Փոխգործելիության հարթակ եւ E-citizen. 5 հարց եւ պատասխան - Mediamax.am

exclusive
4685 դիտում

Փոխգործելիության հարթակ եւ E-citizen. 5 հարց եւ պատասխան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լեոնիդ Ավետիսյանը
Լեոնիդ Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքս Ավետյանը
Արաքս Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տատյանա Մարգարյանը
Տատյանա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Էվոյանը
Մարիամ Էվոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների  աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները:

 

Այս գործընթացի հիմնաքարային ենթակառուցվածքը կառավարության փոխգործելիության հարթակն է, որի շնորհիվ քաղաքացիների համար եւս հասանելի են դառնում մի շարք էլեկտրոնային տվյալներ եւ ծառայություններ e-citizen կայքի միջոցով:

 

Այս թեմայով Մեդիամաքսը զրուցել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ անձնակազմի հետ՝ ստանալով մանրամասներ հարթակի աշխատանքի եւ արդյունավետության մասին:

 

1. Ի՞նչ է կառավարության փոխգործելիության հարթակը:

 

Լեոնիդ Ավետիսյան, ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի տնօրեն

 

Տարբեր պետական մարմիններում առկա են քաղաքացիների մասին որոշակի տվյալներ: Օրինակ՝ ոստիկանությունը գիտի, թե տվյալ քաղաքացին որտեղ է գրանցված, կադաստրի կոմիտեն գիտի՝ ինչ գույք ունի եւ այլն: Այս տեղեկատվությամբ հանդերձ՝ մարմիններից յուրաքանչյուրը մի «կղզի» է, այսինքն՝ յուրաքանչյուրն ունի սահմանափակ չափով տեղեկատվություն, որի պատճառով աշխատանքային գործընթացներում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ տվյալների համար քաղաքացուց պահանջել մի շարք փաստաթղթեր:

 

Թվայնացման ընդհանուր խնդիրը այս բոլոր մարմինները համախմբելն է մեկ ընդհանուր համակարգի մեջ: Յուրաքանչյուր «կղզու» վրա դրվում է մի կաղապար, որի շնորհիվ բոլորը սկսում են խոսել նույն լեզվով՝ իրական ժամանակում կատարելով տվյալների փոխանակում:

 

Օրինակ՝ երբ քաղաքացին գնում է ՃՈ մեքենա գրանցելու, իրեն այլեւս չեն հարցնում՝ որտեղ է ապրում, իսկ բնակարան վաճառելիս կադաստրի կոմիտեում կապվում են ԴԱՀԿ-ի հետ ու տեղեկանում պարտքի առկայության մասին:

Լեոնիդ Ավետիսյանը Լեոնիդ Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2. Ե՞րբ ստեղծվել հարթակը:

 

Պետական համակարգում փոխգործելիության առաջին փորձերն արվել են 5-6 տարի առաջ, երբ եղել են 2-3 մարմին իրար կապող որոշակի կամուրջներ: Դրա պահանջը գնալով շատանում էր, իսկ հետո գլուխ բարձրացրեց նաեւ բիզնեսը՝ ցանկանալով ունենալ որոշակի տվյալներ հաճախորդների մասին՝ նրանցից տարատեսակ տեղեկանքներ չպահանջելու համար:

 

2016 թվականին կառավարությունը որոշեց գործընթացը կազմակերպել կենտրոնացված՝ փոխգործելիության օպերատոր դարձնելով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն:

 

Հասկանալով, որ առկա ծրագրային լուծումները բավարար չեն, ԵՄ-ի դրամաշնորհի շրջանակում փորձ արվեց ներդնելու եվրոպական հաջողված մոդելներից մեկը՝ էստոնական համակարգը, որը ինչպես հետագայում պարզվեց, ամբողջովին չէր բավարարում մեր պահանջները: Նույն դրամաշնորհի շրջանակում հայ մասնագետների կողմից ստեղծվեց ամբողջովին տեղական համակարգ:

 

Համակարգն արդեն պատրաստ է, իսկ պաշտոնական մեկնարկը կտրվի 2021 թվականին:

 

3. Ովքե՞ր են համակարգի շահառուները:

 

Արաքս Ավետյան, ԷԿԵՆԳ-ի ծրագրերի կառավարման բաժնի պետ

 

Համակարգն ունի 3 տեսակի շահառուներ՝ պետական մարմիններ, տարածքային ինքնակառավարման մարմիններ եւ բիզնես: Ամենամեծ օգտատերերը պետական մարմիններն են, ՏԻՄ-երից համակարգին արդեն իսկ կցված են շուրջ 200-ը, բիզնես ոլորտից միացված են գրեթե բոլոր բանկերը, վարկային կազմակերպություններ, հեռահաղորդակցության օպերատորներ:

 

Բանկերին եւ վարկային կազմակերպություններին համակարգն օգնում է ավելի հեշտ եւ հստակ որոշում կայացնել վարկեր տրամադրելիս, իսկ քաղաքացիներին ազատում մի շարք թղթաբանական գործընթացներից:

 

Նախատեսված է, որ համակարգում պետք է լինեն 24 հիմնական պետական շտեմարաններ, որոնք գտնվում են տարբեր գերատեսչությունների տնօրինման ներքո:

 

Շատ մեծ պահանջարկ ունեցող շտեմարաններից են բնակչության պետական ռեգիստրը, իրավաբանական անձանց ռեգիստրը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանը:  

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից նույնպես վարվում է հատուկ ռեգիստր, որն իրականում շատ կարեւոր է նաեւ առեւտրային կազմակերպությունների, բանկերի համար: Օրինակ՝ գույքի գրավադրման ժամանակ նրանք կարող են տվյալներ ունենալ, թե արդյոք կա՞ կալանք դրա վրա: Բանկերի համար շատ կարեւոր է ունենալ նաեւ հասանելիություն քաղաքացիների եկամտային հարկի եւ կենսաթոշակային վճարումների վերաբերյալ տեղեկատվությանը, որն անհրաժեշտ է ռիսկերի գնահատման համար:

Արաքս Ավետյանը Արաքս Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համակարգին կցվող շտեմարաններն անընդհատ քննարկվել են շահառուների հետ ծրագիրը ղեկավարող հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է տվյալների շտեմարանները տնօրինող կառույցների ղեկավարներից: Ծառայություններն ընտրվել են ըստ անհրաժեշտության եւ պահանջների:

 

Այժմ աշխատում ենք նաեւ մի ծրագրի ուղղությամբ, որով կպարզեցվի Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի անցնելու գործընթացը: Համակարգը հնարավորություն կունենա ամբողջությամբ քաղելու անհրաժեշտ տեղեկատվությունը տարբեր պետական շտեմարաններից՝ առանց գործատուին ու աշխատանքի համար դիմողին քաշքշուկի մեջ ներքաշելու:

 

Ունենք ծրագրեր ստեղծելու այնպիսի հարթակ, որի միջոցով քաղաքացին կկարողանա մեկ պատուհանից ստանալ մի շարք ծառայություններ՝ առանց տարբեր պետական մարմիններից տեղեկանքներ ստանալու:

 

Նպատակը միայն տվյալների փոխանակումը չէ, այլեւ հարթակի միջոցով մի շարք գործընթացների պարզեցումը, արդյունավետության բարձրացումը, օպտիմալացումը, վարչարարության նվազեցումը, ինչպես նաեւ քաղաքացի-պաշտոնյա ուղիղ շփումը պակասեցնելու միջոցով կոռուպցիոն ռիսկերի բացառումը:

 

4. Ինչպե՞ս է պահպանվում անձնական տվյալների անվտանգությունը:

 

Մարիամ Էվոյան, ԷԿԵՆԳ-ի իրավաբանական բաժնի պետ

 

Տվյալների տրամադրման գործընթացը կարգավորում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով եւ կառավարության 2019 թվականի N 1849 որոշմամբ:

 

ԷԿԵՆԳ-ի պաշտոնական կայքում գործընթացը մանրամասն նկարագրված է:

 

Մարմինը, լինի այն պետական, թե իրավաբանական անձ, ներկայացնում է հայտ-պահանջ՝ փոխկապացկվելու X տվյալների շտեմարանին: Հայտի ձեւանմուշը եւս կայքում հասանելի է:  

 

Հայտը ներկայացնելիս դիմողը նշում է այն տվյալները, որոնք անհրաժեշտ են, այն շտեմարանը, որտեղից կատարվում է հարցումը, նաեւ իրավական հիմքերն ու օգտագործման նպատակը: Վերջինն առանձնակի պահանջ է հենց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով:

Մարիամ Էվոյանը Մարիամ Էվոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստանալով նշված հայտը՝ մենք պարտավոր ենք այն ուղարկել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: Հետագայում գործակալությունը կարող է վարույթ հարուցել, կատարել լսումներ, եթե նկատի, որ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից առկա է որեւիցե խնդիր:

 

Ինքներս, երբ տեսնում ենք, որ խնդիրը ակնհայտ է, արդեն իսկ հայտը ուղարկելիս գործակալությանը խնդրում ենք վարույթ հարուցել, ուսումնասիրել իրավական հիմքերն ու նպատակը: Լինում են դեպքեր, երբ գործակալությունը, առաջնորդվելով օրենքով, որոշում է կայացնում պահանջվող տվյալների մի մասը տրամադրել, մյուս մասը՝ ոչ:

 

Մասնավոր ընկերությունների դեպքում հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքացու համաձայնությանը: Անձը պետք է տեղյակ լինի՝ ինչ տվյալներ են իրենց  վերցնելու, ինչ ժամկետով են պահվելու, ինչ նպատակով, ինչպես կարող են ոչնչացվել:

 

Եթե գործակալությունը չի տեսնում որեւէ խնդիր, հայտատուի հետ կնքում ենք պայմանագիր: Իրավաբանական անձանց համար տվյալների տրամադրումը վճարովի ծառայություն է: Գնացուցակը եւս հասանելի է մեր կայքում:

 

Հայտը ստանալուց հետո մենք այն 1-2 օրվա ընթացքում ուղարկում ենք Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որտեղ հայտի ուսումնասիրման գործընթացը հաճախ ավելի երկար է տեւում:

 

Լեոնիդ Ավետիսյան

 

Ունենում ենք բողոքներ գործընթացի երկար լինելու վերաբերյալ, հիմնականում ՏԻՄ-երից, որոնք շաբաթական տասնյակ հայտեր կարող են ուղարկել: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մեր գործընկերներն ունեն սահմանափակ ռեսուրսներ, եւ երբեմն գործընթացը կարող է տեւել մինչեւ 2 ամիս:  

 

Մենք իրավունք ունենք հատուկ դեպքերում տվյալները տրամադրել առանց գործակալության համաձայնության, իսկ հետագայում նրանց կողմից խնդրի մասին ծանուցելու դեպքում՝ անջատել համակարգը տվյալ մարմնի համար: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ օրինակ, մի բանկը դիմել է տվյալների համար ու ստացել հայտի բավարարում, երկրորդ բանկի դեպքում միանման հայտը մեր կողմից բավարարվում է անմիջապես, մինչդեռ ՏԻՄ-երի դեպքում հայտերը շատ տարբեր են լինում եւ այսպես վարվել չենք կարող:

 

5. Ի՞նչ է e-citizen-ը:

 

Տատյանա Մարգարյան, ԷԿԵՆԳ-ի ֆինանսատնտեսական հարցերի գծով տնօրենի տեղակալ

 

Այն, ինչի մասին խոսել ենք մինչ այժմ, քաղաքացիների համար անտեսանելի գործընթացներ են: E-citizen.am հարթակի նպատակը քաղաքացու համար իր անձնական տվյալների ամբողջական հասանելիությունն է մեկ վայրում:

 

Յուրաքանչյուր անձ իր ծննդյան օրից ունենում է E-citizen «գրասենյակ»: Գրանցվելով կայքում՝ քաղաքացին հնարավորություն է ստանում մշտապես հետեւել պետական տվյալների շտեմարաններում առկա իր անձնական տվյալներին եւ դրանց օգտագործմանը, ծանոթանալ պետական մարմինների կողմից հրապարակված ծանուցումներին, բաժանորդագրվել որոշակի իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերվող պաշտոնական ծանուցումների մասին էլ-փոստով տեղեկացման ծառայությանը:

Տատյանա Մարգարյանը Տատյանա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետագայում համակարգին են կցվելու նաեւ մասնավոր ընկերություններում եւ ՏԻՄ-երում առկա տվյալները: Գաղտնիությունը երաշխավորված է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մուտք գործել իր անձնական հաշիվ միայն ID քարտի միջոցով՝ ունենալով այն ընթերցող սարք:

 

Այս պահին քաղաքացին համակարգում կարող է տեսնել իր գրանցման նախկին եւ ներկա հասցեները, հին եւ նոր փաստաթղթերը, իր անունով գրանցված գույքը, տարբեր մարմիններից իրեն ուղղված ծանուցումներն ու դրանց բովանդակությունը: Շարունակաբար նոր տվյալներ են կցվում համակարգին եւ ծառայությունները կատարելագործվում են:

 

Առաջիկայում նախատեսում ենք ունենալ մի գործիք, որը քաղաքացուն կառաջարկի իրեն անհրաժեշտ եւ հասանելի ծառայությունները: Օրինակ՝ երեխայի համար առաջարկվում են հարակից մանկապարտեզները, կամ ծանուցվում է այն մասին, թե հարակից ո՞ր դեղատներում պետպատվերի ո՞ր դեղերն են առկա:

 

Այժմ համակարգին է կցվում նաեւ քաղաքացու եկամտի մասին տեղեկատվություն, որը բավականին տարածված խնդիր է լուծելու: Հաճախ մարդիկ թոշակի անցնելիս սկսում են տարբեր թղթեր հավաքել՝ երբ եւ որտեղ են աշխատել, երբեմն փաստաթղթեր են փորձում կեղծել, կամ կորցրած են լինում որոշ մասը: Համակարգի շնորհիվ քաղաքացին կունենա համապարփակ տեղեկատվություն իր աշխատանքային գործունեության վերաբերյալ՝ որտեղ է աշխատել, ինչքան եկամուտ է ստացել, ինչքան հարկ է վճարել:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին