5 հարց ու պատասխան էլեկտրոնային արդարադատության համակարգի մասին - Mediamax.am

exclusive
3797 դիտում

5 հարց ու պատասխան էլեկտրոնային արդարադատության համակարգի մասին


Սուրեն Քրմոյանը
Սուրեն Քրմոյանը
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերից մեկը
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերից մեկը

Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները։

 

Դատաիրավական բարեփոխումների շարքում իրականացվում է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ներդնելու ծրագիրը, որի միջոցով առաջիկա տարիներին նախատեսվում է թվայնացնել քրեական, վարչական ու քաղաքացիական մինչդատական եւ դատական ամբողջ գործընթացները։

 

«Թվայնացում» խորագիրը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանի հետ ներկայացնում է 5 հարց եւ պատասխան էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակման, նպատակների եւ ներդրման աշխատանքների մասին:

 

1. Ի՞նչ նպատակով է նախաձեռնվել էլ. արդարադատության միասնական համակարգի ստեղծումը:

 

Արդարադատության ոլորտի թվայնացումը կառավարության կողմից արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու երկրի թվային օրակարգի առանցքային մասն է։ Տարբեր երկրներում իրականացված հետազոտությունները փաստում են, որ էլեկտրոնային կառավարման գործիքները էապես բարձրացնում են արդարադատության ոլորտի մարմինների արդյունավետությունը, թույլ են տալիս նորարարական եղանակով լուծել արդարադատության համակարգի առջեւ ծառացած խնդիրները։ 

 

Էլեկտրոնային միասնական համակարգի ներդրումը նպատակ ունի նաեւ ապահովել արդարադատության առավել մատչելիությունը, իրավական ինստիտուցիոնալ հենքի արդիականացումը, պարզեցնել վարչարարությունը, ապահովել քաղաքացիակենտրոն, որակյալ, հասանելի եւ մատչելի ծառայությունների մոդելի ներդրումը՝ անձանց հնարավորություն տալով ներկայացնել իրենց խնդիրներն ու պահանջները արդարադատության ոլորտի ինստիտուտներին:

 

2. Ո՞վ է զբաղվում համակարգի մշակմամբ եւ աշխատանքներով:

 

Այս ոլորտում իրականացվող քաղաքականության եւ ծրագրերի ներդաշնակեցումը ապահովելու նպատակով ստեղծվել է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով:

 

Այն ղեկավարում է թվայնացման, նորագույն տեխնոլոգիաների եւ նորարարության ներդրման եւ մի շարք այլ ոլորտների աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Հանձնաժողովը ծառայելու է որպես հարթակ, որտեղ քննարկվում եւ լուծվում են արդարադատության ոլորտի թվայնացման հետ կապված հարցերը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերից մեկը Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերից մեկը

 

Հանձնաժողովի համակարգմամբ իրականացվելու են առկա խնդիրների համապարփակ լուծումների մշակման, անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մշակման եւ համաձայնեցման, էլեկտրոնային գործիքակազմի մշակման եւ ներդրման, արդարադատության ոլորտում ծառայությունների մատուցման, ներքին գործառույթների թվայնացման եւ տեղեկատվության փոխանակման ապահովման աշխատանքներ:

 

3. Ովքե՞ր են ընդգրկված հանձնաժողովում:

 

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկված են արդարադատության ոլորտի մարմինների, վարչապետի եւ փոխվարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Խորհրդի քննարկումներին կարող են հրավիրվել նաեւ պետական մարմինների ներկայացուցիչներ, մասնագետներ, փորձագետներ, որոնք ունեն Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող զեկույցներ, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

4. Ե՞րբ է նախատեսվում Էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումն ու գործարկումը:

 

Համակարգի ներդրման գործընթացը բավականաչափ բարդ եւ փուլային է, քանի որ այն տարբեր մարմինների կողմից օգտագործվող այնպիսի համակարգ-ենթահամակարգերից է բաղկացած լինելու, ինչպիսիք են դատարանների, ոստիկանության, քրեակատարողական, հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգերը, պրոբացիայի ծառայության, սնանկության կառավարիչների էլեկտրոնային կառավարման համակարգերը, էլեկտրոնային քրեական գործի եւ բազմաթիվ այլ համակարգեր։

 

Հիմնական տարրերի մշակումն ու ներդրումը ակնկալվում է իրականացնել մինչեւ 2023 թվականի ավարտը: Համակարգի յուրաքանչյուր բաղադրիչի համար պատասխանատու արդարադատության ոլորտի մարմինը մշակում է ծրագրի տեխնիկական նկարագիրը  եւ ներկայացնում  է հանձնաժողովի քննարկմանն ու հաստատմանը:

 

Ներկայում արդեն իսկ մշակվել են էլեկտրոնային սնանկության համակարգի եւ քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի տեխնիկական նկարագրերը, որոնք ներկայացվել են դոնոր կազմակերպություններին:

 

5. Ի՞նչ ազդեցություն է այն թողնելու համակարգը արդարադատության ոլորտի վրա:

 

Որպես վերջանական արդյունք՝ ակնկալում ենք, որ նախանշված ժամկետներում կթվայնացվեն քրեական, քաղաքացիական եւ վարչական դատավարությունների, վարչական վարույթների եւ միջդատական վարույթների ընթացքում բոլոր գործընթացները, կբարձրանա արդարադատության համակարգի մարմինների գործունեության արդյունավետությունը եւ թափանցիկությունը, կստեղծվի արդարադատության ոլորտում վիճակագրության հավաքագրման եւ հրապարակման միասնական ու ճշգրիտ գործիքակազմ, հիմքեր կստեղծվեն արդարադատության ոլորտում տվյալահեն քաղաքականության մշակման համար։

 

Ակնկալվում է ապահովել արդարադատության ոլորտի բոլոր մարմինների աշխատանքների ներդաշնակեցումը, տվյալ ոլորտում ծրագրերի իրականացման միասնական մոտեցումների որդեգրումը եւ մարմիններում գործող համակարգերի փոխգործելիության իրականացումը: Սա թույլ կտա համապարփակ պլանավորման իրականացման միջոցով բացառել հատվածական լուծումները եւ ներդնել մեկ միասնական եւ գործուն մեխանիզմ:

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին