16850 դիտում

«Երիտասարդների զարգացում» ծրագիրը կունենա 2100 շահառու


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել 18-30 տարեկան այն երիտասարդներին, որոնք կարիք ունեն մասնագիտական հմտությունների զարգացման:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել Երեւանում եւ մարզերում բնակվող 2100 երիտասարդների (500-ը` Երեւանում, 1600-ը` մարզերում)՝ մինչեւ 2020թ. այդ թիվը հասցնելով 8000-ի:

Ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման եւ ինքնագնահատման հմտություններ, այնուհետ կսովորեն ժամանակի եւ նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային եւ վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտություն: Բացի Երեւանից, վերապատրաստումներ կկազմակերպվեն Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերի երիտասարդների համար:

«Աշխատաշուկան այսօր շատ արագ է փոփոխվում, իսկ կրթության ոլորտն ամենապահպանողական համակարգերից մեկն է, քանի որ փոփոխությունները կապված են մարդկանց վերաբերմունքի փոփոխության հետ: Այս իմաստով կրթության ոլորտի համագործակցությունը գործարար միջավայրի եւ բիզնես կառույցների հետ շատ կարեւոր է, որովհետեւ դրանք են, ի վերջո, հանդիսանում աշխատաշուկան եւ թելադրողն այն պայմանների, որ պետք է բավարարի կրթական համակարգը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Նրա խոսքով՝ ծրագրով շեշտադրումը դրվում է այնպիսի հմտությունների վրա, որոնք պահանջված են այսօրվա աշխատաշուկայում։
ԿԳՆ-ն իր մասնակցությունը կունենա ծրագրի իրականացմանը՝ մարզերում ապահովելով ծրագրի կազմակերպիչների կապը տեղական ուսումնական հաստատությունների հետ, որը թույլ կտա ներգրավել ավելի մեծ թվով շահառուների: Նախարարությունն աշխատանքային տոնավաճառների կազմակերպման ընթացքում կաջակցի տեղական գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ կապի ապահովմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am