Բանակը կունենա ՏՏ պատասխանատուի ինստիտուտ եւ գիտական վաշտ - Mediamax.am

11253 դիտում

Բանակը կունենա ՏՏ պատասխանատուի ինստիտուտ եւ գիտական վաշտ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է Զինված ուժերի կազմում գիտական վաշտի ստեղծման հեռանկարի մասին:

Ռազմինֆո-ին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ «վերջին շրջանում զգալի առաջընթաց ունենք ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ուղղություններում»։

 

«Ամենադրականը, որ տեսնում եմ ռազմարդյունաբերական համալիրում, երիտասարդ սերնդի ներգրավումն է։ Բոլոր ծրագրերում կան երիտասարդ գիտնականներ, մարդիկ, ովքեր մեծ ոգեւորությամբ գալիս են ավանդույթների եւ ներուժի հիման վրա նորը կառուցելու։ Կարծում եմ, դա կարող է հիմք դառնալ հետագայում գիտական վաշտ ձեւավորելու համար, ինչը թույլ կտա բացառիկ կարողություններով օժտված եւ գիտությամբ զբաղվող երիտասարդներին ներգրավել ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքում։

 

Շատ էր խոսվում այն մասին, որ տարկետումների վերացումն անպայման սահմանափակելու է երիտասարդների մուտքը գիտություն։ Այն ժամանակ հայտարարում էի, որ ճիշտ հակառակը՝ մենք դրան զուգահեռ ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան երիտասարդներին ավելի ակտիվ զբաղվել գիտությամբ։ Մենք դրա գործիքակազմը հստակ տեսնում ենք, այն ձեւավորման փուլում է, եւ ամեն ինչ անելու ենք, որ մինչեւ ամառային զորակոչ արդեն ամբողջը ներդրված լինի», - ասել է նախարարը:

 

Վիգեն Սարգսյանը հայտնել է նաեւ, որ «առաջիկայում լրջագույն ուշադրություն ենք դարձնելու զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը»։

 

«Այդ նպատակով բանակում ձեւավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) եւ իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչեւ հաշվապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք եւ այլն», - ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին