Բացահայտվել է պետական դավաճանության եւս մեկ դեպք - Mediamax.am

1197 դիտում

Բացահայտվել է պետական դավաճանության եւս մեկ դեպք


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրել է պետական դավաճանության նոր դեպք բացահայտելու մասին:

ԱԱԾ հաղորդագրության մեջ ասված է.

 

«ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի եւ մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների:

 

Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ եւ հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել եւ բջջային հեռախոսի «Վոթսապ»  հավելվածի, ինչպես նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի եւ մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն:

 

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Ղ-ն ձերբակալվել է եւ տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին