Մերուժան. Վերադարձա «մահվան հովտից» եւ ընդմիշտ այլախոհ մնացի - Mediamax.am

exclusive
8139 դիտում

Մերուժան. Վերադարձա «մահվան հովտից» եւ ընդմիշտ այլախոհ մնացի


Մերուժանը
Մերուժանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերուժանը
Մերուժանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերուժանը
Մերուժանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերուժանը
Մերուժանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերուժանը
Մերուժանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Ալավերդյանը զրուցում է Մերուժանի հետ
Դավիթ Ալավերդյանը զրուցում է Մերուժանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերուժանը
Մերուժանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2020 թվականի օգոստոսին լրացավ գրող, բանաստեղծ, այլախոհ եւ նախկին քաղբանտարկյալ Մերուժանի (Մերուժան Հովհաննիսյան) 80-ամյակը։ Հակախորհրդային գործունեության համար Մերուժանը դատապարտվել էր ընդհանուր առմամբ 22 տարվա ազատազրկման, կալանավայրերում անցկացրել է 15 տարի, որի զգալի մասը՝ Վլադիմիրի եւ Նորիլսկի գաղութներում՝ անմարդկային պայմաններում։ Բանաստեղծի հետ զրուցել էինք իր անցած ուղու, շրջապատած մարդկանց եւ կարեւոր այլ հարցերի մասին։

 

- Մերուժան, իմ առջեւ այս պահին Ձեր կենսագրությունն է։ Հպանցիկ հայացք անգամ գցելով դրան՝ պարզ է դառնում, որ այլախոհի, ըմբոստի, քաղկալանավորի կենսագրությունն ի վերուստ էր Ձեզ տրված։ Բավական է հիշատակել, որ Ձեր երկու պապերը սպանվել են Խորհրդային տարիներին իրենց գործունեության համար, իսկ հայրը դեռ մինչեւ Ձեր ծնվելը՝ 1939 թ-ին ազատազրկվել է Էջմիածնի դատախազին ապտակելու համար։ Կարծում եմ, Դուք որեւէ շանս չունեիք ադպիսինը չլինելու։

 

- Ինչպես գիտեք, ես ծնվել եւ մեծացել եմ Էջմիածնում, որը Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքն է։ Մայրս պաշտամունք ուներ իր հոր հանդեպ, որը Օշականի Սուրբ Մեսրոպ եկեղեցու քահանան էր։ 1937թ. պապս ձերբակալվում է, իսկ 8 օր անց՝ գնդակահարվում Երեւանում։

 

Ինձ թվում է, մեր այդ ըմբոստությունը գենի արժեք է։ Այն արյան բնազդով է գալիս կաթի հետ եւ գնում՝ հոգու հետ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ արժանացել եմ այս ճակատագրին։ Չեմ բողոքում, չեմ տրտնջում։ Զնդաններում, բռնության օջախներում տեսել եմ ցավեր, ինչպես եւ բոլոր նրանք, ովքեր եղել են այնտեղ իրենց համոզմունքների, դավանանքի, գաղափարների համար։

 

Այդ տարիների քաղաքական իմ ակտիվությունն առաջացավ Ստալինի մահից հետո, երբ համընդհանուր բռնությունն աստիճանաբար վերածվեց դեմոկրատական բռնության։ Խրուշչովյան ժամանակաշրջանը պայմաններ ստեղծեց, որպեսզի Խորհրդային բոլոր հանրապետություններում, այդ թվում՝ Հայաստանում ազատատենչ մարդիկ հանդես գան իրենց գաղափարներով։ Նրանցից ոմանք նահատակվեցին, ոմանք՝ ձերբակալվեցին, ոմանք էլ հրաժարվեցին պայքարից։

 

- Մինչ այդ փուլին անցնելը պիտի խնդրեմ պատմեք, թե ինչպե՞ս ստացվեց, որ 1958-ին՝ դպրոցն ավարտելուց ընդամենը մեկ տարի անց, Ձեզ ձերբակալեցին տանը զենք պահելու համար։ Ինչո՞ւ հենց Ձեզ, այլ ոչ թե Ձեր հայրիկին կամ այլ որեւէ մեկին։ Դա իսկապե՞ս Ձեր զենքն էր։

 

- Հայրս զինագործ էր, հրաշալի գիտեր զենքը։ Նա հույսեր էր փայփայում, որ մի օր կոմունիստների իշխանությունը կավարտվի, եւ ինքը վրեժխնդիր կլինի նրանց, ովքեր ցավ են պատճառել մեր հայրենակիցներին։

 

1958 թվականին մեր մառանում անակնկալ հրդեհ բռնկվեց։ Մառանը մեր պարտեզի վերջնամասում էր։ Հայրս այնտեղ նաեւ երկու արկղ փամփուշտ էր թաքցրել։ Հրդեհի ժամանակ փամփուշտները սկսեցին պայթել, հարեւանները խուճապահար դուրս ելան իրենց տներից, բայց հասցրեցին միլիցիա զանգել։ Կրակի միջից նաեւ նագան տեսակի ատրճանակ հայտնաբերվեց։ Հայրս շփոթության մեջ էր։ Ես վերցրեցի ատրճանակը ու փախա։ Պարզվեց, որ այդ պահին մեր տունն արդեն շրջապատված էր։ Ես մի պատահական մեքենայով փորձեցի հեռանալ եւ թաքցնել զենքը, սակայն միլիցիայի աշխատակիցները այդ մեքենան կանգնեցրին եւ ձերբակալեցին ինձ։ Բնականաբար, ես չէի կարող մատնել հայրիկիս։ Խոստովանական ցուցմունք գրեցի եւ նշեցի, որ զենքը գտել եմ Էջմիածնի Ներսիսյան լճի ափին. այնտեղ էր գտնվում տանկային գունդը, եւ դրա հարեւանությամբ զենք գտնելն այն տարիներին գրեթե սովորական երեւույթ էր։

Մերուժանը Մերուժանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դատարանն ինձ դատապարտեց 3 տարվա ազատազրկման։ Սակայն մեկ տարի անց՝ 1959-ի սեպտեմբերին համաներում ստացա, չնայած օրենքով այդ հոդվածի համար համաներում չէր նախատեսվում։ Պարզվեց, որ հայրս որոշակի նվիրատվությունների շնորհիվ կարողացել էր հասնել նրան, որ ինձ էլ վաղաժամ ազատեն։ Այո, թող ձեզ համար գաղտնիք չլինի, որ կաշառք այն ժամանակ էլ կար (ծիծաղում է – հեղ.)։ Պատիժը նախ կրում էի Արզնիի գաղութում, ապա ինձ տեղափոխեցին Արխանգելսկ։ Երեք ամիս անց անսպասելիորեն հետ բերեցին Հայաստան, տարան Քաջարանի գաղութ։ Պարզվեց, որ ինձ բերել են ազատելու նպատակով, ինչը շատ մեծ անակնկալ էր ինձ համար։

 

- Ձեր հուշերից գիտեմ նաեւ, որ 50-ականների սկզբին հոգեւոր ճեմարան եք հաճախել, սակայն հոգեւորական չեք դարձել։ Ի՞նչ հիշողություններ ունեք այդ տարիներից։

 

- Հոգեւոր ճեմարանում ունկնդրելու այդ 4-5 տարիներին երջանկություն եմ ունեցել Գեւորգ 6-րդ կաթողիկոսի աջը համբուրելու։ Քանի որ ես հոգեւորական դառնալու համար համապատասխան ձայն չունեի, ճեմարանում մնացի որպես ազատ ունկնդիր։ Իհարկե, իմ անձի ձեւավորման վրա հոգեւոր կրթության ազդեցությունը հսկայական է։

 

- Մերուժան, իսկ ինչպե՞ս եք ծանոթացել Հայ Դատի գաղափարներին, որոնց մասին բազմիցս գրել եք նաեւ ավելի հասուն տարիքում։

 

- Պետք է խոստովանեմ, որ հայրական կողմս՝ հայրս, հորեղբայրս դաշնակցական են եղել։ Այդտեղից էլ գալիս է Հայ Դատի գաղափարների խորը իմացությունը։

 

Հետաքրքիր դրվագ պատմեմ. տարիներ առաջ այժմ արդեն հանգուցյալ Վահան Հովհաննիսյանի հետ խոսելիս՝ ասացի. «Այ տղա՛, մի Վահան Հովհաննիսյան էլ մենք ունեինք տանը»։ Ասաց. «Գիտեմ, քո հորեղբայրն էր»։ Ավելին չխոստովանեց, բայց գիտեմ, որ հորեղբայրս Հայաստանում ՀՅԴ ընդհատակյա գործունեությանը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել։ Հորեղբորս ընկերները եւս նշանավոր մարդիկ էին։ Երբ Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսը ժամանեց Հայաստան Գեւորգ 6-րդի հուղարկավորությանը մասնակցելու, նա իջեւանել էր ոչ թե հյուրանոցում, այլ մեր տանը։

 

Մեր գերդաստանը տարված է եղել դաշնակցական գաղափարներով։ Իմ պորտը կտրել են դաշնակցական ավազանում։ Ես ինքս չեմ ընդունում սոցիալիստական գաղափարախոսությունը, սակայն նաեւ չեմ մերժում նրանց, ովքեր հանուն Հայրենիքի զոհել են իրենց։ Եվ, ի վերջո, երբեք չեմ մոռանում, որ իմ երկրի առաջին հանրապետությունը հիմնել են հենց դաշնակցականները։ Ավելին ասեմ. եղել է ժամանակ, երբ մենք գրեթե ազգովի դաշնակցական ենք եղել։

 

- ԵՊՀ-ում ուսման տարիներին անդամակցեցիք «Հայ երիտասարդաց միություն» ընդհատակյա հակասովետական կազմակերպությանը եւ դարձաք դրա ամենաակտիվ ղեկավարներից մեկը։ Ինչպե՞ս կայացավ Ձեր ծանոթությունը կազմակերպության մյուս անդամների հետ։

 

- Հայ երիտասարդաց միությունը ձեւավորվեց 1962թ. փետրվարին՝ ձմեռային ցուրտ մի օր, երբ մի քանի երիտասարդներով հավաքվեցինք մեր տանը եւ գտանք գաղափարների ընդհանրություն։ Իմ մորաքրոջ որդին՝ Ստեփան Աշոտի Հակոբյանը, որը քիմիական լաբորատորիայի վարիչն էր եւ պատվավոր դասախոս, մի օր եկավ մեր տուն եւ ասաց. «Մերուժան, դու գիտե՞ս, որ համոզմունքներով մեզ հարազատ մարդիկ կան»։ Ասացի՝ ուրեմն հրավիրիր նրանց մեր տուն ծանոթանալու։ Այդ օրն եկան Խաչիկ Սաֆարյանը, Կարապետ Քիրամիջյանը։ Վերջինս մորաքրոջս որդու համակուրսեցին էր, հետագայում՝ քիմիական գիտությունների թեկնածու, այժմ՝ ԱՄՆ քաղաքացի։

 

Եկան Վիգեն Բաբայանը՝ հետագայում «Ամերիկայի ձայնի» հայտնի խմբագիր եւ հաղորդավար, Խաչիկ Ամիրջանյանը, որը Զոովետ ինստիտուտում փիլիսոփայության դասախոս էր (ի դեպ, նա մեր մեջի ամենագրագետ անձնավորությունն էր, ով բնագրից կարդում էր Կանտ եւ Հեգել, գերմաներեն խոսում էր այնպես, որ կարող էին նախանձել գերմանացիները), Գրիգոր վարդապետ (Հովհաննես) Եղյանը, որն այժմ 93 տարեկան է եւ բնակվում է ԱՄՆ-ում (նա անգլերենից թարգմանեց Մորիս Հիլդուսի «Տունը առանց կտուրի» աշխատությունը, որն այդպես էլ ձեռագիր մնաց, քանզի ձերբակալվեցինք եւ չհասցրինք տպագրել), կար նաեւ մանկավարժ Էդուարդ Կակոսյանը, որը մեզ հետ քիչ առնչություն ուներ, բայց եւս ձերբակալվեց որպես խմբի անդամ, եւ գործը ստացավ «Յոթի գործ» անվանումը։

 

- Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ ձերբակալությունը։ Կարծում եք, ձեզ մատնեցի՞ն։

 

- Անպայման։ Ի վերջո, չկա մի խումբ, որի կազմում չլինի հետախուզության գոնե մեկ ներկայացուցիչ։ Այս առիթով Ստալինը նույնիսկ ասում էր. «Որ ընտանիքում երեք հոգի կա, երկուսն իմն են»։ Սակայն բուն պատճառն այլ էր։ Հայաստան սկսեցին հաճախել օտարերկրյա զբոսաշրջիկներ, որոնց մի մասը հայեր էին եւ ՀՅԴ անդամներ։ Նրանց միջոցով մեր գրած ազգայնական տարրեր պարունակող հոդվածներն ուղարկում էինք Փարիզ՝ «Երիտասարդ Դաշնակցություն» թերթի եւ «Նաիրի» ամսագրի խմբագրություն։ Սակայն մի անգամ այդ գործընթացը ձախողվեց, ձերբակալվեցին մի քանի հոգի, որոնցից մեկը՝ Կայծակ Մահտեսյանը Լուգանոյից:

 

Նա հիմա էլ ողջ է եւ Հայաստանում է ապրում։ Եղան խոստովանական ցուցմունքներ, եւ մեզ բացահայտեցին։

Մերուժանը Մերուժանը

Լուսանկարը` Մեդիամաքս

1963թ. դեկտեմբերի 29-ին յոթիս ձերբակալեցին։ Նախաքննության ընթացքում ՊԱԿ-ի քննիչները փորձում էին մեզանից խոստովանություն կորզել նաեւ այնպիսի արարքների համար, որոնք մենք չէինք գործել, բայց շուտով հասկացան, որ դա անիմաստ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք ի սկզբանե խոստովանական ցուցմունքներ էինք տվել, եւ մեզանից այլ բան ակնկալել իմաստ չուներ։ Մեր դատավճռում գրված է, որ բոլորն իրենց մեղավոր են ճանաչել, իսկ Մերուժանը՝ հանցավոր։ Իսկապես, դատարանում ես ասացի, որ հանցանք եմ գործել պետության դեմ, բայց իմ խղճի դեմ մեղք չեմ գործել, ուստի ես ինձ հանցավոր եմ ճանաչում, այլ ոչ թե մեղավոր։ Քրիստոնեական դավանաբանության տեսակետից իմ արարքը մեղք չէր։

 

Դատը կայացավ 1964թ. ամռանը, իսկ սեպտեմբերի 26-ին ես, Վիգենը եւ Խաչիկ Ամիրջանյանը «արժանացանք» 5 տարվա մեկուսացման ուղղիչ-աշխատանքային գաղութում, իսկ մեր մյուս ընկերները ստացան 1,5-ից մինչ 4 տարի պատիժ։ Ես մասնակցել էի ընդհատակյա կազմակերպության գրեթե բոլոր հավաքներին, այդ իսկ պատճառով իմ պատիժն ամենախստերից էր։

 

- Փաստացի Դուք Ստալինի մահից հետո հակասովետական առաջին խումբն էիք Հայաստանից...

 

- Այո, եւ մեզ բոլորիս տարան Մորդովիա, թիվ 7 ճամբար։ Այնտեղ ես անմիջապես աչքի ընկա անհնազանդությամբ, ըմբոստ բնավորությամբ։ Շատերը ներում հայցելու դիմում գրեցին, իսկ ես հրաժարվեցի։ Ճամբարում ինձ չէին սիրում։ 1966թ. ամռան մի օր ինձ տեղեկացրին, որ առավոտյան չգնամ շինաշխատանքի, որովհետեւ ինձ դատելու են։ Զուբովոպոլյանսկի արտագնա դատարանի մի կին դատավոր ժամանեց, ասաց, որ ես բազմաթիվ խախտումներ եմ կատարել աշխատանքիս ընթացքում, եւ վճռեց, որ պատժի մնացած մասը պետք է անցկացնեմ Վլադիմիրի հայտնի բանտում։  

 

Գարեգին Նժդեհի եղերական վախճանից ուղիղ 6 տարի անց ես հայերից առաջինն էի, որ ուղղվեցի Վլադիմիրի բանտ։ Այդ բանտում քրեական հանցագործներ չկային։ Պարզապես օրենսգիրքն էր կոչվում քրեական, եւ մենք բոլորս էլ համարվում էինք  քրեական հանցագործներ։ Վլադիմիրի բանտում ինձ հետ միասին պատիժ էին կրում նշանավոր մի շարք մարդիկ, որոնք եւս ձերբակալվել էին քաղաքական տարբեր արարքների համար, սակայն քրեական հոդվածներով էին դատվել։

 

Մի քանի խոսք Վլադիմիրի բանտի մասին... Եթե դժոխքը հնարավորություն ունենար տեսանելի դառնալու, չէր գերազանցի այդ բանտին։ Ամեն անգամ հիշում եմ Դանթեի այն խոսքերը, որ նվիրված են դժոխքին. «Ով ներս մտնող, կորցրու հույսդ հավիտյան»։ Վլադիմիրի բանտը կատարյալ բանտ էր։ Այն գերազանցում էր կենտրոնական Չեխոսլովակիայի «Մորավիա» բանտին, որի մասին այդքան շատ է գրվել։

 

Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ այդ բանտում ծանոթացա ժամանակի մեծությունների՝ Յուլի Դանիելի, Անդրեյ Սինյավսկու, Վալենտին Սոկոլովի, Անատոլի Մարչենկոյի եւ մյուսների հետ։ Կային նաեւ մարդիկ, ովքեր այդպես էլ անհայտ մնացին հանրությանը։ Օրինակ, Վիկտոր Մասալովը, որին կոչում էին «Ադենաուէր»։ Երբ 1958 թվին Գերմանիայի կանցլեր Ադենաուէրը ժամանել էր ԽՍՀՄ, Մասալովը 500-հոգանոց խումբ էր կազմել, ովքեր, իրենց ճակատին գրելով «Կեցցե Ադենաուէրը», ցույց էին արել Մոսկվայի կենտրոնում՝ նրան ողջունելու համար։

 

- Ճի՞շտ է արդյոք, որ Ձեր պատիժը Դուք կրել եք նույն պատժախցում, ինչ Նժդեհը։

 

- Իր բանտարկության ընթացքում Գարեգին Նժդեհը փոխել է 11 բանտախուց, ես՝ 8։ Ինչո՞ւ էին այդքան հաճախ փոխում բանտախուցը։ Սովորաբար երբ քաղբանտարկյալը միեւնույն խցում միեւնույն անձանց հետ մնում է երկու ամսից ավելին, սկսում է մտածել փախուստի մասին։ Եվ իսկապես՝ նման փորձեր եղել էին։ Այդ պատճառով փախուստը կանխելու համար բանտի ղեկավարությունը բանտարկյալներից շատերի պատժախուցը պարբերաբար փոխում էր։ Փաստացի, այո, ես եղել եմ նույն բանտախցերում, որտեղ եղել էր Նժդեհը։ Հայտնի չէ միայն, թե որ բանտախցում է կնքել մահկանացուն Գարեգին Նժդեհը։ Վլադիմիրի բանտում կալանավորների մահերը սովորական երեւույթ էին։ Երբեք ոչ մի հարազատի չէին հայտնում, թե որտեղ, ինչ պայմաններում է մահացել բանտարկյալը, միայն մեկ բառ՝ մահացել է։

 

- Այն ժամանակ արդեն լսե՞լ էիք Նժդեհի մասին։

 

- Գարեգին Նժդեհը 20-րդ դարի հայ ամենամեծ քաղաքական մտածողն է։ Եթե ինձ իրավունք վերապահվեր որոշելու, ես կասեի. Անդրանիկը հայ ռազմամտածողության հանճարն է, Նժդեհը՝ հայ քաղաքական մտքի հանճարը։ Նժդեհի կյանքը, գործունեությունը եւ ստեղծագործություններն ինձ քաջ ծանոթ էին դեռեւս ուսանողական տարիներից։ Ասեմ ավելին. հայրս գրապաշտ էր։ Մեր ընտանիքում գիրքը սրբություն է եղել։ Եվ Նժդեհի գրքերը՝ այդ թվում։

 

- Որքանո՞վ Դանիելի, Սինյավսկու, մյուս մտավորականների հետ հանդիպումներն ազդեցին Ձեր աշխարհայացքի վրա։

 

- Աշխարհայացքը մի բան է, որ փոփոխության ենթակա չէ։ Այլ հարց է, թե որքանով է ընդարձակվում դիապազոնը, մտահորիզոնը։ Համոզմունքը չի մեռնում...

 

Վլադիմիրի բանտում շատ էին հրեա մտավորականները։ Եվ նրանք գրեթե երբեք չէին հրաժարվում իրենց ազգային պատկանելությունից, գաղափարներից։ Մի անգամ ես մոտեցա Ռաֆալովիչին, ով բանտում հրեական համայնքի ոչ պաշտոնական առաջնորդն էր, եւ կեսկատակ հարցրի. «Ռաֆալովիչ, ինչո՞ւ Նիկիտինը չի ընդունում, որ հրեա է։ Չէ՞ որ բոլորը գիտեն, որ նա հրեա է»։ Իսկ Ռաֆալովիչը պատասխանեց. «Մերուժան, դու էլ ես հրեա, նա էլ։ Պարզապես նա սեմիտ է, իսկ դու՝ համիտ»։ Այսինքն, նրա պատկերացմամբ, ամբողջ աշխարհն է հրեա։

 

Վլադիմիրում էր նաեւ անվանի ֆիզիկոս Վլադիմիր Կրաուկլիսը, որը ֆիզիկայի դպրոցական դասագրքի հեղինակն էր։ Որքան մեծ էր զարմանքս, որ դպրոցն ավարտելուց տարիներ անց հայտնաբերում եմ այդ տարեց մարդուն բանտում։

Մերուժանը Մերուժանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ հետ բանտարկված էր նաեւ օպերային ամենամեծ երգիչներից մեկը՝ Ալեքսանդր Միրլասը, որը կատարում էր ամենաբարդ արիաները։ Եվ պատկերացրեք, երբ Վլադիմիր էր գալիս Դուբրովլագի ղեկավար գնդապետ Գրմովը, նա բանտում առանձին բաղնիք ուներ, որտեղ սիրում էր լոգանք ընդունել։ Եվ ահա այդ ժամանակ նա կանչում էր հռչակավոր տենոր Միրլասին եւ ստիպում երգել իր համար, մինչ ինքը լողանում էր։ Նույնիսկ ֆաշիստները այնպիսի բաներ չէին անում, ինչ կոմունիստները։

 

- Ո՞րն էր անձամբ Ձեզ համար ամենասարսափելին Վլադիմիրի բանտում:

 

- Նամակ չստանալը: Դուք կարող էիք ինձ նամակ գրել փետրվարին, իսկ ես այն ստանայի, ասենք, հոկտեմբերին: Չէին տալիս... Իսկ եթե նամակը հայերեն էր, դա ավելի բարդ պատմություն էր դառնում: Նամակները պարտադիր պետք է կարդային: Բանտի գրաքննիչը հայերեն նամակները հետ էր ուղարկում Հայաստան, այնտեղ դրանք թարգմանում էին ռուսերեն եւ բնօրինակի հետ միասին նորից ուղարկում Վլադիմիր: Դրանից հետո միայն գրաքննիչը որոշում էր՝ այդ նամակը տա՞լ բանտարկյալին, թե ոչ։ Դժվար է պատկերացնել, սակայն դա շատ դաժան պատիժ է. դու ամիսներով ոչ մի լուր չունես քո հարազատներից, ընկերներից, չգիտես նրանց որպիսության մասին, նույնիսկ չգիտես՝ ո՞ղջ են արդյոք: Նվազագույն խախտման՝ թեկուզ աշխատանքի 5 րոպե ուշացումով դուրս գալու համար բանտում զրկում էին նամակ, ծանրոց ստանալու իրավունքից, իսկ տեսակցության մասին երազել էլ պետք չէր: Մյուս ճամբարները, որտեղ պատիժ էին կրում քաղաքական կալանավորները, համեմատաբար տանելի էին: Իսկ Վլադիմիրը ցուցադրական դաժան բանտ էր, ինչպես արդեն ասացի՝ կատարյալ բանտ:

 

- Բարեբախտաբար, նույնիսկ Վլադիմիրի բանտը չկարողացավ Ձեզ կոտրել, եւ 1969թ. հունվարի առաջին օրերին վերադարձաք տուն: Ի՞նչ եղավ հետո: Կա՞ր հսկողություն: Չէի՞ն խանգարում Ձեզ աշխատել, ստեղծագործել:

 

- Անպայման: Վերադարձա հունվարի 3-ին, իսկ հունվարի 6-ին ՊԱԿ-ի թելադրանքով ինձ կանչեցին միլիցիա եւ ստիպեցին մի փաստաթուղթ ստորագրել, որով հրաժարվում էի մասնակցել մասսայական միջոցառումների, գնալ կինո, թատրոն, ակումբներ, հանդիսությունների, հանդիպել զբոսաշրջիկների հետ, ժամը 17-ից հետո լինել օտար որեւէ վայրում, եւ այլն: Մեկ տարի շարունակ շաբաթը մեկ գնում էի միլիցիայի բաժանմունք եւ ստորագրություն տալիս այն մասին, որ տեղում եմ, չեմ բացակայում: Այդ ամենը նման էր տնային կալանքի, գրեթե ոչ մի տարբերություն: Բացի այդ, միլիցիոներները ցանկացած ժամի առանց զգուշացնելու կարող էին ներխուժել իմ բնակարան եւ խուզարկել:

 

Ինձ նաեւ աշխատանքի չտեղավորեցին, մերժեցին: Նույնիսկ շինարարությունում: Վախենում էին, որ կոլեկտիվում հակասովետական քարոզչություն կիրականացնեմ, խումբ կստեղծեմ:

 

Քաղբանտարկյալ ընկերներիս հետ շփվելու հնարավորություն եւս չունեի: Տեսականորեն նրանք կարող էին ինձ տեսակցել, բայց մեր տան մոտակայքում մշտապես անծանոթ մարդիկ էին պտտվում, ենթադրաբար՝ գործակալներ, եւ յուրաքանչյուր նման այց կարող էր ավարտվել հերթական բանտարկությամբ:

 

- Այդ դեպքում ինչո՞վ էիք զբաղվում, ինչպե՞ս վաստակում:

 

- Գրում էի, թարգմանություններ անում... Միայն 1970-ին ամուսնանալուց հետո իմ վրայից հանեցին վարչական վերահսկողությունը եւ թույլ տվեցին աշխատել:

 

- Տարիներ առաջ Մոսկվայի «Մեմորիալի» արխիվներն ուսումնասիրելիս գտա Ձեր կենսագրությունը, որում նշված էր, որ 70-ականներին այլ աշխատանքների հետ մեկտեղ գումարի դիմաց ռեֆերատներ եւ ավարտական աշխատանքներ էիք գրում Էջմիածնի հոգեւոր ճեմարանի ուսանողների համար: Եղե՞լ է նման բան:

 

- Բազմիցս: Տարիներ առաջ նույնիսկ հանդիպել եմ եկեղեցական բարձր դիրք զբաղեցրած մի հոգեւորականի, որի համար ռեֆերատ եմ գրել 70-ականներին: Մեկ այլ եպիսկոպոս էլ ինձ ասում էր. «Մերուժան, երբ եկեղեցի ես գալիս պատարագի, խնդրում եմ, սյուներից մեկի հետեւը կանգնի, որպեսզի քեզ չտեսնենք, թե չէ չենք կարողանում աղոթելիս աչքերիդ մեջ նայել»:

 

Չեմ զղջում դրա համար: Հացի խնդիր կար, պետք է լուծեի, այլ տարբերակներ չունեի:

 

- 1976 թ-ին Ձեզ ինչ-որ հրաշքով հաջողվեց հրատարակել առաջին գիրքը՝ բանաստեղծությունների ժողովածուն: Այսօրվա հեռավորությունից անհնար է թվում, որ Վլադիմիրի բանտն անցած այլախոհին թույլ են տվել գիրք տպագրել Խորհրդային Հայաստանում: Ինչպե՞ս դա ստացվեց:

 

- Այդ հրաշքն անուն ունի՝ Վահագն Դավթյան: Ես Դավթյանի մասին անպայման գիրք պետք է գրեմ: Լինելով թունդ կոմունիստ ու զբաղեցնելով Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը՝ նա գնաց ՊԱԿ ու ասաց, որ երաշխավորում է իմ ժողովածուն: Հենց նա էլ դարձավ գրքի հրատարակիչը: Բազում ստեղծագործական վեճեր ենք ունեցել Վահագնի հետ, բայց ի վերջո եկել համաձայնության:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես ձեզ ասեմ, Դավթյանը ամենագրագետ, ամենահայկական մտածելակերպ ունեցող բանաստեղծն էր: Մեծություն էր... Նաեւ գաղտնիքներ պահել գիտեր. գիրքը տպվելուց երկու ամիս անց միայն պահեստից դուրս բերեց: Ասաց՝ թող ուշ իմանան: Նաեւ խնդրեց գրաքննադատ Սեւակ Արզումանյանին դրական կարծիք գրել «Գրական թերթում»: Դրանից հետո հոդվածներ եղան նաեւ այլ թերթերում, եւ իմ ժողովածուն ընդունվեց: Իսկ երկրորդ գիրքս հրատարակվեց դրանից միայն 16 տարի անց... 

 

- Եկեք առաջ չընկնենք: Մինչ այդ՝ 1983-ի հոկտեմբերին Ձեզ ձերբակալեցին երրորդ անգամ, եւ այս անգամ մեղադրանքն աբսուրդի ժանրից էր: Մեղադրական եզրակացության մեջ գրած է, որ Դուք, կրելով ՊԱԿ գնդապետի համազգեստ, ապօրինի գործունեություն եք իրականացրել: Ինչո՞ւ հենց այսպիսի մեղադրանք: Մի՞ թե Դուք այդ ժամանակ ակտիվ գործունեություն էիք ծավալում:

 

- Այո: Շատ բաներ եմ արել այդ ժամանակ, հակասովետական հոդվածներ էի գրում կեղծանուններով եւ Եկեղեցու միջոցով ուղարկում Արեւմուտք: Չեմ զղջում: Բայց ինձ նման մեղադրանք ներկայացնելն իսկապես զարմանալի էր: Հայաստանի ՊԱԿ-ի այն ժամանակվա ղեկավար Մարիուս Յուզբաշյանը դատախազությանը նույնիսկ նամակ էր գրել, որ դրանով վիրավորանք է հասցվում ՊԱԿ-ի աշխատակցի պատվին. ինչպե՞ս Մերուժանը կարող էր ՊԱԿ-ի գնդապետի համազգեստ կրել, եթե ամբողջ Հայաստանում նման բարձր կոչում ընդամենը մի քանի հոգի ուներ: Ու նաեւ նշված էր գործում, որ ես այդ համազգեստը կրել եմ այն ժամանակ, երբ Երեւան էր ժամանել մարշալ Ուստինովը, եւ ուժային կառույցներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում: Պատկերացնո՞ւմ եք նման բան: Ի դեպ, այս գործով ես որեւէ ցուցմունք չեմ տվել, հրաժարվել եմ։

 

Երբ ինձ դատապարտեցին 14 տարվա անազատության եւ ուղարկեցին Նորիլսկ, այն ճամբար, ուր ժամանակին իր պատիժն էր կրել մարշալ Ռոկոսովսկին, այնտեղ եկան ռուսական ՊԱԿ-ի ներկայացուցիչները եւ հարց տվեցին. «Իսկ ո՞ւր էր նայում Յուզբաշյանը»: Ինքս կարծում եմ, որ իմ ձերբակալումը շահավետ էր Յուզբաշյանի հակառակորդների համար, սա նաեւ իր դեմ էր ուղղված: Ինչ-որ մարդիկ խնդիրներ ունեին նրա հետ, եւ այդ մարդիկ ե՛ւ Երեւանում էին, ե՛ւ Մոսկվայում:

 

- Ի՞նչ եղավ հետո:

 

- Հետո՝ 1986թ. սկզբին ինձ տարան Նորիլսկի շրջանի Կայերկանի ճամբար, որը ստացել է «մահվան հովիտ» անվանումը: Սովորաբար այդ կալանավայր ուղարկում էին նրանց, ով չպետք է վերադառնար, պետք է այնտեղ մահանար: Իսկ նրանք, ովքեր հրաշքով այնտեղ չէին մեռնում, մահանում էին ամիսներ անց առաջացած հիվանդություններից: Նորիլսկում մահն առօրյա երեւույթ էր: Ձմռան ամիսներին ջերմաստիճանն իջնում էր մինչեւ մինուս 56, իսկ ամառ որպես այդպիսին չէր լինում: Այնտեղ մենք զենքի արկղեր էինք պատրաստում: Ես նաեւ ստեղծագործում էի, բանաստեղծություններ էի գրում:

 

- Մերուժան, հայ քաղբանտարկյալների մեծ մասին՝ Հայրիկյանին, Աշոտ Նավասարդյանին, մյուսներին ազատել էին դեռեւս 1988-89 թվերին: Ինչո՞ւ Ձեզ պահեցին մինչեւ 1992 թվականը, երբ Հայաստանն արդեն փաստացի անկախ էր:

 

- Ինձ բաց չէին թողնում, պահում էին: Ինձ թվում է, նրանք մինչեւ վերջ չէին կարողանում կողմնորոշվել՝ ազատել ինձ, թե՞ սպանել: Այդ սպանելն այնտեղ շատ հեշտ էր լինում՝ թունավորում էին: Հետս մի սերբ կար, որի ժամկետը լրացել էր, բայց տուն չէին ուղարկում, պատճառաբանում էին, թե տրանսպորտ չկա: Եվ ահա՝ մեկնելու օրը նա մահացավ՝ թունավորել էին... Ես ազատվեցի միայն 1992-ի հունվարին, իսկ երբ վերադարձա Հայաստան, անմիջապես ստացա արդարացման դատավճիռս՝ հանցակազմի բացակայության պատճառով եւ ՀՀ ՊԱԿ-ի պատրաստած իրավապաշտպանի վկայական, որն ինձ այդպես էլ պետք չեղավ:

 

- Ի՞նչ զգացողություններ ապրեցիք, երբ կարծես ուրիշ երկիր վերադարձաք:

 

- Ուրիշ երկիր չէր, կարծես Սովետական Հայաստանը լիներ, գրեթե բան չէր փոխվել դեռ: Մարդիկ չէին փոխվել: Տարբեր քաղաքական ուժերից, հոսանքներից համագործակցության առաջարկներ ստացա, մինչ օրս էլ ստանում եմ, բայց այդպես էլ որեւէ մեկը չհամալրեցի՝ մնացի ընդմիշտ այլախոհ, գրող, բանաստեղծ: Այլախոհությունը կենսակերպ է. ես շարունակում եմ պահանջատեր մնալ:

 

- Այստեղ ստիպված եմ հակաճառել Ձեզ: Մի՞ թե այն, ինչ այսօր ունենք, դա այն չէ, ինչի համար պայքարում էր «Հայ երիտասարդաց միությունը» 60 տարի առաջ: Արդյո՞ք Ձեր երազանքները չեն իրականացել:

 

- Մասամբ: Ես ինքս ինձ լիակատար երջանիկ կզգամ միայն այն ժամանակ, երբ Արցախը կդառնա Հայաստանի Հանրապետության մի մասը: Չի կարող լինել երկու հայկական պետություն, պետք է լինի մեկ միասնական Հայաստան: Իմ կարծիքով, իրադարձությունների ընթացքն ապացուցեց, որ դեռեւս 30 տարի առաջ Արցախը պետք է հռչակվեր Հայաստանի մի մաս, եւ վերջ:

 

- Ձեզ ճանաչում եմ շուրջ 20 տարի, եւ այդ 20 տարիների ընթացքում շարունակում եք անխնա քննադատել գործող իշխանություններին: Արդյոք դա ինքնանպատակ չէ՞:

 

- Ոչ: Այդ քննադատությունը միշտ առարկայական բնույթ է կրում: Ես հատկապես դեմ եմ, երբ մարդիկ իրենց տեղը չեն զբաղեցնում: Ես ինքս միշտ հրաժարվել եմ պաշտոններից, ասել եմ՝ ախր ինձնից ի՞նչ չինովնիկ: Իսկ հիմա նայեք շուրջբոլորը:

 

Չե Գեւարան մի սիրուն միտք ունի. «Երբ հեղափոխությունը ավարտվում է, հեղափոխականը դառնում է քաղաքացի»: Տղե՛րք, հեղափոխությունն արել-ավարտել եք, ապրե՛ք: Իսկ հիմա տեղներդ զիջեք մասնագետներին, խելացի մարդկանց, պրոֆեսիոնալներին: Հեղափոխությունը պետք է «խժռի» հեղափոխականներին, ինչպես որ Կրոնոսը խժռեց իր զավակներին:

 

Մերուժանի հետ զրուցել է Դավիթ Ալավերդյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին