Սամվել Դանիելյան. Խնդիրները պետք է ոչ թե ծանրացնել, այլ՝ լուծել - Mediamax.am

exclusive
1977 դիտում

Սամվել Դանիելյան. Խնդիրները պետք է ոչ թե ծանրացնել, այլ՝ լուծել


Սամվել Դանիելյանը
Սամվել Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Դանիելյանը
Սամվել Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Դանիելյանը
Սամվել Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Դանիելյանը
Սամվել Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Դանիելյանը
Սամվել Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2010թ.-ից Հայաստանում գործող «ԲիԴիՕ Արմենիա» աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ընկերությունը ԲիԴիՕ միջազգային ցանցի մաս է: ԲիԴիՕ-ն ներկայացված է աշխարհի 164 երկրներում ու ավելի քան 95 հազար աշխատակից ունի:

 

Գալով Հայաստան՝ԲիԴիՕ-ն ձեռք է բերել 1996թ.-ից այստեղ գործող «Ամերիա Աուդիտ» ընկերությունը: Այս ընկերության հետ ԲիԴիՕ է տեղափոխվել Սամվել Դանիելյանն, ով այսօր ԲիԴիՕ ընկերության գործընկերն է ու Հաշվապահական ծառայությունների ղեկավարը:

 

Մեդիամաքսին նա պատմել է հաշվապահական ոլորտի առանձնահատկությունների, բիզնեսին աջակցելու ու մարդկանց մասին, ում հետ կարելի է «հետախուզության գնալ»:

 

Սոցիալիզմից կապիտալիզմի անցնող երկիրն ու աշխատանքը մետրոպոլիտենում

 

Մասնագիտական ընտրության ու աշխատանքի առաջին տարիները բավականին բարդ էին: Ավարտել էի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի Տեխնոլոգիայի ֆակուլտետը, գնացել բանակ, ծառայել Մեղրու գնդում:

 

Բանակից վերադառնալը համընկավ տարիների հետ, երբ երկիրը սոցիալիզմից կապիտալիզմի էր անցնում. մի համակարգ քանդվում էր, մյուսը՝ նոր-նոր կառուցվում: Աշխատանք ընտրելու առումով ընտրությունը մեծ չէր: Անկախացած Հայաստանում դեռեւս չկար ճարտարապետաշինարարական ոլորտ, այնպես որ, մեկ այլ ոլորտում մասնագիտանալ էր պետք: Սկսեցի աշխատել Երեւանի մետրոպոլիտենում՝ որպես ֆինանսական բաժնի ղեկավարի օգնական: Կարող եմ վստահ ասել՝ մետրոպոլիտենն ինձ համար կարեւոր դպրոց դարձավ: Քանի որ առաջադրանքներս արագ էի կատարում, բավականին ազատ ժամանակ էր մնում: Հաշվապահական բաժինը մեր բաժնին կից էր ու ազատ ժամանակ հետեւում էի հաշվապահների աշխատանքին, սովորում նրանցից: Արդյունքում, երբ այդ բաժնից որեւէ մեկն արձակուրդ էր գնում, ես փոխարինում էի նրան ու էլ ավելի հմտանում հաշվապահության ոլորտում:

 

Այդ շրջանում փոխվում էին ընդունված բոլոր ստանդարտները, հաշվային պլանները: Ուժի մեջ մտավ հաշվապահների որակավորման պահանջը: Ինքս էլ բարեհաջող հանձնեցի քննություններն ու մնացի ոլորտում: Աշխատանքի առաջարկներ ստացա արդեն մասնավոր ընկերություններից ու սկսեցի աշխատել «Ամերիա Աուդիտ»-ում: Ընկերության առաջարկն ինձ գրավեց, քանի որ փնտրում էին մասնագետ, որը կաճեցներ նոր-նոր ձեւավորվող ոլորտը: Հետագայում՝ 2010թ.-ից, «Ամերիա Աուդիտ»-ը ԲիԴիՕ ընկերության մաս կազմեց, իսկ ես դարձա ԲիԴիՕ ընկերության գործընկեր ու Հաշվապահական ծառայությունների ղեկավար:

 

Ձեռքի փայտե հաշվիչներից՝ հաշվապահական ծրագրեր

 

Եթե համեմատենք այսօր ու, օրինակ, 15 տարի առաջ հաշվապահի աշխատանքը, մոտավորապես քարե դարից 21-րդ դար պետք է գանք: Երբ նոր էի սկսել աշխատանքս ոլորտում, հաշվապահի աշխատանքային հիմնական գործիքները թուղթը, գրիչն ու հաշվիչն էին: Նույնիսկ աշխատողներ ունեինք, որ դեռ ձեռքի փայտե հաշվիչներ էին օգտագործում: Հետաքրքիր է, որ հաճախ ինչ-ինչ հաշվարկներ նրանք շատ ավելի արագ էին անում, քան մենք՝ էլեկտրոնային հաշվիչներով: Այս շրջանը հետաքրքրիր էր, որովհետեւ ամբողջ հաշվապահությունը «ձեռքի աշխատանք» էր: Եթե հանկարծ որեւէ թիվ չէր համընկնում կամ մեկ ավելորդ զրո էիր գրում, ստիպված էիր ամեն ինչ նորից սկսել կամ վերստուգել աշխատանքդ: Մեծ պրոֆեսիոնալիզմ էր պետք սխալդ հեշտությամբ գտնելու համար, հակառակ դեպքում՝ փնտրտուքը կարող էր շաբաթներ տեւել:

Սամվել Դանիելյանը Սամվել Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա ամենն ավտոմատացված է: Ստեղծվել են տարբեր հաշվապահական ծրագրեր, որոնք տասնյակ անգամ արագացնում են մարդու աշխատանքը: Միեւնույն ժամանակ, ծրագրերն ընդամենը գործիք են եւ դրանք աշխատացնողը շարունակում է մարդը լինել: Եթե պրոֆեսիոնալ չլինես, գործիքներն օգտագործես մեխանիկորեն, չես կարող արդյունավետ լինել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ արագ է զարգանում՝ այդպիսով ազդելով նաեւ մյուս ոլորտների վրա: Պետք է կարողանաս այս փոփոխություններին համահունչ քայլել:

 

Հաստիքային հաշվապա՞հ, թե՞ հաշվապահական ծառայությունների «աութսորսինգ»

 

Եթե ընկերությունը հաստիքային հաշվապահ կամ որեւէ այլ հաստիքային մասնագետ ունի, պետք է պատրաստ լինի մեծ ներդրումներ կատարել, որպեսզի իր աշխատակիցը կրթվի, տիրապետի նորագույն գործիքներին, տեղյակ լինի ոլորտի օրենսդրությունից: Ամեն գործատու չէ, որ կարող է իրեն նման բան թույլ տալ: Նաեւ կան ռիսկեր, որ գործատուն որեւէ աշխատակցի հետ կանցնի այս ամբողջ ճանապարհն ու վերջինս ինչ-որ օր կփոխի աշխատանքը: Արդյունքում, ընկերությունը նորից խնդրի առջեւ կկանգնի. նոր աշխատակից գտնել, նորից ժամանակ ու գումար ներդնել, սովորեցնել:

Սամվել Դանիելյանը Սամվել Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաշվապահական ծառայություններն «աութսորս» անելու դեպքում գործելու է պրոֆեսիոնալների թիմ, որն արդեն իսկ ունի անհրաժեշտ գիտելիքներն ու ծրագրային բոլոր ապահովումները, ինչի վրա այլեւս լրացուցիչ գումար չի ծախսվի:

 

Ֆինանսական տվյալների արտահոսքի բացառումն ու անվտանգության նորմերը

 

Անվտանգությունը կարեւորագույն խնդիր է, ընդ որում՝ ոչ միայն մեր ոլորտում: Պետք է հասկանանք՝ միայն ֆինանսական տվյալները չեն, որ գաղտնի են: Պակաս վտանգավոր չէ նաեւ ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի տվյալների արտահոսքը, քանի որ գործ ունենք մարդկանց անձնական տվյալների հետ: Վտանգավոր է նաեւ ընկերության կիրառած տեխնոլոգիաների արտահոսքը: Մեր դեպքում հաճախորդներին միշտ առաջարկում ենք տվյալները փոխանակել առավել անվտանգ ու պաշտպանված ճանապարհով, հնարավորինս բացառել էլեկտրոնային փոստի միջոցով նամակագրությունը, առավել եւս՝ տվյալների փոխանցումը: Հաղորդակցման համար մենք ունենք հատուկ պորտալներ կամ կարող ենք օգտվել հաճախորդների պորտալներից: Այստեղ եւս օգնության են գալիս անվտանգությունն ապահովող տեխնոլոգիական լուծումները: Այնպես որ, հնարավոր ռիսկերի մասին հաճախորդին առաջինն ենք զգուշացնում ու փորձում դրանք նվազագույնի հասցնել:

 

«Դասական» հաշվապահական ծառայություններից՝ աջակցություն բիզնեսին

 

Եթե խոսեմ մեր մատուցած ծառայությունների մասին, պետք է նախ ասեմ, որ ԲիԴիՕ-ի հաճախորդների թվում շատ են օտարերկրյա ներդրումներով ընկերությունները, իսկ դրանք, սովորաբար, առանձնացնում են հաշվապահության մի քանի ուղղվածություն: Այնպես որ, «հաշվապահական ծառայություններ» ասվածը կարող է տարբեր լինել:

 

Հայաստանում ընդունված է, որ հաշվապահը եւ՛ հաշվապահական հաշվառում է անում, եւ՛ աշխատավարձերի հաշվարկ, երբեմն նույնիսկ ՄՌԿ ոլորտի հարցերով է զբաղվում: Միջազգային ընկերություններում այս բոլոր ճյուղավորումներն առանձնացված են եւ վստահվում են տարբեր մարդկանց կամ թիմերի:

Սամվել Դանիելյանը Սամվել Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաշվապահությունը զբաղված է միայն հաշվապահական հաշվառման վարումով: Նույնիսկ հարկային հարցերով առանձին մասնագետներ են աշխատում:

 

Բացի հաշվապահական ծառայություններից, ԲիԴիՕ-ն իր հաճախորդներին մատուցում է նաեւ բիզնես աջակցության ծառայություններ: Ի՞նչ է սա ենթադրում: Ի սկզբանե պետք է ասեմ, որ նույնիսկ նույն ոլորտում գործող երկու տարբեր ընկերություններին պետք է անհատական մոտեցում ցույց տալ ու յուրաքանչյուրի հետ աշխատել ըստ ընկերության պահանջների ու նպատակների: Եթե ինչ-որ բիզնես ցանկանում է ընկերություն բացել Հայաստանում ու դիմում է աջակցության համար, նախ հասկանում ենք՝ որ ոլորտից է, հետո սկսում անհատական աշխատանքը: Հետաքրքրվում ենք՝ որն է այդ ընկերության բիզնես նպատակը, որպեսզի դրան հասնելու համար ճիշտ առաջարկներ կարողանանք անել: Օրինակ, եթե ՏՏ ոլորտի ընկերության հետ ենք աշխատում, պետք է հաճախորդին տեղեկացնենք մեր երկրում ընդունված ոլորտային բոլոր որոշումներին, հուշենք՝ ինչ ոլորտային ծրագրեր կամ արտոնություններ կան ու ինչ օրենսդրական կարգավորումներ: Աջակցում ենք, որ բացվող ընկերության հիմքը ճիշտ դրվի, սկսած նրանից, թե որ հարկային համակարգը ընտրել, որ բանկում հաշիվ բացել եւ այլն: Բիզնես աջակցության միջոցով կողմնորոշում ենք հաճախորդին, որպեսզի ինքն ուսումնասիրություններ անելու վրա լրացուցիչ ժամանակ ու ռեսուրս չծախսի:

 

Մարդիկ, ում հետ կարելի է «հետախուզության գնալ»

 

Մարդկանց ու գործընկերների մեջ առաջին հերթին կարեւորում եմ պրոֆեսիոնալիզմը: Երբ մարդը խոսում է հետդ, պետք է տեսնի՝ պրոֆեսիոնալի հետ գործ ունի, ում հանգիստ կարող է շատ հարցեր վստահել՝ խնայելով սեփական ժամանակը:

 

Երկրորդ կարեւոր հատկանիշն ինձ համար պատասխանատվությունն է: Հաճախորդն այդ պատասխանատվությունը քեզանից է ակնկալում, դու՝ թիմիցդ: Կարծում եմ՝ մարդը նախ ինքն իր առաջ պետք է կարողանա պատասխանատու լինել, առանց դրա պատասխանատվությունը գործի կամ դիմացինի հանդեպ գրեթե անհնար է:

 

Փոխհարաբերությունների հաջորդ կարեւոր բաղադրիչը վստահությունն է, որը դժվար է ձեռք բերել թե՛ հաճախորդի հետ աշխատանքում, թե՛ թիմի ներսում: Վստահությունն այն է, երբ աշխատակիցդ ասում է՝ «տրված առաջադրանքը կատարված է» ու այլեւս այդ հարցով անհանգստանալու կամ արածը վերստուգելու կարիք չկա: Եթե կասկածելու ես, ժամանակ ես ծախսելու լրացուցիչ վերստուգումների վրա, աշխատանքիդ արդյունավետությունն ընկնելու է: Ինչ վերաբերում է հաճախորդի կողմից վստահությանը, այն ձեռք բերելը տարիների աշխատանք է: Շատ եմ կարեւորում հաճախորդի համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելն ու եղածը չբարդացնելը: Գուցե, կան ընկերություններ, որ ամեն խնդիր հաճախորդին ներկայացնում են որպես «աշխարհի վերջ», իրենց աշխատանքն առավել կարեւորելու համար նշում՝ «դե այս խնդրի լուծումը շատ, չափազանց բարդ է», մեզ համար այսպես չանելը սկզբունք է: Մենք կենտրոնանում ենք ոչ թե խնդիրը ծանրացնելու, այլ՝ այն լուծելու վրա: Հենց այս առավելությունների ու հատկանիշների շնորհիվ է, որ հաճախորդներից շատերի հետ մտերմանում եւ ընկերներ ենք դառնում: Աշխատանքի բարդությունները միասին ենք անցնում, եւ հաճախորդը երբեք իրեն միայնակ չի զգում խնդիրներին առնչվելու ժամանակ:

Սամվել Դանիելյանը Սամվել Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ եմ կարեւորում նաեւ մարդու հավատարմությունը: Թիմում պետք է մարդիկ լինեն, որոնց հետ ես վստահաբար «հետախուզության կգնամ»:

 

Գնահատում եմ աշխատասիրությունը: Այն ինձ համար ոչ այնքան առավոտից մինչեւ գիշեր գրասենյակում նստած լինելն է, որքան ձգտումը, աշխատանքը արդյունավետ անելը, անընդհատ սովորելու, ինքնակրթվելու ցանկությունը: Երբ զգում ես՝ մարդը ցանկանում է մինչեւ վերջին նշույլ հնարավոր ամեն ինչ ստանալ քեզանից, ինքդ էլ ես մեծագույն հաճույք ստանում իմացածդ կիսելով:

 

Մեր աշխատանքում շատ կարեւոր է նաեւ էթիկան, մարդու հետ շփվելու ձեւը եւ հարգանքը, ընդ որում, ոչ միայն հաճախորդի հետ, այլեւ թիմի ներսում: Ինքս, օրինակ, չեմ սիրում, երբ ինձ «պարոն»-ով են դիմում, սա լրացուցիչ պատնեշ է առաջացնում իմ եւ զրուցակցիս միջեւ: Թիմի ներսում առողջ մթնոլորտ, առողջ շփում պետք է լինի: Եթե ներսում այս խնդիրները լուծել չես կարողանում, դրանք փոխանցվելու են նաեւ հաճախորդներիդ:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին