Դիսիդենտական Հայաստան. Հովիկ Վասիլյան - Mediamax.am

exclusive
6295 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Հովիկ Վասիլյան

Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, «Հանուն Հայրենիքի» ամսագրի խմբագիր

Հովիկ Վասիլյանը
Հովիկ Վասիլյանը
Շիրակ Գյունաշյանը եւ Հովիկ Վասիլյանը
Շիրակ Գյունաշյանը եւ Հովիկ Վասիլյանը
Հովիկ Վասիլյանը
Հովիկ Վասիլյանը
Հովիկ Վասիլյանը
Հովիկ Վասիլյանը
"Հանուն Հայենիքի" ամսագրի երկրորդ համարը լույս տեսավ միայն 1996 թ-ին:
Դիսիդենտական Հայաստան. Հովիկ Վասիլյան
Դիսիդենտական Հայաստան. Հովիկ Վասիլյան

Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, «Հանուն Հայրենիքի» ամսագրի խմբագիր

 

Հովիկ Մարտինի Վասիլյանը (ծածկանունը` Հարություն Բագրատունյանց) ծնվել է 1936թ. փետրվարի 13-ին Իջեւանում: Ծնողները եղել են աշխատավորներ: 1952թ. Վասիլյանն ավարտել է Կոտայքի շրջանի Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Երեւանի հաստոցաշինական տեխնիկում: 1956թ. ավարտելով այն` զորակոչվել է Խորհրդային բանակ եւ 3 տարի ծառայել Ամուրի մարզի Բլագովեշենսկ քաղաքում` Չինաստանի հետ սահմանին: Զինծառայությունն ավարտելուց հետո 1959թ. որպես տեխնոլոգ աշխատանքի է անցել Երեւանի հաստոցաշինական գործարանում: 1960-1963թթ. աշխատել է որպես ինժեներ-նախագծող Մոսկվայի տիեզերական սարքերի կառավարման վահանակների ինստիտուտում: 1963թ. վերադարձել է Երեւան ու աշխատանքի անցել Էլեկտրալամպերի գործարանում որպես նախագծման բյուրոյի պետ եւ գլխավոր մեխանիկ: Այդ ժամանակ էլ սկսել է զբաղվել հայրնասիրական գործունեությամբ:     

 

1965թ. մի շարք համախոհների հետ հիմնել է «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունը, որի նպատակներն էին Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորումը Հայաստանի հետ ԽՍՀՄ Սահմանադրության շրջանակներում, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արեւելյան Հայաստանի հողերի վերադարձը, հայերենը որպես ազգային եւ պետական լեզու պահպանելը: Խմբի ղեկավարներից մեկը Հովիկ Վասիլյանն էր: 

 

1968թ. խմբի անդամներին հաջողվում է ձեռք բերել մի քանի տպագրական հաստոց եւ հիմնել ընդհատակյա տպագրություն: Վասիլյանը դառնում է «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա ամսագրի խմբագիրը, որի առաջին համարը լույս է տեսնում 1968թ. եւ գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղափոխվում է քաղաքից դուրս՝ Աբովյան:

 

Խմբին հաջողվում է տպագրել 343 օրինակ: Բայց երբ ընդհատակյա գործիչները որոշում են ամսագրի տպաքանակը տեղափոխել Երեւան եւ տարածել, 1968թ. հուլիսի 2-ին ձերբակալվում են Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից (ենթադրվում է, որ նրանց մատնել էր մեքենայի վարորդը) եւ ուղեկցվում ՊԱԿ-ի մեկուսարան, որտեղ պահվում են 9 ամիս: Ամսագրի ամբողջ տպաքանակն առգրավվում է:

 

Բոլոր 8 ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվում ՀԽՍՀ ՔՕ 65-1 (հակախորհրդային ագիտացիա եւ քարոզչություն) եւ 67 (մասնակցություն հակախորհրդային կազմակերպությանը) հոդվածներով: Մեղադրանքի հիմնական դրդապառճառը դառնում է Վասիլյանի «Բաց նամակ Քոչինյաններին» (Քոչինյանն այդ ժամանակ Հայաստանի ղեկավարն էր) անվանմամբ հոդվածը, որում ասվում էր, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդին տանում են անխուսափելի մահվան:

 

 Դատավարությունը կայանում է նույն տարվա աշնանը: ՀԽՍՀ Գերագույն դատարանը Վասիլյանին դատապարտում է 6 տարվա ազատազրկման: Կազմակերպության ակտիվիստներից մեկը` Հայկ Իսկանդարյանը, մահանում է ՊԱԿ-ի նկուղում մինչ դատավարության սկիզբը: Մի քանի օր անց բոլոր բանտարկյալները, այդ թվում նաեւ Վասիլյանը, տեղափոխվում են Պարաշեւոյի քաղաքական ճամբար /Մորդովիա/:

 

Հովիկ Վասիլյանը բանտարկության ժամանակահատվածը որակում է որպես «բանտային ակադեմիա»: Ճամբարում նա հարաբերություններ է հաստատում բազմաթիվ քաղբանտարկյալների հետ Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Բելոռուսիայից: Առանձնակի ջերմ էին փոխհարաբերությունները Լատվիայի քաղբանտարկյալների, մասնավորապես, Գունար Աստրայի եւ Յուրիս Ջեմելիսի հետ: Եվ հենց ճամբարում էլ «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստները ծանոթանում են Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) ակտիվիստներ Աշոտ Նավասարդյանի եւ այլոց հետ, որոնք եւս գտնվում էին ազատազրկման մեջ, եւ պայմանավորվում հետագայում շարունակել համագործակցությունը:     

 

Ազատ արձակվելուց հետո՝ 1974-1976թթ. Վասիլյանը գտնվում է իշխանությունների մշտական վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, նրան հաջողվում է կապ հաստատել համախոհների հետ, որոնք նույնպես վերադարձել էին բանտարկությունից, եւ կրկին սկսել քաղաքական գործունեությունը: 1976թ. նա վերադառնում է իր պաշտոնին Էլեկտրալամպերի գործարանում:

 

Կազմակերպության գործունեությունը վերսկսվում է: Խումբը սկսում է համագործակցել ԱՄԿ-ի, մասնավորապես, Ստեփան Զատիկյանի, Հայկազն Խաչատրյանի եւ Շահեն Հարությունյանի հետ:

 

1980-82թթ. Հայաստանում հետապնդումների նոր ալիք է բարձրանում:  Կազմակերպության անդամ Շիրակ Գյունաշյանը կրկին ձերբակալվում եւ դատապարտվում է: Խումբը ստիպված է լինում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը, թեեւ մշտապես տեղի են ունենում հանդիպումներ ու քննարկումներ: 

 

Իր գործունեության մասին կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է 1987թ.աշնանը` արդեն «Հայ Դատ» անվանմամբ: «Հայ Դատ»-ը սկսում է տպագրել համանուն ամսագիրը, որի խմբագիրն է դառնում Վասիլյանը: Այդ ժամանակ կազմակերպության գործունեությանը մասնակցում էր նաեւ Անդրանիկ Մարգարյանը, ով հետագայում դարձավ ՀՀ վարչապետ:

 

1989թ. Վասիլյանի ղեկավարությամբ կազմավորվում է  Բերդաձորի երկրապահների ջոկատը, որը մասնակցում է բազմաթիվ ռազմական գործողություների Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Ջոկատում «Հայ Դատ»-ի ներկայացուցիչը դառնում է Շիրակ Գյունաշյանը:   

 

1991թ. Վասիլյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Ազգային վերածնունդ կուսակցությունը: Նրա ղեկավարությամբ կուսակցությունը կրկին սկսում է «Հանուն Հայրենիքի» ամսագրի տպագրությունը: 1993 թ-ից Վասիլյանը չէր աշխատում: Ունի երկու երեխա:

 

Հովիկ Վասիլյանը բազմաթիվ հոդվածների ու նաեւ բանաստեղծությունների հեղինակ է: Իր «Այբուբենը» հոդվածում նա գրել է. «Եթե ուզում ենք ապրել, այլ ոչ թե գոյություն քարշ տալ մինչեւ անփառունակ վախճան, պիտի ուժ գտնենք թոթափելու դարերի կեղծիքը, վերադառնալու բնական օրինաչափություններին համապատասխան վարքի, այսինքն` մեր էության պաշտպանության: Առաջին հերթին դա մեր նախնիների ճշմարիտ աշխարհընկալման վերականգնումն է, որի ամենակարեւոր բաղադրիչներից է ազգային աշխարհընկալումը»:

 

2011 թ-ին ՀՀ մշակույթի նախարարությունը Հովիկ Վասիլյանին 75-ամյակի կապակցությամբ պատվոգիր է շնորհել հասարակական, քաղաքական եւ հայրենասիրական գործունեության համար:

 

Մահացել է 2012թ. սեպտեմբերի 14-ին Երեւանում:

 

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին