Զգացմունքային հասարակություն ու Բրեվիսի հարցումների «ներքին խոհանոցը» - Mediamax.am

exclusive
2236 դիտում

Զգացմունքային հասարակություն ու Բրեվիսի հարցումների «ներքին խոհանոցը»


Հասմիկ Առաքելյանը
Հասմիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաթենիկ Կարապետյանը
Սաթենիկ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Առաքելյանը, Սաթենիկ Կարապետյանը եւ Լորիս Բաղդասարյանը
Հասմիկ Առաքելյանը, Սաթենիկ Կարապետյանը եւ Լորիս Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաթենիկ Կարապետյանը
Սաթենիկ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լորիս Բաղդասարյանը
Լորիս Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լորիս Բաղդասարյանը
Լորիս Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Առաքելյանը
Հասմիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչպե՞ս է Breavis (Բրեվիս) ընկերությունը սոցիոլոգիական հարցումների միջոցով հետազոտում հասարակությանը, ինչպե՞ս են կազմվում հարցերն ու ուսումնասիրվում պատասխանները։ Մեդիամաքսը ուսումնասիրել է Բրեվիսի հետազոտությունների կազմակերպման, որակի վերահսկման եւ տվյալների մշակման բաժինների աշխատանքային ներքին խոհանոցն ու պարզել հետաքրքիր մանրամասներ սոցիոլոգիական հարցումների անցկացման վերաբերյալ։

 

Զրուցել ենք Breavis-ի հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանի, որակի վերահսկման եւ բարելավման պատասխանատու Լորիս Բաղդասարյանի, և տվյալների մշակման պատասխանատու Սաթենիկ Կարապետյանի հետ

 

Զգացմունքային հասարակություն

 

«Մեր մասնագիտական աշխատանքը բավականին հետաքրքիր է, քանի որ մենք ուսումնասիրում ենք հասարակությունը, որում տարբեր խմբեր ունեն շատ տարբեր կարծիքներ և մոտեցումներ միևնույն երևույթի վերաբերյալ», նշում է Հասմիկ Առաքելյանը։ «Պարզ օրինակ բերեմ․ տեսեք իմ աշխատասենյակի պատուհանից կարող ենք տեսնել մեր հասարակության միկրոմոդելը, որտեղ այս փոքր տարածքում բազմապիսի տներ ու շենքեր են կառուցված, ու եթե օրինակ բնակիչներին հարցեր ուղղենք խմելու ջրի մասին, ապա պարզ է, որ սեփական տան և բարձրահարկ շենքի վերջին հարկի բնակչի կարծիքները կտարբերվեն։

Հասմիկ Առաքելյանը, Սաթենիկ Կարապետյանը եւ Լորիս Բաղդասարյանը Հասմիկ Առաքելյանը, Սաթենիկ Կարապետյանը եւ Լորիս Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետազոտությունների արդյունքում մենք պարբերաբար տեսնում ենք, թե ինչպես են փոխվում մարդկանց կարծիքները՝ ըստ ներքաղաքական կամ աշխարհաքաղաքական զարգացումների։ Մեր հասարակությունը միշտ փոփոխությունների մեջ է՝ հատկապես վերջին տարիներին։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մեր հասարակությանը բնորոշ է զգացմունքայնությունն ու որոշումների արագ կայացումը»։

 

Հարցերի դերը

 

Անկեղծանում է՝ որպես ոլորտի նեղ մասնագետ, հասարակության տարբեր խմբերի հետ աշխատելիս իր համար ամենահետաքրքիրը հարցեր ձևակերպելը է։ Դրանք պետք է այնպես ձեւակերպել, որ թյուրընկալում կամ երկիմաստություն չլինի։ «Սոցիոլոգիական հարցումների համար նախատեսված հարցերը կազմելիս Բրեվիսում առաջնային երկու կարեւոր կանոնի ենք հետեւում՝ դրանք պետք է լինեն չեզոք եւ որեւէ պատասխանի ակնկալիք չպարունակեն», նշում է տվյալների մշակման պատասխանատու Սաթենիկ Կարապետյանը։

Սաթենիկ Կարապետյանը Սաթենիկ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հաճախորդներ կան, որ մեզ ասում են, կարո՞ղ եք հարցերն այնպես ձեւակերպել, որ ավելի շատ դրական պատասխան լինի։ Միանգամից պատասխանում ենք՝ ոչ, քանի որ ուղղորդող հարցեր հղելը պրոֆեսիոնալ չէ և մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում է։ Անգամ հարցազրույցի ժամանակ հնչող հարցը չպետք է ունենա որեւէ դրական կամ բացասական հնչերանգ», - բացատրում է Հասմիկ Առաքելյանը։

 

Բրեվիսում հետազոտությունները բազմազան թեմաներով են լինում և կարելի է ընդգծել հատկապես միջազգային հետազոտությունները, քանի որ նույն հետազոտությունը նույն մեթոդաբանությամբ իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում, և այդպիսով համեմատվում են տարբեր երկրների հասարակական ընկալումները։ Հասմիկը, օրինակ, մինչեւ այսօր չի մոռանում միջազգային ստանդարտներով անցկացված այն հետազոտությունը, որը ուսումնասիրում էր կանանց եւ տղամարդկանց գենդերային հավասարության հարցերի ընկալումները։

 

«Հետազոտությունը մարտահրավերային էր, քանի որ այդ թեմայով հետազոտություն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում և կար մտավախություն, որ բնակիչները պատրաստ չեն լինի անկեղծ պատասխանել զգայուն և անձնական բնույթի հարցերի։ Բայց քանի որ հետազոտության պահանջները հստակ սահմանված էին, մենք պետք է մշակեինք մասնագիտական նոր տեխնիկաներ դրանք ադապտացնելու համար, որը հնարավոր կդարձներ ստանալ անկեղծ պատասխաններ։ Հետազոտությունը հաջողությամբ իրականացրեցինք եւ արդեն տվյալների հրապարակման ժամանակ արդյունքներից պարզ էր, որ մեր հասարակությունում կանանց եւ տղամարդկանց դերերը խիստ են սահմանված, ինչը միջազգային գործընկերների համար շոկային էր»։

 

Վերահսկումը կարևոր է

 

«Բրեվիսում հետազոտության ընթացքը նման է մեխանիկական ժամացույցի աշխատանքին, որտեղ յուրաքանչյուր մասնիկ՝ անգամ աննշան թվացող, կարեւոր դեր ունի։ Հարկավոր է ուշադիր և հետևողական լինել հետազոտության ցանկացած փուլում՝ սկսած հարցաթերթ մշակելուց մինչև արդյունքների ներկայացում», նշում է Հասմիկ Առաքելյանը։

Հասմիկ Առաքելյանը Հասմիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում սա առաջին ընկերությունն է, որ հիմնադրման պահից կարևորել և ունեցել է որակի վերահսկման հատուկ բաժին՝ մասնագիտական խմբով։

 

«Իմ բաժինը վերահսկում է հարցազրուցավարների աշխատանքի և իրականացված հարցումների որակը։ Պետք է ասեմ, որ, չնայած վերջին տարիներին անշեղորեն աճող մերժումների թվին, COVID19-ով պայմանավորված սահմանափակումներին, պատասխանատու և բարեխիղճ աշխատակիցներ գտնելու դժվարությանը, այնուամենայնիվ, մեր որակի ստուգման պարբերաբար թարմացվող մեթոդաբանության շնորհիվ մենք կարողանում ենք իրականացնել որակյալ հետազոտություններ։ Համագործակցության հենց սկզբում հարցազրուցավարներին ներկայացնում ենք սահմանված որակի չափանիշները, դրանց խախտման դեպքում կիրառվող լուծումներն, և հարցումներին զուգահեռ մշտապես հետևում ենք այդ չափանիշների պահպանմանը։

Լորիս Բաղդասարյանը Լորիս Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարևորում ենք նաև հարցազրուցավարների հմտությունների զարգացման և աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, որոնք ևս նպաստում են ճշգրիտ տվյալներ ստանալուն։ Եթե ժամանակ առ ժամանակ էլ լինում են աշխատակիցներ, ովքեր փորձում են շրջանցել գործող կանոնները, ապա, ցավոք, համագործակցությունը դադարեցնում ենք։ Նոր տեխնոլոգիաները ևս օգնում մեր աշխատանքում և հնարավորություն են տալիս որակի ստուգման նոր մեթոդներ մշակել։ Դրանց շնորհիվ, օրինակ, մենք վերահսկում ենք և՛ ամբողջ հարցազրույցի տևողությունը, և՛ առանձին հարցերի վրա ծախսված տևողությունը », նշում է Լորիս Բաղդասարյանը:

 

Հարցազրուցավարների ընտրությունը

 

Բրեվիսում այս պահին աշխատում է ավելի քան 40 հարցազրուցավար։ «Հարցազրուցավարների ընտրությանը շատ խիստ ենք վերաբերվում, քանի որ իրենք բավականին պատասխանատու աշխատանք են կատարում։ Ունենք հարցազրուցավարների հավաքագրման հատուկ մեխանիզմ։ Մենք, կարելի է ասել, զրոյից սովորեցնում ենք և փոխանցում հարցազրուցավար աշխատելու բոլոր հմտությունները», - մեկնաբանում է Հասմիկը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրեվիսում չափազանց բարձր է գնահատվում հարցազրուցավարների դերը, որովհետեւ նրանց աշխատանքի միջոցով են հավաքվում հետազոտական տվյալները։

 

«Այնպես չէ, որ հարցազրուցավարը աշխատանքի անցնելուց անմիջապես հետո ձեռքն է վերցնում հարցաթերթն ու սկսում իր աշխատանքը։ Սովորաբար, հատկապես սկզբնական շրջանում, նրան ուղեկցում է որակի ստուգման մասնագետը, ով դիտարկում է հարցազրույցը և անհրաժեշտության դեպքում տալիս համապատասխան ցուցումներ։ Այսինքն, մենք աշխատում ենք նաև հարցազրույցի որակի բարելավման վրա։», - բացատրում է Լորիս Բաղդասարյանը՝ Բրեվիսում որակի վերահսկման եւ բարելավման պատասխանատուն։

Լորիս Բաղդասարյանը Լորիս Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք պետք է վստահ լինենք, որ հետազոտության տվյալները շեղված չեն որեւէ հարցազրուցավարի աշխատանքի հետեւանքով։ Հարցազրույցի ժամանակ չպետք է լինեն մտերմիկ հարաբերություններ հարցվողի հետ, պետք է ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում։ Ամեն բան պետք է կոռեկտ եւ չափի մեջ լինի, նույնիսկ ժպիտը», - ասում է Հասմիկ Առաքելյանը, ով իր աշխատանքային կարիերան Բրեվիսում սկսել է 2008 թվականին որպես հարցազրուցավար։

 

Բրեվիսցիները նաեւ այլ փակագծեր են բացում՝ հարցումներն ավելի հեշտ անցկացվում են գյուղական բնակավայրերում։ Ավելի դժվար է Երեւանում, հատկապես՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։

 

Տվյալների մշակման մեխանիզմը

 

Բրեվիսում խիստ են վերաբերվում նաեւ տվյալների գաղտնիության պահպանմանը։ Դրանց անվտանգությունն այստեղ ամենաբարձր մակարդակի վրա է՝ հատուկ ծրագրային ապահովմամբ են պահպանվում հետազոտության արդյունքները, նաեւ վերահսկվում է անձնական տվյալների գերգաղտնիությունը։

Սաթենիկ Կարապետյանը Սաթենիկ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այստեղ աշխատանքի ընդունվելիս ասվում է, որ ոչ ոք հետազոտության տվյալներին չի տիրապետում։ Հարցազրույցի պատասխանները քննարկելու իրավունք ոչ ոք չունի։ Տվյալներին հասանելիություն ունեն հատուկենտ աշխատակիցներ, իսկ դրանց մշակմամբ ես եմ զբաղվում եւ նույնիսկ այդ դեպքում՝ հարցվողի անձնական տվյալները ջնջվում են եւ նոր ուղարկվում վերլուծության», - ասում է տվյալների մշակման պատասխանատու Սաթենիկ Կարապետյանը։

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին