Տոնոյան. Բանակը պատրաստակամ էր մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով - Mediamax.am

6353 դիտում

Տոնոյան. Բանակը պատրաստակամ էր մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ իրեն կալանքի տակ պահելն, «անշուշտ, քաղաքական շարժառիթ ունի, որի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հենց վարչապետն է արտահայտվել»:

«Վարչապետի հետ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես պահպանել եմ, իմ գնահատմամբ, պաշտոնական եւ շատ ծանր որոշումների կայացման պահին վստահելի հարաբերություններ: Պատերազմից հետո եղած հարաբերությունները բացասական կամ լարված գնահատել չեմ կարող, բայց եւ այնպես ինձ կալանքի տակ պահելն, անշուշտ, քաղաքական շարժառիթ ունի, որի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հենց վարչապետն է արտահայտվել: Ստացվեց այնպես, որ «քաղաքականությունն» իմ կամքից, ցանկություններից եւ վարքից անկախ սկսեց զբաղվել ինձանով», - ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով News.am-ի հարցերին:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ հրաժարական տվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, Դավիթ Տոնոյանն ասել է.

 

«Ես հրաժարական չեմ տվել եւ իմ պաշտոնանկության օրը հայտարարել եմ. «Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաեւ 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»: Այժմ էլ ասվածին ավելացնելու այլ բան չունեմ»:

 

Դավիթ Տոնոյանը հաստատել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի խոսքերն այն մասին, որ պատերազմի չորրորդ օրն ինքը Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։

 

«Նախկինում նշել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ վերոհիշյալ հայտարարությունն արվել է, ավելին՝ այն արվել է ոչ միայն Անվտանգության խորհրդի նիստերում, եւ այն ինձ հետ համաձայնեցված է եղել: Այնուհանդերձ, Զինված ուժերը պատրաստակամ են եղել մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով՝ անկախ ռազմական գործողությունների դադարեցման դիվանագիտական ջանքերից», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին