Թվայնացումը քաղծառայության համակարգում. 5 հարց եւ պատասխան - Mediamax.am

exclusive
6510 դիտում

Թվայնացումը քաղծառայության համակարգում. 5 հարց եւ պատասխան


Կարինե Գեւորգյանը
Կարինե Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների  աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները։

 

2018 թվականի սեպտեմբերից մեկնարկած Քաղաքացիական ծառայության համակարգի էլեկտրոնային կառավարման միասնական ծրագրի մշակման աշխատանքները մոտենում են ավարտին:

 

Մեդիամաքսը Քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման եւ կատարելագործման վարչության պետ Կարինե Գեւորգյանի հետ զրուցել է  էլեկտրոնային հարթակի առավելությունների եւ ներդրվող գործիքների մասին: 

 

1. Ե՞րբ է նախատեսվում հարթակի գործարկումը:

 

Քաղաքացիական ծառայության համակարգի էլեկտրոնային կառավարման միասնական ծրագրի՝ տեղեկատվական հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի սեպտեմբերի 4-ից: Հարթակի ծրագրային մշակման աշխատանքներն իրականացնում է «Հարմոնիա» հիմնադրամը:

 

2020թ. հունիսին ավարտվել են հարթակի շահագործման հետ կապված վերապատրաստման դասընթացները եւ համապատասխան մարմիններին տրվել են առանձին տիրույթներ՝ գործնական փորձարկում իրականացնելու համար:

 

Հարթակի շահագործումը նախատեսվում է 2020թ. հոկտեմբերի 1-ից:

 

2. Ո՞րն է հարթակի ստեղծման նպատակը:

 

Բարձրացնել հանրային կառավարման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաեւ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը:

 

Իրականացվող գործընթացների վերաբերյալ տեղեկատվության բաց հասանելիությունը հնարավոր կդարձնի դրանցում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը՝ ձեւավորելով վերահսկելի կառավարման համակարգ: Օրինակ՝ կայքէջի միջոցով մրցույթի թեստավորման փուլի ուղիղ հեռարձակումը, վարկանիշային ցուցակների հրապարակումը եւ այլն:

 

3. Ի՞նչպես է հարթակը բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը:

 

Հարթակի գործարկմամբ վերապատրաստումների ամբողջ գործընթացը կդառնա էլեկտրոնային եւ հեշտ կառավարելի:

 

2020 թվականին վերապատրաստման կազմակերպման գործընթացն իրականացվել է թղթային կրիչներով: Քաղծառայողը, ելնելով կատարողականի արդյունքներից, կատարում է իր վերապատրաստման կարիքների գնահատում՝ լրացնելով համապատասխան թերթիկը: Նույնը կատարում է նաեւ տվյալ աշխատակցի անմիջական ղեկավարը: Ստացված տվյալները համեմատվում են, անհրաժեշտության դեպքում հրավիրվում է քննարկում:

 

Էլեկտրոնային հարթակում առկա գնահատման թերթիկի ձեւաչափը ստեղծում է այս շղթայաձեւ աշխատանքի արագ եւ արդյունավետ կատարման հնարավորություն:  Ամբողջ տեղեկատվությունն արխիվացվում է եւ դառնում հեշտ որոնելի, հնարավոր դարձնում վերապատրաստումների վերաբերյալ լայնածավալ վերլուծությունների իրականացումը:

 

Այժմ անձնական գործերի վարումը թղթերի մի ամբողջ կույտ է, որից չափազանց բարդ է տարանջատել անհրաժեշտ տեղեկատվությունը: Մեկ անձնական գործում կցված են տվյալ ծառայողի կիսամյակային հաշվետվությունները, կենսագրությունը, աշխատանքային գործունեության պատմությունը:

 

Երբ այս ամբողջ տեղեկատվությունը դարձնում ենք էլեկտրոնային, հնարավոր է դառնում անձնական գործի փոխանցումը համապատասխան մարմին, հեշտանում է անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, առավել արդյունավետ է դառնում անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատանքը:

 

Աշխատակիցը նաեւ կստանա հնարավորություն իրեն տրված գաղտնաբառով ցանկացած պահի տեսնել իր անձնական գործում տեղի ունեցած փոփոխությունները, աշխատավարձի տարեկան կտրվածքով աճի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Անձնական գործերի էլեկտրոնային վարումը նաեւ հնարավորություն է ստեղծում ստանալու ծավալուն վիճակագրական տվյալներ տարիքային, սեռային բաշխվածության, ազատումների պատճառների, թափուր հաստիքների եւ դրանց համալրման վերաբերյալ:

 

4. Ինչպե՞ս է փոխվում մրցույթների անցկացման կարգը:

 

Հարթակի գործարկումից հետո թափուր պաշտոնների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն գրասենյակի կայքէջում, որտեղ քաղաքացին կկարողանա տեսնել համապատասխան մարմինների կողմից հայտարարված մրցույթների ամբողջական ցանկը:

 

Բացի այդ, քաղաքացին կկարողանա բաժանորդագրվել՝ իր համար ցանկալի մարմնի, պաշտոնների խմբի կամ բոլոր մրցույթների հայտարարությունները տեսնելու համար:

 

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային եղանակով ցանկացած ժամի եւ ցանկացած վայրից՝ խնայելով քաղաքացիների ժամանակն ու միջոցները:

Կարինե Գեւորգյանը Կարինե Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փաստաթղթերը ներկայացնելուց հետո քաղաքացին կստանա հսկիչ համար, որի միջոցով կկարողանա հետեւել դիմումի ընթացքին: Մրցույթի մասնակցության  վերաբերյալ որոշումը համակարգն ինքնաշխատ կուղարկի քաղաքացու էլեկտրոնային հասցեին:

 

Մրցույթի մասնակիցը, մինչեւ թեստի ձեւավորումը, պետք է համակարգիչ մուտքագրի այն գաղտնաբառը, որը նրան տրվել է համակարգի կողմից փաստաթղթերը հանձնելիս:  Թեստը ձեւավորվում է  համակարգի կողմից՝ ինքնաշխատ եղանակով, ընդ որում՝ բոլոր մասնակիցների համար այն նույնն է՝ թեստային առաջադրանքների փոփոխված հաջորդականությամբ:

 

Թեստի ավարտից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կստուգի թեստային առաջադրանքները եւ ստացված տվյալները կարտացոլի էկրանին:

 

5. Ի՞նչ այլ հնարավորություններ է ընձեռում հարթակը:

 

Էլեկտրոնային համակարգը քաղաքացիների համար կապահովի հեշտ որոնման հնարավորություն, օրինակ՝ ըստ մասնագիտությունների, վարչատարածքային միավորների, պաշտոնների խմբերի, վարձատրության չափի եւ այլն:

 

Անձնական գործերի հատվածում կտեղադրվի աշխատանքային ստաժի հաշվիչ՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատանքը հեշտացնելու համար:

 

Կայքում կգործի նաեւ տեղեկատվական հարթակի քարտեզ, ինչպես նաեւ դրա կիրառման ուղեցույց:

 

Քաղաքացիները կկարողանան նաեւ ներկայացնել իրենց բողոքներն ու առաջարկությունները:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին