Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա - Mediamax.am

2486 դիտում

Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ՊՆ-ից հայտնում են, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։

 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են։ Ավելին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ», - ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում էր ծայրահեղ լարված մնալ։

 

Հակառակորդը շարունակում էր կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

 

«Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են։ Հայաստանի զինված ուժերը համարժեք պատասխան է հասցնում հակառակորդին եւ ամբողջ ծավալով կատարում իր առջեւ դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանը եւ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին եւ ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին