Էլ. տեղեկանք ընտանեկան կարգավիճակի մասին. 4 հարց եւ պատասխան - Mediamax.am

exclusive
10737 դիտում

Էլ. տեղեկանք ընտանեկան կարգավիճակի մասին. 4 հարց եւ պատասխան


Լուսանկարը` Liliya Boldyreva


Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների  աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները:

 

Արդարադատության նախարարությունը` նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, 2020թ. հուլիսին գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է առանց է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք եւ ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով։ 

 

Մեդիամաքսը նոր հարթակի մասին զրուցել է ՔԿԱԳ պետ Անի Մխիթարյանի հետ:

 

1.Ինչպե՞ս օգտվել հարթակից:

 

Հարկավոր է գրանցվել հարթակում, մուտք գործել համակարգ եւ սեղմել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տարբերանշանին ու անձնական տվյալների դաշտում լրացնել պահանջվող տեղեկությունները:

 

Պարտադիր պետք է կցել անձնագրի կամ նույնականացման քարտի գունավոր էլեկտրոնային տարբերակը, ընտրել նախկինում ամուսնության առկայության կամ բացակայության դաշտը, ապա անցնելով հաջորդ էջ՝ նշել, թե տեղեկանքն ինչ լեզվով եք ցանկանում ստանալ՝ հայերեն, հայերեն-անգլերեն թե հայերեն-ռուսերեն:

 

Պետք է նաեւ նշել, թե տեղեկանքը անձա՞մբ եք ցանկանում ստանալ, թե էլեկտրոնային տարբերակով: Հարկավոր է ընտրել այն պետությունը, որտեղ ներկայացնելու եք տեղեկանքը: Ապա՝ պետք է սեղմել հանձնել եւ վճարել կոճակը:

 

Համակարգը մինչեւ վճարման տերմինալին անցնելը, ցույց կտա պետական տուրքի չափերը: Պետական տուրքը կազմում է 1 000 դրամ, իսկ տեղեկանքը ապոստիլով վավերացնելու համար պետք է վճարել 5 000 դրամ: Կառավարության որոշմամբ, սահմանված հավելյալ վճարումների դեպքում առկա են նաեւ ժամկետները կրճատելու հնարավորություններ:

 

2. Ովքե՞ր կարող են օգտվել հարթակից:

 

Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։

 

3. Ո՞րն է հարթակի ստեղծման նպատակը:

 

Հայաստանում տարեկան ընդունվում է շուրջ 10 հազար դիմում՝ ընտանեկան կարգավիճակի տրամադրման համար, եւ այդ դիմումների ընդունումը էլեկտրոնային ձեւաչափով դիմող անձանց հնարավորություն կտա անձամբ կամ լիազորված անձի միջոցով այլեւս չներկայանալ իրավասու մարմին՝ համապատասխան դիմում լրացնելու համար: Տեղեկանքը, վարույթը ավարտելուց հետո, կներկայացվի էլեկտրոնային ձեւաչափով:

 

 

4. Ի՞նչ նոր գործառույթներ է նախատեսվում ավելացնել համակարգում:  

 

ՔԿԱԳ բոլոր գործառույթներն աստիճանաբար տեղափոխվում են թվային դաշտ: Գործակալության բոլոր փաստաթղթերը 2019թ. սեպտեմբերի 1-ից ամբողջովին էլեկտրոնային են:

 

Ներդրման փուլում է էլեկտրոնային ապոստիլ գաղափարը, որը տարածաշրջանում առաջինը կլինի: Դրա շրջանակում քաղաքացիները իրենց փաստաթղթերը վավերացնելու համար ստիպված չեն լինի ներկայանալ արդարադատության նախարարություն:

 

Նարինե Դանեղյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին