ՀՀ բուհերն անդամագրվում են եվրոպական բուհական ընտանիքին - Mediamax.am

12360 դիտում

ՀՀ բուհերն անդամագրվում են եվրոպական բուհական ընտանիքին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի լիարժեք անդամ, ինչը նշանակում է, որ եվրոպական համապատասխան կառույցը ճանաչում եւ նույնականացնում է ՈԱԱԿ-ի կողմից հայաստանյան բուհերի հավատարմագրման գործընթացը:

ՈԱԱԿ-ն անկախ կառույց է, որին կառավարությունը լիազորել է կրթության ոլորտում պետական հավատարմագրում իրականացնել: Կենտրոնի անդամակցությունը ցանցին նպաստելու է, որ հայաստանյան բուհերը դառնան եվրոպական բուհական ընտանիքի անդամ:

 

«Եթե ուսանողը ցանկանում է սովորել որեւէ բուհում կամ հայաստանյան որեւէ բուհ ցանկանում է պայմանագիր կնքել եվրոպական բուհի հետ՝ ուսանողների փոխանակման նպատակով, այդ եվրոպական բուհն առաջին հերթին կնայի, թե արդյոք հայկական բուհը հավատարմագրվա՞ծ է եւ ո՞վ է իրականացրել հավատարմագրումը: Հիմա կտեսնեն, որ հավատարմագրումն իրականացրել է ՈԱԱԿ-ը, որը համարժեք եվրոպական կառույց է: Ուրեմն, մեծանում են հայաստանյան բուհի շանսերը, որ այդ պայմանագիրը կկնքեն եւ ուսանողի կրեդիտները կճանաչվեն համապատասխան բուհում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

 

Այս պահին ՈԱԱԿ-ի հավատարմագիրը ստացել են ՀՀ 18 բուհ՝ 5 մասնավոր եւ 13 պետական: Առայժմ իրականացվել է բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրում, ծրագրայինը դեռ չի սկսվել: Հավատարմագրման համար 10 չափանիշ կա, օրինակ՝ բուհի հայտարարած նպատակների համապատասխանությունն իրականությանը, բյուջեի կառավարում, կրթական ծրագրեր, դասախոսական կազմ, որակի ապահովում եւ այլն:

 

Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանն ասել է, որ այս գործընթացը նպաստում է ուսանողների ներքին շարժունությանը.

 

«Եթե ունենք 2 հավատարմագրված բուհ, ուսանողը կարող է որոշ դասեր վերցնել մի բուհում, որն ավելի մասնագիտացված է, եւ որոշ դասեր վերցնել մեկ այլ բուհում, որտեղ, օրինակ, կա մի հայտնի դասախոս: Սա բուհերին թույլ կտա սովորել միմյանցից եւ գրանցել ավելի մեծ առաջընթաց»:

 

Ռուբեն Թոփչյանն էլ նշել է, որ Հայաստանի ուսանողների տեսական գիտելիքները եվրոպականին համապատասխան ու նույնիսկ բարձր են, սակայն գործնական մակարդակում զիջում են:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին