Վիգեն Սարգսյանը հանդիպել է բուհերի ղեկավարներին - Mediamax.am

17315 դիտում

Վիգեն Սարգսյանը հանդիպել է բուհերի ղեկավարներին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին առաջարկել է քննարկել զորացրվող երիտասարդներին բուհեր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ ընձեռելու հարցը։

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ «Դիտակետ» ծրագրով անցկացված լայնածավալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ պարտադիր զինվորական ծառայության մեկնած երիտասարդների պատկառելի հատվածը ցանկություն ունի զորացրվելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել կամ շարունակել զորակոչվելու պատճառով կիսատ թողած բարձրագույն կրթությունը։

 

Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ եթե բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան համապատասխան աշխատանք տանել զորացրվող զինծառայողների շրջանում եւ որոշակի պայմաններ ստեղծեն նրանց ընդունելության քննությունների ժամկետները զորացրման ժամանակահատվածին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչպես նաեւ ներկայացնեն նման դեպքերում պետության կողմից առաջարկվող արտոնությունները, բուհեր դիմած զորացրված երիտասարդների քանակը էապես կմեծանա։

 

Պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել բուհերին՝  իրենց կողմից առաջարկվող մասնագիտությունների, ընդունելության կարգի եւ այլ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման համար զորամասերում զորացրվող զինծառայողների հետ հանդիպում-քննարկումներ կազմակերպելու հարցում։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին