Պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի ծրագիրը - Mediamax.am

exclusive
3635 դիտում

Պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի ծրագիրը


Լուսանկարը` Isai Contreras


Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների  աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները:

 

Պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի ստեղծման ծրագիրը մեկնարկել է 2019թ. հուլիսին: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ իրականացվելու է պետական եւ համայնքային շուրջ 500 ծառայությունների գույքագրում, յուրաքանչյուր ծառայության մատուցման շրջանակում բիզնես գործընթացների գույքագրում եւ նոր բիզնես պրոցեսների մշակում: Նաեւ ուսումնասիրվելու են համապատասխան ծառայությունների մատուցումը կարգավորող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը:

 

Մեդիամաքսը նոր հարթակի մասին զրուցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանի հետ:

 

1. Ի՞նչ հնարավորություններ է տալիս Պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակը:

 

Ծրագիրը գտնվում է ընթացքի մեջ, որի շրջանակում ներկայում իրականացվում են բիզնես պրոցեսների վերլուծության, միասնական հարթակի կառուցվածքի եւ արտաքին տեսքի նախագծման աշխատանքները:

 

Ակնկալվում է առաջին փուլով թվայնացնել շուրջ 40 հիմնական ծառայություններ եւ ապահովել մեկ միասնական հարթակի միջոցով դրանց մատուցման հնարավորությունը թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար:

 

2. Ինչպե՞ս գրանցվել եւ օգտվել հարթակից:

 

Միասնական հարթակի նախագծումն իրականացվելու է քաղաքացու հարմարավետության տեսանկյունից: Հարթակում գրանցումը իրականացվելու է էլեկտրոնային նույնականացման, բջջային նույնականացման եւ ըստ ծառայության տեսակի` իդենտիֆիկացման այլ գործիքների կիրառմամբ:

 

3. Ովքե՞ր կարող են օգտվել հարթակից:

 

Հարթակից օգտվելու են ՀՀ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքում նաեւ օտար պետությունների քաղաքացիները եւ իրավաբանական անձինք:

 

4. Ի՞նչ նոր գործառույթներ է նախատեսվում ավելացնել հարթակում:

 

Հաշվի առնելով այն, որ բջջային սարքավորումներն ավելի լայն տարածում ունեն՝ հարթակի գործարկման հետ զուգահեռաբար ստեղծվելու է բջջային հավելված, որը հագեցած կլինի հարթակի նույն գործիքակազմով, անձնական գրասենյակի, ծանուցման, ծառայության ստացման նպատակով դիմումների ներկայացման եւ այլ գործառույթների իրականացման հնարավորությամբ:

 

Ավելին, պետական ծառայությունների սպասարկման կենտրոններ այցելելու անհրաժեշտության դեպքում բջջային հավելվածը տեղորոշման համակարգի միջոցով դիմումատուին առաջարկելու է համապատասխան տարբերակներ՝ մոտակայքում տեղակայված գրասենյակների վերաբերյալ: Կայքում ներդրվելու է նաեւ հերթագրման հնարավորություն՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ ծառայությունների մատուցման գրասենյակներ այցելելու նպատակով:

 

Նարինե Դանեղյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին