ժամանակի ընթացքում լուծում է ստանում՝ հատկապես, երբ առկա է քաղաքական կամք:

 

Իր հերթին Վրաստանի դեսպանն ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ պատրաստակամություն է հայտնել կրթության ոլորտում բարեփոխումների փորձի փոխանակման եւ մարտահրավերներին համատեղ դիմակայելու առնչությամբ: Դեսպանի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում չկա հարց, որ լուծում չստանա:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առաջիկայում ՀՀ ԿԳ նախարարի Վրաստան կազմակերպվելիք այցին, որի ընթացքում հարեւան երկրների կրթական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն հայ-վրացական կրթական համագործակցության նոր ուղիները եւ առկա խնդիրները:

 

Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ներկա վիճակի՝ մասնավորապես, ուսանողների փոխանակման եւ կրթաթոշակների տրամադրման հնարավորության ընդլայնման, Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության, Վրաստանի հայկական դպրոցների գրադարանները հայերեն լեզվով գեղարվեստական գրականությամբ համալրելու, ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մեթոդաբանության անհրաժեշտության եւ այլ հարցերի վերաբերյալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին