ԱԱԾ-ն հայտնել է Հայաստանի տարածքում գործող լրտեսական ցանցի չեզոքացման մասին - Mediamax.am

4154 դիտում

ԱԱԾ-ն հայտնել է Հայաստանի տարածքում գործող լրտեսական ցանցի չեզոքացման մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր հայտնել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեության բացահայտման եւ չեզոքացման մասին:

Հաղորդագրության մեջ ասված է, որ «անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են  զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց»:

 

«Իրենց գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու եւ բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝  հայուհիների  տվյալներով եւ լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող  օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաեւ՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ եւ տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների եւ այլնի վերաբերյալ:

 

Նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ եւ ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ փաստաթղթերի հետ:

 

Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը եւ գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով  իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների  պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ երեք տասնյակից ավելի  խուզարկություններ, հայտնաբերվել եւ վերցվել են քրեական գործի համար էական նշանակություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաեւ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով հավաքագրված տեղեկությունների փոխանցման դիմաց արտարժույթի տեսքով վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ:

 

Քրեական գործի նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին