4 հարց ու պատասխան Իրավական տեղեկատվական համակարգի մասին - Mediamax.am

exclusive
4555 դիտում

4 հարց ու պատասխան Իրավական տեղեկատվական համակարգի մասին


Մհեր Քարամյանը
Մհեր Քարամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մհեր Քարամյանը
Մհեր Քարամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների  աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները:

 

2005 թվականի դեկտեմբերից գործարկված Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը (www.Arlis.am), որի սպասարկումը եւ շահագործումն իրականացնում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը, ապահովում եւ օգտատերերին է ներկայացնում Հայաստանի ամբողջ իրավական ակտերի շտեմարանը, բացարձակապես անվճար՝ պատճենահանելու եւ տպելու հնարավորությամբ:

 

«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ հրատարակչական բաժնի վարիչ Մհեր Քարամյանը Մեդիամաքսին պատմել է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի աշխատանքների ու արդիականացման մասին:

 

1. Ի՞նչ հնարավորություններ է տալիս Arlis.am-ն օգտվողներին:

 

Հայաստանի իրավական տեղեկատվական էլեկտրոնային հարթակն օգտվողներին հնարավորություն է տալիս, բացարձակապես ազատ հասանելիությամբ, որոնել, ձեռքի տակ ունենալ ՀՀ ողջ օրենսդրական բազան, գերատեսչական բոլոր նորմատիվ, իրավական ակտերի տեղեկագրերը, ՄԻԵԴ վճիռները, Վճռաբեկ դատարանի որոշումները, ԵԱՏՄ եւ ՏԻՄ ակտերը։

 

Կայքում ընդգրկված են նաեւ կառավարության եւ վարչապետի անհատական որոշումները, ՀՀ կառավարության նիստի արձանագրությունների քաղվածքները:

 

Համակարգն օգտվողներին որոնման պարզ եւ ընդլայնված տարբերակներ է առաջարկում: Պարզ որոնում կարելի է կատարել ըստ տեքստի, վերնագրի, ակտի համարի, փաստաթղթի տիպի (օրենք, օրենսգիրք, հրաման, որոշում), ըստ ընդունող մարմնի (կառավարություն, վարչապետ, ԱԺ) եւ տարեթվի:

 

Ընդլայնված որոնման ժամանակ կոնկրետ տարեթվին ավելանում են նաեւ ժամանակահատվածները: Այս դեպքում ինֆորմացիան զտվում է, օգտվողը շատ ավելի հեշտ է ստանում իր որոնման արդյունքը: Հնարավորություն է տրվում նաեւ իրավական ակտերը որոնել ըստ բառակապակցության:

 

«Օտարալեզու իրավական ակտերի որոնում» էջը հնարավորություն է տալիս փնտրել իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունները:

 

Կայքի օրենսդրական բազան ամեն շաբաթ՝ յուրաքանչյուր տեղեկագրի հրապարակումից հետո, թարմացվում է` օգտվողին հնարավորություն ընձեռելով հետեւելու իրավական ակտերում կատարվող փոփոխություններին եւ ստանալու իրավական ակտերի վերջնական տարբերակը:

 

Այսպիսով՝ որոնման ցանկացած դեպքում օգտվողները կարող են ստանալ գործող ակտերի թե՛ վերջին տեսքը, թե՛ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկվածները:

 

2. Ի՞նչ է ինկորպորացիան եւ ինչպե՞ս է այն կատարվում:

 

Ինկորպորացիան իրավական ակտ է, որտեղ ներառված են հիմնական փաստաթղթում կատարված փոփոխությունները: Եթե ընդունվել է մայր իրավական ակտ, հետո ընդունվել է դրա փոփոխողը, օգտվողին շատ դժվար է լինում նայել իրավական ակտի սկզբնական տարբերակը, հետո վերցնել փոփոխվածը եւ ինքնուրույն համադրել, թե վերջնական տեսքը ինչ է ստացվում: Այսինքն՝ այն արդյունարարը, որը ստեղծվում է փոփոխվող ակտի կիրառումից հետո կոչվում է ինկորպորացիա:

 

Մենք ստեղծում ենք այդ ինկորպորացիաները եւ մեր օգտվողին տալիս ենք արդեն ինկորպորացված տարբերակները, որոնցից նա ակտիվ հղումների միջոցով անցումներ է կատարում, եւ կարող է տեսնել նախորդ տեսքը:

 

Ցանկացած օրենսգիրք, ակտ բացելիս օգտվողը տվյալ փաստաթղթի վերեւի ձախ հատվածում կարող է գտնել կապեր այլ փաստաթղթերի հետ եւ փոփոխողներ ու ինկորպորացիաներ: Կապերում ներկայացված են այն իրավական ակտերը, որոնք որ տեսականորեն կապ ունեն դրա հետ:

 

Իսկ փոփոխողներ եւ ինկորպորացիաներ բաժնում ներկայացված է, թե որքան փոփոխություն է «վերապրել» օրենսգիրքը եւ ամեն փոփոխության դիմաց ներկայացված է իր համապատասխան ինկորպորացիան:

Մհեր Քարամյանը Մհեր Քարամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրինակ, եթե մարդը տնտեսական կամ իրավաբանական խնդիր ունի, նրան ծանուցել են, որ ենթադրենք, չի վճարել իր հարկերը, եւ ասում են, որ դա եղել է 1 տարի առաջ, եթե անձն ունենա տվյալ օրենքի միայն այսօրվա տեսքը, նա չի կարող հասկանալ, թե 1 տարի առաջ օրենքն ինչ տեսք է ունեցել, հնարավոր է այն այլ տեսք է ունեցել, իսկ նրան ներկայացնում են օրենքի այսօրվա տեսքով: Ինկորպորացիաների միջոցով քաղաքացին կարող է «հետ գնալ», տեսնել, թե ինչ տեսք է ունեցել օրենքը եւ նշել, որ 1 տարի առաջ պահանջները բոլորովին այլ են եղել եւ ինքն ամբողջությամբ համապատասխանել է պահանջներին:

 

3. Ինչպե՞ս է գործում տեղեկագրերի էլեկտրոնային հրատարակությունների բաժանորդագրությունը։  

 

Հայաստանի իրավական տեղեկատվական հարթակից օգտվողը հնարավորությունի ունի պայմանագիր կապել «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ հետ եւ իր էլեկտրոնային հասցեին ստանալ օրենսդրական դաշտում իրեն հետաքրքրող ակտերն ու փոփոխությունները:

 

Օրինակ, եթե քաղաքացուն հետաքրքիր է մաքսային եւ հարկային օրենսգիրքը, մեր իրավաբանները բաժանորդի էլեկտրոնային հասցեով ուղարկում են նախապես սահմանված ոլորտներին վերաբերող նոր իրավական ակտերը կամ փոփոխությունները։

 

www.Arlis.am-ում առաջիկայում սպասվող թարմացումներից հետո այս ամենը եւս ավոտամատացվելու է: Երբ օգտատերը որոնի ինչ-որ իրավական ակտ, դրա հետ կախված բոլոր փոփոխությունները էլ. փոստին ուղարկելու վերաբերյալ նշում անելու հնարավորություն է լինելու։

 

4. Ինչպե՞ս է արդիականացվում համակարգը։

 

Գործարկումից ի վեր www.Arlis.am կայքի գործիքակազմը մի քանի անգամ թարմացվել է: Կայքի վերջին թարմացումը եղել է 4 տարի առաջ: Առաջիկայում նոր թարմացումներ կլինեն, սակայն անկախ ամեն ինչից, մեր գլխավոր պայմանն այն է, որ կայքն իր տեսքով պետք է օգտվողի համար պարզ լինի, ծանրաբեռնված չլինի, որ նոր օգտվողը գործիքակազմը տեսնի իր աչքի առաջ:

 

Կայքում գոյություն ունի նաեւ ուղեցույց, որտեղ շատ պատկերավոր, քայլ առ քայլ նկարագրված է՝ ինչպես օգտվել:

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին