Դիսիդենտական Հայաստան. Խաչիկ Սաֆարյան - Mediamax.am

exclusive
7069 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Խաչիկ Սաֆարյան

Գիտնական, գրող, ազգային շարժման մասնակից, քաղբանտարկյալ

Դիսիդենտական Հայաստան
Դիսիդենտական Հայաստան
Խաչիկ Սաֆարյանը
Խաչիկ Սաֆարյանը
Դիսիդենտական Հայաստան
Դիսիդենտական Հայաստան
Դիսիդենտական Հայաստան
Դիսիդենտական Հայաստան

Գիտնական, գրող, ազգային շարժման մասնակից, քաղբանտարկյալ

Ծնվել է 1932թ. ապրիլի 1-ին Հայաստանի Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում` Սասունից գաղթածների ընտանիքում: Մայրը եւ հայրը բացարձակ անգրաճանաչ են եղել: Մանկությունն ու պատանեկությունն անցել են գյուղում: Առաջին անգամ Երեւան է եկել 1952թ., այդ տարի ընդունվել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության ֆակուլտետ, որն ավարտել է գերազանցությամբ 1957թ.:    

 

1957-1959թթ. աշխատել է որպես քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղի միջնակարգ դպրոցում, միաժամանակ՝ որպես գյուղատնտես նույն գյուղում:

 Խաչիկ Սաֆարյանը:

 

1959-1962թթ. սովորել է գյուղատնտեսական ինստիտուտին կից ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Աշորան որպես հացահատիկային կուլտուրա Թալինի շրջանում» թեմայով: Աշխատել է որպես մեթոդիստ Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում: 1961թ. հանդես է եկել որպես բուսաբուծության դասագրքի հեղինակներից մեկը միջնակարգ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների համար: Հետագայում` նրա ձերբակալությունից անմիջապես հետո, դպրոցներում այդ դասագիրքն արգելվել է:    

 

1962թ. ապրիլին Խաչիկ Սաֆարյանը դարձել է անկախ Հայաստանի կողմնակիցների ջանքերով ստեղծված “Հայ երիտասարդների միություն” ընդհատակյա խմբի հիմնադիրներից եւ առաջատար գործիչներից մեկը: Խաչիկ Սաֆարյանը մասնակցել է խմբի գրեթե բոլոր միջոցառումներին, այդ թվում՝ թերթիկների տարածմանը:

 

Կազմակերպությունը գործում էր, այսպես կոչված, «տասնյակների» սկզբունքով, այսինքն, «տասնյակի» անդամները ճանաչում էին միայն միմյանց եւ իրենց ղեկավարին, իսկ վերջիններս, իրենց հերթին, միայն այլ «տասնյակների» ղեկավարներին եւ իրենց «հարյուրյակի» ղեկավարին, եւ այդպես շարունակ: Կազմակերպությունը միտումնավոր չէր մշակում իր կանոնադրությունն ու գործողությունների ծրագիրը, քանի որ յուրաքանչյուր  «տասնյակ» համախմբված էր առանձին գաղափարի շուրջ: Կային խմբեր, որոնք միավորվել էին զուտ սոցիալական, այլ ոչ թե ազգային խնդիրների լուծման նպատակով:     

 

Մինչդեռ Խաչիկ Սաֆարյանն, ընդհակառակը, ներկայացնում էր կազմակերպության հենց ազգային թեւը: «Խրուշչովյան հալոցքի» ժամանակահատվածում հայ մտավորականության որոշ ներկայացուցիչներ, նրանց թվում նաեւ Խաչիկ Սաֆարյանը՝ մտահոգված համընդհանուր ռուսիֆիկացմանն ուղղված Մոսկվայի քաղաքականությամբ, ինչպես նաեւ վախենալով հայերի հնարավոր ձուլումից, հանդես էին գալիս հայկական ազգային գաղափարի, ազատագրման կոչերով, ինչը խորհրդային իշխանության տարիներին ենթարկվում էր հետապնդումների: Մասնավորապես, արգելվում էր հրապարակայնորեն հիշել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

 

Բացի Ցեղասպանության հարցից, ընդհատակյա խմբի նիստերին, որոնց մասնակցում էր նաեւ Խաչիկ Սաֆարյանը, շատ սուր էին դրվում Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը Հայաստանի հետ վերամիավորելու խնդիրները, որոնք հանձնվել էին Ադրբեջանի վերահսկողությանը: Խմբի անդամները զբաղվում էին արգելված գրականության տարածմամբ, ակտիվ շփվում էին ԱՄՆ-ում եւ այլ երկրներում հայկական սփյուռքի իրենց համախոհների հետ:  

 

 

Այդ տարիներին ՀԵՄ-ը սկսում է աշխարհի տարբեր երկրներում ապրող 1 մլն հայերի ստորագրահավաքը` Հայոց ցեղասպանության մասին հարցը ՄԱԿ-ի օրակարգում ընդգրկելու նպատակով: Այդ ակցիայի նախաձեռնողներից մեկը դառնում է Խաչիկ Սաֆարյանը: Համատեղ ջանքերով կազմված հռչակագրի տեքստը թարգմանվում է մի քանի լեզուներով, այդ թվում` ռուսերեն եւ անգլերեն: Անգլերեն թարգմանության հեղինակը ժամանակին հայտնի թարգմանիչ Գրիգոր Վարդապետն էր: Հետագայում հռչակագրի որոշ հատվածներ օգտագործվեցին Մերձբալթիկայի ընդհատակյա գործիչների կողմից: Խմբի անդամները հռչակագրի տեքստով թերթիկներ էին տարածում ուսանող-սեմինարիստների միջոցով, ովքեր հնարավորություն ունեին մենել արտասահման եւ շփվել արտասահմանում բնակվող հայերի հետ:   

 

Սակայն հայ ընդհատակյա գործիչներին այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե որքան ստորագրություն էր հավաքել: Արշավի ամենաթեժ պահին երկու հայ ուսանողներ բռնվեցին Սոչիում. նրանց մոտ հայտնաբերվեց արգելված գրականություն, այդպիսով, քննչական մարմիններին հաջողվեց դուրս գալ Սաֆարյանի եւ նրա համախոհների կազմակերպության հետքի վրա:    

 

1962թ. դեկտեմբերի վերջին խումբը բացահայտվեց, դրա ամենաակնառու անդամները ձերբակալվեցին: Խմբի մյուս վեց անդամների հետ Խաչիկ Սաֆարյանը ձերբակալվեց 1963թ. դեկտեմբերի 26-ին` հակախորհրդային քարոզչության եւ հակախորհրդային կազմակերպությանը մասնակցության մեղադրանքով (ՀԽՍՀ ՔՕ 65 հոդված, 1 մաս եւ 67 հոդված): ՊԱԿ-ի նախաքննությունը շարունակվեց 8 ամիս, որից հետո 1963թ. սեպտեմբերին ՀԽՍՀ Գերագույն դատարանում տեղի ունեցավ դատավարությունը (այսպես կոչված, «Յոթի գործը»), որում Խաչիկ Սաֆարյանին մեղադրանք ներկայացվեց ՀԽՍՀ ՔՕ 65 եւ 67 հոդվածներով` հակասովետական ընդհատակյա գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ հակապետական բովանդակության գրականություն տարածելու համար:

 

Քննությամբ հաջողվել էր նաեւ ապացուցել, որ խմբի անդամները պատրաստվել են ապրիլի 24-ին Երեւանում կազմակերպել հանրահավաք` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, որ նրանք ցանկացել են Հայաստանի անկախացումը: Նրանցից մեկի (Մերուժան Հովհաննիսյանի) բնակարանի հետախուզության ժամանակ հայտնաբերվում է տպագրական հաստոց, որի օգնությամբ նախատեսվում էր գործարկել պրոֆեսիոնալ տպագրություն ընդհատակյա գրականության հրապարակման նպատակով: Հաջողվել էր նաեւ ապացուցել, որ նրանցից ոմանք կապեր են հաստատել արտասահմանում աշխատող ազգությամբ հայ լրագրողների հետ, ովքեր պետք է կազմակերպեին հռչակագրի տարածումն արտասահմանում: Խմբին փորձում էին վերագրել նաեւ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ Կարինյանի դեմ ահաբեկչության նախապատրաստումը, սակայն ապացույցներ չգտնվեցին, եւ մեղադրանքը հանվեց:       

 

1964թ. օգոստոսի 26-ին խմբի անդամները, որի կազմում բացի Խաչիկ Սաֆարյանից ընդգրկված էին նաեւ բանաստեղծ Վիգեն Բաբայանը (հետագայում՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող եւ հաղորդավար), քիմիկոս Կարապետ Քիրամիջյանը, վարդապետ Գրիգոր-Հովհաննես Եղյանը, աքսորից վերադառնալուց անմիջապես հետո մահացած Խաչատուր Ամիրջանյանը, ինչպես նաեւ գրող եւ բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը դատարանի կողմից դատապարտվում են ազատազրկման (1.5-ից մինչեւ 6 տարով): Հետաքրքիր հանգամանք. գործով վկաների թիվը կազմում էր 259: Խաչիկ Սաֆարյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկման եւ աքսորվում մորդովական քաղաքական ճամբարներ: Սակայն նույնիսկ խմբի ազատազրկումից հետո ընդհատակյա աշխատանքը շարունակվում էր ակտիվ տեմպով, բայց արդեն այլ խմբերում կամ «տասնյակներում», ինչպիսին էր, օրինակ, Աշոտ Նավասարդյանի խումբը:  

 

Գաղութում, որտեղ Խաչիկ Սաֆարյանն աշխատում էր փայտամշակման գործարանում, նա ակտիվ ներկայացնում էր Հայկական հարցի մանրամասները մյուս քաղբանտարկյալներին: Մասնավորապես, բանտարկյալների շրջանում տարածում էր այնպիսի գրականություն, ինչպիսին է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» գրքի ռուսերեն հրատարակությունը եւ լեհ հեղինակ Գեմբարսկու ազատասիրական հոդվածները հայկական թեմատիկայով, ինչպես նաեւ սեփական նյութերը: Խաչիկ Սաֆարյանին հատկապես հաջողվում էր շփումը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Ուկրաինայի քաղբանտարկյալների, ինչպես նաեւ հրեաների հետ: 1965թ. ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) Խաչիկ Սաֆարյանի եւ իր համախոհների ջանքերի շնորհիվ հաջողվում է ամբողջությամբ նվիրել Հայաստանի պատմության խնդիրներին:  

 

 

1967թ. դեկտեմբերի 26-ին վերադառնալով Հայաստան` Սաֆարյանը մեկ տարի շարունակ մնում է առանց աշխատանքի, ենթարկվում հետապնդումների եւ ճնշումների, մերժում ստանում բազմաթիվ վայրերում, այդ թվում՝ Թալինի շրջանի գյուղական միջնակարգ դպրոցում աշխատանքի տեղավորվելու հարցում: Հետագայում ընկերների միջնորդությամբ եւ ակտիվ աջակցությամբ նրան հաջողվում է որպես գիտաշխատող աշխատանքի անցնել Էջմիածնի այգեգործության եւ բանջարաբուծության ԳՀԻ-ում, որտեղ աշխատում է մինչ 1990թ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրվելը:

1990-1995թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-1999թթ.` Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1999 թ-ից սկսած` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի փորձագետ: 2000թ. փետրվարին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա գյուղատնտեսության ասպարեզում:

 

Մահացել է 2001թ. Երեւանում:   

 

Գրականություն.

 

1. «Բուսաբուծություն», դասագիրք միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանների աշակերտների համար, Երեւան, 1961թ.

2. «Այգիները լեռներում», դասագիրք միջնակարգ դպրոցների միջին դասարանների աշակերտների համար, Երեւան, 1969թ.

3. «Թռչունները մեր ընկերներն են», Երեւան, 1970թ.

4. «Մրգաբանջարաբուծություն բոլորի համար», Երեւան, 1991թ.

5. «Խաղողագործություն բոլորի համար», Երեւան, 1992թ.

6. «Իմ աքսորի աշխարհը», բանաստեղծությունների ժողովածու` մասամբ գրված աքսորի ընթացքում, Երեւան,1993թ.

7. «Ստեղծագործությունների ժողովածու Կոմիտասի աշակերտների մասին», երկու հատորով, Երեւան, 1996թ.

8. «Կոմիտաս», հայ խոշորագույն դասական կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի եւ ստեղծագործության մասին (Ս. Սողոմոնյան), Երեւան, 1997թ.

 

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին