Ստեղծարար ձեռներեցության լայն հանգույց՝ ANEL-ի բանաձեւով - Mediamax.am

exclusive
4450 դիտում

Ստեղծարար ձեռներեցության լայն հանգույց՝ ANEL-ի բանաձեւով


Ամալյա Մխիթարյանը
Ամալյա Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ANEL

Լուսանկարը` ANEL

Լուսանկարը` ANEL

Ամալյա Մխիթարյանը
Ամալյա Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ANEL

Լուսանկարը` ANEL

Լուսանկարը` ANEL


«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ «Մեդիամաքս»-ը Բրիտանական խորհրդի հետ ներկայացնում է ծրագրի իրականացման ընթացքը։ 

 

Մեծ ու լուսավոր սենյակներում երիտասարդները ոգեւորությամբ խոսում են՝ երբեմն կտրուկ ընդհատելով իրար։ Գրատախտակներին գունավոր «սթիքերների» վրա «սպասման մեջ» բիզնես-գաղափարներ են շարված։ Մինչ ներս մտնելը եւ նրանց զրույցին մասնակից դառնալը կարող է թվալ, թե որեւէ ընկերության ժողով է, ու քննարկում են, օրինակ, զարգացման հեռանկարները։ 

 

Իրականում քննարկման բովանդակությունը հենց այդպիսին է, միայն թե երիտասարդները դեռ նոր-նոր են սկսում մարզել իրենց բիզնես-միտքն ու ուղիներ որոնում ապագա հաջողակ ձեռներեցության համար։

 

Լուսանկարը` ANEL

 

Ստեղծարար միտքը բիզնես բերելու եւ հայ երիտասարդներին ձեռներեցությամբ զբաղվելու առաջին քայլերին են փորձում սովորեցնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL)։ Դասընթացներն անցկացվում են Բրիտանական խորհրդի Creative Spark (Ստեղծարար միտք) ծրագրի շրջանակում։ Բրիտանական համալսարանների փորձը Հայաստան բերելու հարցում ANEL-ը համագործակցում է Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) եւ ChangeSchool-ի հետ։

 

Բրիտանական խորհրդի դրամաշնորհ հաղթած ծրագիրը՝ Creative Spark ANEL-ը, իրականանում է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմքի վրա, նպատակը ձեռնարկատիրական հմտությունների լայն տարածումն է։ 

 

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համակարգող Ամալյա Մխիթարյանն ասում է, որ Պոլիտեխնիկական համալսարանը նախկինում նման մի քանի նախագիծ է իրականացրել, ANEL-ի գործառույթներից մեկն էլ ձեռնարկատիրական հմտությունների տրամադրումն է։ Նա «Մեդիամաքս»-ին ներկայացրել է ձեռներեցության հմտությունները հնարավորինս լայն շրջանակներում տարածելու իրենց ծրագրի մանրամասները։

 

Ձեռներեցությամբ զբաղվելու «վարակիչ» ցանկությունը

 

Գործընկեր համալսարանների հետ որոշեցինք, որ կստեղծենք մի լայն հանգույց՝ ներառելով բոլոր այն կենտրոնները, լաբորատորիաները, որոնք արդեն իսկ առկա են, եւ կփորձենք ձեռնարկատիրական հմտությունները բերել մեկ այլ մակարդակի վրա՝ առաջարկելով համալիր լուծումներ։

 

Լուսանկարը` ANEL

 

Ի տարբերություն դրամաշնորհ շահած մյուս ծրագրերի՝ գնացինք մասսայականացման ճանապարհով։ Մեր նպատակն էր հնարավորինս շատ երիտասարդների բազային գիտելիքներ տալ, որպեսզի իրենք սկսեն մտածել ձեռնարկատիրությունն իրենց կյանք թողնելու մասին։  

 

Մենք ցանկանում ենք, որպեսզի երիտասարդները «վարակվեն» այդ գաղափարներով, դառնան ստեղծարար ձեռներեցներ եւ փորձեն այլ ձեւաչափով մոտենալ այն գործունեությանը, որն իրականացնում են։ 

 

Ոչ ստանդարտ մեթոդներով դասավանդում 

 

Ծրագրի շրջանակում իրականացված առաջին միջոցառմանը վերապատրաստվեցին տեղի մասնագետները՝ հաշվի առնելով Բրիտանական խորհրդի գործընկեր համալսարանների եւ ընկերությունների փորձը։ 

 

Դասավանդողների համար դասընթացին դիմել էին այն մարդիկ, ովքեր իսկապես ցանկանում էին եւ պատրաստ էին ջանք չխնայել: Ընտրության ամենակարեւոր ու առաջին սկզբունքը նրանց մոտ ցանկության առկայությունն էր: Երկրորդը անգլերենի իմացությունն էր, որովհետեւ թրեյնինգներն իրականացվում էին անգլախոս մասնագետների կողմից, եւ կարիք կար ստացված գիտելիքը հետո հայերեն մատուցել ուսանողներին: Երրորդ կարեւոր նախապայմանն այն է, որ դասավանդողները պետք է պատրաստ լինեին աշխատելու ոչ ստանդարտ մեթոդներով, կիրառելու ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մեթոդներ, դուրս գալու իրենց համար սովորական միջավայրից։ Նաեւ շատ կարեւոր էր, որ նրանք տնտեսագետներ չէին, այլ ինժեներներ, ծրագրավորողներ, դիզայներներ, այսինքն՝ նախ իրենք էին սկսում մտածել որպես ձեռներեց։ 

 

Լուսանկարը` ANEL

 

Արդյունքում դասավանդողների անձնակազմը շատ բազմազան ստացվեց եւ ծածկում էր գրեթե բոլոր ոլորտները։ Այսպիսով, նրանք ոչ միայն իրենց գիտելիքները փոխանցում էին ծրագրին դիմած երիտասարդներին, այլեւ տանում էին այն ոլորտները, որտեղ աշխատում են։ 

 

Ծրագրի նախապայմաններից մեկն էր, որ դասավանդողները լինեն մեր համալսարանի դասախոսական կազմից։ Արդյունքում վերապատրաստվեց ավելի քան 30 մասնագետ, որոնք էլ անցկացրին «Ստեղծարար ձեռներեցություն» անունով «կասկադային» թրեյնինգները։

 

Ընդլայնված սահմաններն ու հեռանկարային գաղափարները

 

Որոշեցինք ծրագիրն իրականացնել ոչ միայն Պոլիտեխնիկական համալսարանում, այլեւ այն բուհերում, որոնք ներգրավված չեն Creative Spark նախագծում։ Մեր դեպքում Երեւանի պետական, Ֆրանսիական ու Տնտեսագիտական համալսարաններն էին, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը։ Որոշեցինք, որ գիտելիքը պետք է փոխանցվի նաեւ մարզեր, եւ ընդգրկեցինք Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի, Վանաձորի ու Կապանի մասնաճյուղերը։ 

 

Ամալյա Մխիթարյանը Ամալյա Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Փորձեցինք 18 ժամվա ընթացքում ծրագրի մասնակիցներին տալ բազային գիտելիքների շարք։ Դասընթացները միջինում տեւեցին 5 օր։ Արդյունքում՝ «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակում մոտ 580 մասնակից ստացավ ձեռնարկատիրական հմտություն, ինչը վստահաբար կնպաստի Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը: Սա լավ փորձ էր ե՛ւ մեր դասավանդողների, ե՛ւ գիտելիքը կրողների համար: 

 

Լուսանկարը` ANEL

 

Ծրագրի վերջում, Creative Spark-ի շրջանակում, նախատեսվում է իրականացնել բիզնես-գաղափարների մրցույթ։ Թրեյնինգների ընթացքում ուսանողները փորձել են պատրաստվել նմանատիպ ձեւաչափով ներկայանալուն։ 

 

Հույս ունենք, որ ծրագիրը կշարունակվի, հնարավորություն կունենանք առաջ գնալու։ Ավելի մեծ նպատակներ ունենք՝ մենթորների ցանցի ստեղծում, բիզնես-գաղափարներին խորհրդատվության տրամադրում եւ այլն։ 

 

Մեր վերջնանպատակն է փորձել ունենալ համալսարանական բիզնես հանգույց (Hub), որպեսզի կարողանանք հետագայում էլ օգնել այն մասնակիցներին, ովքեր կփորձեն շուկա հանել իրենց գաղափարները։

 

Լուսանկարը` ANEL

 

«Ստեղծարար միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրի, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Ադրբեջանում, Հայաստանում,  Վրաստանում եւ Ուկրաինայում: 

 

Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ:   

 

Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:

 

Դիմել կարելի է այս հղումով:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ ANEL-ի

 

«Ստեղծարար միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին