Իրական սեփականատերերի բացահայտման էլ. հարթակ. 5 հարց եւ պատասխան - Mediamax.am

exclusive
3429 դիտում

Իրական սեփականատերերի բացահայտման էլ. հարթակ. 5 հարց եւ պատասխան


Լուսանկարը` Isai Contreras

Լուսինե Թովմասյանը
Լուսինե Թովմասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների  աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները:

 

Հայաստանը 2017 թվականից պաշտոնապես միացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) ստանդարտին, որի պահանջով սկսած 2020 թվականից անդամակցող երկրների բնական ռեսուրսների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները պետք է հանրային ռեգիստրների միջոցով հրապարակեն իրենց իրական սեփականատերերի անունները։

 

Այս նպատակով ՀՀ կառավարությունն առաջիկայում կգործարկի իրական սեփականատերերի բացահայտման էլեկտրոնային հարթակը: Թեմայի շուրջ Մեդիամաքսը զրուցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանի հետ:

 

1. Ի՞նչ է ենթադրում իրական սեփականատերերի բացահայտման պահանջը

 

ԱՃԹՆ/EITI ստանդարտի պահանջով սեփականատերերի ինքնությունը հավաստելու համար հրապարակվող տեղեկատվությունը բացի նշված անձանց անունից, քաղաքացիությունից եւ բնակության երկրից, պետք է ներառի նաեւ ծննդյան ամսաթիվը, ազգային նույնականացման փաստաթղթի համարը, բնակության հասցեն, քաղաքական ազդեցություն ունենալու հանգամանքը եւ այլն: Այլ խոսքով` պետք է բացահայտվի, թե ովքեր են կանգնած ընկերությունների ետեւում։

 

Հիմք ընդունելով այս պահանջները՝ 2018-ին Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը որոշեց, թե ովքեր են համարվում իրական սեփանակատերեր եւ նրանց վերաբերյալ ինչպիսի տվյալներ պետք է հրապարակային դառնան։ Այնուհետ, 2019-2020-ի ընթացքում իրականացվեցին մի շարք իրավական բարեփոխումներ, որոնց արդյունքում Հայաստանի մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման եւ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություններ ունեցող ընկերությունները 2020թ. փետրվարի 20-ից ներկայացնում են իրենց իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրեր։

 

Հայաստանի Հանրապետությունն իրավաբանական անձանց իրական շահառուների (սեփականատերերի) բացահայտման համակարգ ներդնելու հանձնառություն  է ստանձնել նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի, Բաց կառավարման գործընկերության (OGP) շրջանակներում, նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրական պահանջներով։

 

2. Ի՞նչ խնդիր է այն լուծում

 

Ընկերության անոնիմության վերջը կոռուպցիայի դեմ պայքարի բանալին է։ Բանն այն է, որ օգտակար հանածոներ արդյունահանելու իրավունքներ ստացած ընկերությունների իրական սեփականատերերի ինքնությունը հաճախ անհայտ է լինում, կամ էլ թաքնված անհասկանալի իրավաբանական անձանց շղթայում: Այս խնդիրը ազդում է նաեւ այլ ոլորտների վրա եւ նպաստում է կոռուպցիոն եւ հարկերից խուսափելու ռիսկերի աճին:

Լուսինե Թովմասյանը Լուսինե Թովմասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բնական ռեսուրսներով հարուստ երկրների բնակչությունը առանձնահատուկ է ենթարկվում այս կարգի ռիսկերին, քանի որ արդյունահանվող ակտիվները կոռուպցիոն պատճառներով շատ հաճախ սխալ են օգտագործվում։

 

ԱՃԹՆ-ի ստանդարտը պահանջում է նաեւ, որ պետական պաշտոնյաները, որոնք հայտնի են նաեւ որպես քաղաքական ազդեցություն ունեցող անձինք (ՔԱՈՒԱ), թափանցիկ լինեն արդյունահանող ընկերություններում իրենց սեփականության կամ վերահսկելու իրավունքի հարցում: Թաքնված սեփականությունը խնդրահարույց է նաեւ բարեխիղճ ընկերությունների համար, քանի որ վերջիններս տեղյակ չեն, թե ում հետ են բիզնես գործակցություն ծավալում: Իրական սեփականատերերի հրապարակումը  հավասար պայմաններ կստեղծի բոլոր ընկերությունների համար:

 

Նման տեղեկատվության հրապարակումից հետո իրավապահները, պատկան մարմինները, քաղաքացիական հասարակությունը եւ այլոք մանրազնին կուսումնասիրեն տեղեկատվությունն ու անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկեն պատասխանատվության ենթարկելու այն անձանց, որոնք չարաշահումներ են իրականացնում անանուն ընկերությունների միջոցով։

 

3. Ինչպե՞ս է Հայաստանը բավարարում այս պահանջը

 

Ներկայումս մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն են ներկայացնում իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը եւ իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների փոփոխությունները։ E-register.am կայքէջում հրապարակվում են հայտարարագրերը՝ բացառությամբ անձնական տվյալների։ Տվյալները հասանելի են անվճար՝ առանց պետական տուրքի վճարման:

 

Տվյալների հասանելիության ապահովման նպատակով 2020 թվականի երկրորդ կեսից զուգահեռաբար ընթանում են իրական սեփականատերերի էլեկտրոնային ռեգիստրի ստեղծման աշխատանքները։ Հարթակը ինտեգրվելու է իրավաբանական անձանց պետական ռեգիստրին։ Դրա ստեղծման գործում ՀՀ վարչապետի աշխատակազմին աջակցում է Համաշխարհային բանկը։

 

Ակնկալում ենք 2021թ. տարեսկզբին գործարկել հարթակի՝ հանրության համար հասանելի տարբերակը։

 

4. Որո՞նք են հարթակի գործառույթները

 

Հարթակը հնարավորություն է տալու արդյունահանող ընկերություններին առցանց ներկայացնել իրենց իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, թարմացնել կամ փոփոխել դրանք։ Բացի դրանից, ցանկացած շահագրգիռ անձ անվճար կարողանալու է մուտք գործել հարթակ, ուսումնասիրել ընկերությունների սեփականատերերի ցանկը, ներբեռնել հասանելի տեղեկատվությունը եւ օգտագործել ըստ պահանջի։

 

Հայաստանի թվային դաշտում առկա հնարավորությունների շրջանակում, տվյալների շտեմարանների փոխգործարկելիության միջոցով համակարգը կապահովի նաեւ իրական սեփականատերերի վերաբերյալ որոշ տվյալների արժանահավատության ինքնաշխատ ստուգում։ Համակարգի գործածումը  պետք է մատչելի լինի բոլոր օգտագործողների համար՝ ինչպես առցանց հայտարարագիր ներկայացնողների, այնպես էլ այդ հայտարարագրերի տվյալներն օգտագործողների համար։  

 

Համագործակցում ենք նաեւ OpenOwnership միջազգային ռեգիստրի հետ, որի փորձագետների կողմից տրամադրվող  տեխնիկական խորհրդատվությունը թույլ է տալիս ոչ միայն հաշվի առնել միջազգային լավագույն փորձը, այլ նաեւ գտնել եւ ներմուծել նոր ու առաջադեմ լուծումներ։

 

Ապագայում ակնկալում ենք նաեւ իրական սեփականատերերի ու իրական շահառուների առկա համակարգերի միասնականացում։

 

Հարթակի շահառուներ են հանդիսանում հայտարարագիր ներկայացնող ընկերությունները, իրավապահ եւ պատկան մարմինները, ԶԼՄ-ները, այլ ոլորտների հետաքրքրված ընկերությունները, հնարավոր ներդրողները, քաղաքացիական հասարակությունը, առանձին մարդիկ։

 

5. Ինչպիսի՞ տեղեկատվություն է հասանելի

 

Հանրությանը հասանելի է լինելու ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ հետեւյալ տեղեկատվությունը՝ անձի անունը, քաղաքացիությունը, բնակության երկիրը, իրական սեփականատեր հանդիսանալու հիմքը, ընկերության սեփականության մեջ ունեցած մասնաբաժինը, այդ մասնաբաժնի ուղղակի կամ անուղղակի լինելը, անուղղակի դեպքում՝ սեփականության շղթան, անձի ՔԱՈՒԱ լինելը եւ այդ դեպքում նաեւ՝ անձի պաշտոնը։ Ընդ որում, առկա են լինելու ոչ միայն տվյալ պահին արդի տվյալները, այլեւ տվյալների փոփոխությունների պատմությունը։

 

Ենթադրվում է, որ հարթակը մոտ ապագայում թույլ է տալու հրապարակել ոչ միայն արդյունահանող ճյուղի, այլ ցանկացած այլ ոլորտի՝ հանրային ռեգիստրում գրանցված ընկերության իրական շահառուների վերաբերյալ տեղեկատվություն։

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին