Սերգեյ Յակովլեւ. Աուդիտը ոչ թե պատիժ է, այլ՝ երկխոսություն - Mediamax.am

exclusive
2219 դիտում

Սերգեյ Յակովլեւ. Աուդիտը ոչ թե պատիժ է, այլ՝ երկխոսություն


Սերգեյ Յակովլեւը
Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Յակովլեւը
Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Յակովլեւը
Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Յակովլեւը
Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Յակովլեւը
Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Յակովլեւը
Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


2010թ.-ից Հայաստանում գործող «ԲիԴիՕ Արմենիա» աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ընկերությունը ԲիԴիՕ միջազգային ցանցի մաս է:

 

Երկու ամիս առաջ ԲիԴիՕ-ի հայաստանյան թիմին որպես գործընկեր միացել է Սերգեյ Յակովլեւը:

 

Աուդիտորի  գործառույթը հստակեցնելու, ոլորտ նոր կադրեր ներգրավելու կարեւորության ու աշխատանքից դուրս ունեցած հետաքրքրությունների մասին նա պատմել է Մեդիամաքսին:   

 

A4 թղթից սկսված 18 տարվա մասնագիտական ճանապարհը

 

Աուդիտի ոլորտում եմ 2004թ.-ից: Սովորել եմ Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում: Իմ ուսանողության տարիներին աուդիտորի մասնագիտությունն այնքան էլ տարածված չէր ու դժվար ինչ-որ մեկն ընդունվեր բուհ՝ այս ոլորտում մասնագիտանալու համար: Ուսումն ավարտելուց հետո ինձ պատկերացնում էի բանկում աշխատելիս, օրինակ՝ որպես վարկային մասնագետ:

 

Բայց ամեն ինչ փոխեց ֆակուլտետում փակցված A4 ֆորմատի թուղթը (ժպտում է – հեղ.): KPMG ընկերության հայտարարությունն էր, որն ինձ հետաքրքրեց: Նախ սկսեցի կարդալ՝ ինչ է աուդիտը, հետո ուսումնասիրեցի ընկերությունը: Մագիստրատուրան ավարտեցի ու որպես օգնական աշխատանքի ընդունվեցի հենց KPMG: Երեք տարի անց տեղափոխվեցի աուդիտի ոլորտում աշխարհի Խոշոր քառյակի (Big 4) մեկ այլ ընկերություն՝ PwC: Այստեղ աշխատեցի մոտ տասը տարի՝ հասնելով ավագ մենեջերի պաշտոնին: Հետո վերադարձա KPMG ու, ընդհանուր առմամբ, 18 տարի աշխատելով Big 4-ի ընկերություններում՝ այս տարի առաջարկ ստացա ու որպես գործընկեր տեղափոխվեցի ԲիԴիՕ:

 

Աուդիտի ոլորտը շատ դինամիկ է

 

Ոլորտում մոտ 20 տարվա փորձիս վրա հիմնվելով՝ կարող եմ ասել, որ այն շարունակաբար փոփոխվում է: Որակյալ մասնագետ լինելու համար պետք է անընդհատ սովորել, կարդալ, հետեւել նորություններին: Փոխվում են գործիքակազմը, միջազգային ստանդարտները, շուկան:

Սերգեյ Յակովլեւը Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գործիքակազմի առումով, Excel-ով կազմված ու հետո տպված թղթերի ծավալուն փաթեթներին փոխարինել են մասնագիտական հատուկ ծրագրերը:

 

Ինչ վերաբերում է ոլորտի միտումներին, աուդիտը խիստ կապված է միջազգային ստանդարտների հետ: Դրանք շարունակական զարգանում են, բարդանում: Սա տեղի է ունենում ի պատասխան որոշակի տնտեսական ռիսկերի, նոր պահանջներ են ձեւավորվում: Աուդիտի ոլորտը շատ դինամիկ է ու չի կարող նույն կետում կանգ առնել:

 

Փոխվում է նաեւ շուկան: Այս առումով ազդեցություն ունի, օրինակ, պարտադիր աուդիտի հետ կապված օրենսդրության ընդունումը:  

 

Մենք «վաճառում ենք» վստահություն

 

Եթե շատ պարզ փորձեմ բացատրել աուդիտորական ոլորտի գործունեությունը, կասեմ, որ մենք տրամադրում ենք կամ, այսպես ասած, «վաճառում ենք» վստահություն: Մեր վերջնական եզրակացությունը, «ապրանքը» վստահությունն է: Ընկերության վերաբերյալ գրված մեկ-երկու էջանոց եզրակացության հետեւում թիմային հսկայական աշխատանք է: Այդ սեղմ ծավալով եզրակացության տակ մեր ստորագրությունը դնելուց առաջ պետք է լիովին համոզված լինենք, որ մեր կողմից ձեռք են բերվել բավականաչափ ապացույցներ հաճախորդի հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության վերաբերյալ:

Սերգեյ Յակովլեւը Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընկերությունները դիմում են աուդիտի համար, երբ հաշվետու, վստահելի լինելու կարիք ունեն: Պատճառները կարող են տարբեր լինել՝ արտերկրից ներդրում ներգրավելու ցանկություն, գործընկերության առաջարկ եւ այլ: Կախված վստահություն ակնկալվող մակարդակից, ընկերությունը դիմում է տեղական կամ միջազգային աուդիտորական ընկերության: Եթե ավելի պարզ՝ ընկերությանը անհրաժեշտ է որեւէ աուդիտորական ընկերության հաստատումը՝ իր հաշվետվության վերաբերյալ: Այդ հաստատումը տալիս ենք մենք:

 

Աուդիտը ոչ թե պատիժ է, այլ՝ երկխոսություն

 

Կա սխալ ընկալում, որ աուդիտորը վերահսկիչ է, սակայն հաճախորդ ընկերությունների հետ աշխատելիս մենք ոչ միայն ստուգում ենք նրա հաշվետվությունների արժանահավատությունը, այլեւ՝ ինչ-որ չափով օգնում:

 

Աուդիտի նպատակն անպայման որեւէ խնդիր գտնելն ու այն արձանագրելը չէ: Մենք համագործակցում ենք ընկերության հետ, ցույց տալիս եղած բացերն ու հուշում՝ ինչպես շտկել դրանք:

 

Աուդիտը ոչ թե պատիժ է, այլ՝ երկխոսություն:

 

«Աշխատող չկա»

 

Իմ դիտարկմամբ, վերջին տարիներին ոլորտում լուրջ խնդիր է անձնակազմի համալրումը: Երբ 2007թ.-ին ասում էինք՝ «աշխատող չկա», նկատի ունեինք, որ քիչ են ինչ-ինչ պահանջներին համապատասխանող, փորձառու մասնագետները: Երբ նույնն ասում ենք հիմա, սա բառացի նշանակում է, որ չափազանց քիչ են մարդիկ, որոնց կարող ենք աշխատանքի ընդունել:

 

Աուդիտի ոլորտից կադրերի արտահոսքն այլ ոլորտներ կամ արտերկիր բավականին մեծ է: Իհարկե, մարդկանց պահելու համար քայլեր արվում են: Ինչ-որ չափով բարձրացնում են աշխատավարձերը, աշխատանքային առաջակներն ավելի գրավիչ դարձնում, բայց ես դեռեւս դրական տեղաշարժ չեմ նկատում: Ընդ որում, այս միտումը ոչ միայն Հայաստանում է, այլեւ՝ ամբողջ աշխարհում. կա պահանջարկ աուդիտի նկատմամբ, իսկ ոլորտում աշխատողների պահանջարկ կա:

Սերգեյ Յակովլեւը Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս խնդիրը լուծելու առումով ճիշտ եմ համարում աշխատանքի ընդունել բուհը նոր ավարտածներին, զբաղվել նրանց մասնագիտացմամբ, ներգրավել տարբեր նախագծերում, կցել փորձառու գործընկերներին եւ արդյունքում ընտրել ու ընկերությունում պահել լավագույններին:

 

Այս դեպքում առաջին երկու տարվա ընթացքում ընկերությունն, իհարկե, ավելի շատ ներդրում է կատարելու երիտասարդ աշխատակիցների մեջ, քան ստանալու է իրական օգուտ: Բայց, ըստ իս, սա հնարավոր լավագույն տարբերակներից է:  

 

Հետաքրքրասիրություն, կասկածամտություն, տրամաբանություն

 

Աուդիտի ոլորտում աշխատանքը, կարծես, կրթության շարունակություն լինի: Մոտ 20 տարվա աշխատանքային փորձ ունեմ, ԲիԴիՕ գործընկեր եմ, բայց ամեն օր ինչ-որ նոր բան եմ հայտնաբերում: Աուդիտի ոլորտն անընդհատ զարգանում է, դու եւս պետք է զարգանաս, կրթվես ու չդոփես տեղում: Աշխատանքի բերումով ծանոթանում ու համագործակցում ես բազմաթիվ ոլորտների հետ՝ հանքարդյունաբերությունից մինչեւ ֆինանսներ: Երեւի, շատ քիչ մասնագիտություններ կան, որոնք թույլ են տալիս այսքան տարբեր բնագավառների առնչվել ու դրանցից գիտելիքներ ստանալ:

 

Ինչ վերաբերում է հատկանիշներին, որոնք պետք է ունենա աուդիտորը, ըստ իս, դրանցից առաջնայինը վստահությունն է: Ասացի, որ մեր վերջնական «ապրանքը» վստահությունն է, եթե ես չեմ վստահում սեփական թիմին, չեմ կարող ստորագրել ինչ-որ թուղթ, եզրակացություն, որով կհաստատեմ այլ ընկերության վստահելի լինելը: Թիմի ներսում մարդիկ պետք է կարողանան հույս դնել միմյանց վրա: Շատ կարեւոր է նաեւ հետաքրքրասիրությունը, ուշադրությունը, մասնագիտական կասկածամտությունն ու տրամաբանությունը:

 

Լուսանկարչությունն ու մասնագիտական «քթիմազությունը»

 

Աշխատանքից դուրս, անձնական կյանքում աուդիտոր չեմ, «քթիմազությունը» բնավորություն չի դարձել (ծիծաղում է – հեղ.): Աուդիտորի հետ ապրելը մյուսների համար շատ դժվար կլիներ: Մեր ոլորտում աշխատանքից կտրվել գրեթե չի ստացվում ու տանը, արձակուրդի ժամանակ միշտ մտածում ես գործի մասին կամ աշխատանքային զանգեր ստանում: Դրա հետ մեկտեղ փորձում եմ բալանսավորել ու ժամանակ գտնել նաեւ սիրելի զբաղմունքների համար: Դրանցից մեկը լուսանկարչությունն է: Տարօրինակ կհնչի, բայց լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել աուդիտի բերումով:

Սերգեյ Յակովլեւը Սերգեյ Յակովլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ոլորտում սկսնակ էի, աշխատանքս հիմնականում գույքագրմանն էր վերաբերում, ինչը բազմաթիվ ճանապարհորդություններ էր ենթադրում: Կյանքիս մի փուլում տարվա կեսը կա՛մ երկրից դուրս էի, կա՛մ Հայաստանի մարզերում: Այդ ընթացքում շատ գեղեցիկ վայրերում էի լինում, տեսնում տպավորիչ բնապատկերներ: Դրանք պահելու համար քիչ-քիչ սկսեցի լուսանկարել ու այդպես ծնվեց սերը լուսանկարչության հանդեպ:

 

Մյուս հետաքրքրությունս off-road-ն է, բայց սա շատ ժամանակատար է ու վերջերս, ցավոք, գրեթե չի ստացվում ժամանակ տրամադրել:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին