Ձերբակալվել են մաքսային տեսուչներ - Mediamax.am

4977 դիտում

Ձերբակալվել են մաքսային տեսուչներ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:

Պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության եւ սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում` ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր եւ միրգ-բանջարեղեն ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:

 

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու եւ հայտարարագրելու, ինչպես նաեւ առանց մաքսատուրքի վճարման նրանց թույլատրել է ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ նույն մաքսային կետում ծառայություն իրականացնող ավագ մաքսային տեսուչի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել եւ ստացել է կաշառք:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ մաքսային տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ավագ տեսուչը` դրան օժանդակելու կասկածանքով:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին