«Այբ»-ը կաջակցի Հայաստանում էկոկրթության զարգացմանը - Mediamax.am

12086 դիտում

«Այբ»-ը կաջակցի Հայաստանում էկոկրթության զարգացմանը


Լուսանկարը` «Այբ»


Երեւան: Մեդիամաքս: Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), «Այբ» դպրոցը եւ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը համատեղ սկսում են «Պատանի ռենջերների ծրագիր» կրթական նախաձեռնությունը, որը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ։

Նախաձեռնության նպատակն է նպաստել բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոկրթության զարգացմանը եւ դպրոցականների ներգրավմանը բնապահպանական միջոցառումներում։ Փորձնական ծրագրի տեւողությունը լինելու է 6 ամիս։

 

«Պատանի ռենջերների ծրագիր»-ը հիմնադրվել է Եվրոպայի պահպանվող տարածքների ֆեդերացիայի՝ EUROPARC-ի կողմից 2002թ.։ Այն ներկայումս միավորում է գրեթե ամբողջ Եվրոպայից ավելի քան 5000 պատանիների, ինչպես նաեւ 80 պահպանվող տարածքներ Եվրոպական միության 19 երկրներում։

 

Ծրագրի շրջանակում «Այբ» դպրոցի աշակերտները կնպաստեն պահպանվող տարածքի էկոտուրիզմի զարգացմանը, պահպանության հզորացմանը, վայրի բնության մշտադիտարկմանը, բնապահպանական տեղեկացվածության ու կրթական մակարդակի բարձրացմանը։

 

Ծրագրի մեկնարկային փուլում արդեն իսկ իրականացվել են տեղեկատվական դասընթաց եւ դաշտային այց «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են պահպանվող տարածքի ձեռքբերումներին, ենթակառուցվածքներին եւ առկա բնապահպանական խնդիրներին։

 

Հայաստանում փորձնական ծրագրի հաջողության դեպքում էկոկրթության այս մոդելը կարող է ներդրվել Հայաստանի բնության հատուկ պահպանվող նաեւ այլ տարածքներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին