Փաշինյան. Հուլիսյան հաղթական մարտերի 5 արդյունքները - Mediamax.am

1128 դիտում

Փաշինյան. Հուլիսյան հաղթական մարտերի 5 արդյունքները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգեւատրման արարողությունը։

Մինչ պետական բարձր պարգեւները ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին հանձնելը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում խոսել է նաեւ Հայաստանի համար հուլիսյան մարտերի արդյունքների մասին:

 

Արդյունք առաջին

 

Արդեն երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զարգացնում էր այն թեզը, թե Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմ չսկսելն արդեն իսկ Բաքվի կողմից արվող չափազանց մեծ զիջում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլեւ միջազգային հանրությանը, որովհետեւ ըստ նրանց կառուցած տրամաբանության՝ վերջին տարիներին Ադրբեջանի բանակը հասել էր մարտունակության այնպիսի մակարդակի, որ ի վիճակի է շատ արագ, ընդհուպ 24 ժամում լուծել Ղարաբաղի հարցը:

 

Սրա հիման վրա երկար տարիներ ձեւավորվում եւ մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա: Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ:

 

Արդյունք երկրորդ

 

Մեր կառավարությունն արդեն ավելի քան երկու տարի միջազգային հանրության եւ Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներում, ինչպես նաեւ հրապարակային հայտարարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը: Մենք հստակ ասել ենք, որ որեւէ մեկին թույլ չենք տա նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ, եւ այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են եւ ճշգրիտ:

 

Արդյունք երրորդ

 

Արդեն 2.5 տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ: Տվյալ դեպքում խոսում եմ ոչ միայն բոլորին տեսանելի ու լայնորեն քննարկվող, այլեւ ոչ  հրապարակային, լուռ ընթացակարգերով տեղի ունեցող բարեփոխումների մասին, որոնք վերաբերում են ռազմավարական եւ մարտավարական բովանդակությանը:

 

Այդ բարեփոխումները հուլիսյան հաղթական մարտերում միանշանակ եւ աներկբա ի ցույց դրեցին իրենց կենսունակությունն ու արդարացվածությունը: Այսօր ըստ էության ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով, մարտավարական եւ ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն:

 

Շատերը գուցե չգիտեն, գուցե ուշադրություն չեն դարձրել, բայց հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ, երբ մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտական դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել, ունեցել ենք միայն մեկ թեթեւ վիրավոր՝ այն դեպքում, երբ այժմ արդեն հանրահռչակ «Անվախ» դիրքը եւ հարակից բոլոր դիրքերը եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ պատրաստությամբ հատուկջոկատայինների զանգվածային հարձակումների թիրախում: Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Արդյունք չորրորդ

 

Արդեն երկար ժամանակ մենք խոսում ենք Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին եւ այս ոլորտը հայտարարել ենք առաջնահերթություն: Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը եւ ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր եւ կայուն տեղն արձանագրելու հնարավորություն:

 

Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Սա բոլորին հայտնի տեղեկատվություն է, բայց քչերը գիտեն, որ այդ զինատեսակները խոցվել են հայկական արտադրության եւ Հայաստանում արդիականացում անցած զինատեսակների փոխգործակցության արդյունքում: Ընդ որում՝ Հայաստանում արտադրված եւ արդիականացված զինատեսակների հարաբերակցությունը 70/30 է՝ հօգուտ Հայաստանում արտադրվածների:

 

Արդյունք հինգերորդ

 

Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը: Բայց այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, մի կողմից, հստակեցրեցին ոչ միայն մեզ, այլեւ ողջ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը, մյուս կողմից՝ ամրապնդեցին մեր վստահությունը մեր ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների նկատմամբ, ինչն առավել մեծացնում է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության երաշխավորի դերն արդյունավետ կատարելու Հայաստանի հնարավորությունը, ինչի մասին խոսել եմ հունիսի 19-ին Երեւանում տեղի ունեցած՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին