Տոնոյանը խոսել է Ռուսաստանի եւ Թուրքիայի դերակատարության մասին - Mediamax.am

4375 դիտում

Տոնոյանը խոսել է Ռուսաստանի եւ Թուրքիայի դերակատարության մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ «տարածաշրջանում ռուսաստանյան ներկայությունը եւ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը տարածարջանային կայունություն եւ անվտանգության պահպանման կարեւորագույն զսպող գործոններ են հանդիսանում»:

Ելույթ ունենալով ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին, նախարարն ասել է, որ «Հայաստանը մշտապես հանդես է եկել միջազգային իրավունքի եւ ազատ ընտրության իրավունքի նորմերի համարժեք կիրարկման, խելամիտ գլոբալիզացիայի եւ միջազգային անվտանգության այնպիսի ճարտարապետության օգտին, որը զերծ է մնում «ուժի դիրքերից» քաղաքականությունից, առավելապաշտական մոտեցումներից եւ ռազմատենչ հռետորաբանությունից»:

 

«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը կոնֆլիկտային մեծ ներուժ ունի: Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվում է տարաձայնությունների սրում, ինչը, մեր գնահատմամբ, որոշակի երկրների հավակնությունների ընդլայնման հետեւանք է: Տարածաշրջանային հակամարտությունները ուժային լուծում չունեն, եւ Հայաստանի համար ընդունելի չեն ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ էլ այդ հակամարտություններում նոր պետություններ ներքաշելու փորձերը՝ իրավիճակի հետագա սրմամբ», - ասել է Դավիթ Տոնոյանը:

 

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլեւ ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքն ու Արեւելյան Միջերկրականը: «Դրանից ելնելով, Հայաստանը շահագրգռված է բոլոր այս տարածաշրջաններում խաղաղության եւ կայունության պահպանմամբ», - ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին