ԱԱԾ. Պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտվել - Mediamax.am

1809 դիտում

ԱԱԾ. Պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտվել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ զինծառայողի կողմից պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտել:

ԱԱԾ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ եւ ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:

 

«Օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաեւ իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաեւ նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ:

 

 

Նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ եւ նպատակային խոցումներ չի կատարել, տեւական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետեւանքով հակառակորդի կողմից թիրախավորվել եւ անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի:

 

Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների  հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաեւ ներմուծված սպառազինության եւ զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ:

 

Պարզվել է նաեւ, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել:   

 

2022թ․ ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է եւ տվել է խոստովանական ցուցմունքներ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին