Բանակի համար ոչինչ չենք խնայելու, ասել է նախագահը - Mediamax.am

28907 դիտում

Բանակի համար ոչինչ չենք խնայելու, ասել է նախագահը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստում հանդես է եկել ծավալուն ելույթով:

Մեդիամաքսն առանձնացրել է նախագահի ելույթի առավել ուշագրավ հատվածները:

 

«Սահմանում ենք նոր՝ անհամեմատ բարձր նշաձող»

 

Մեր բանակն այսօր ուժեղ է եւ մարտունակ, ունակ է կատարելու իր առջեւ դրված խնդիրները: Սակայն դա չի նշանակում, թե մեր զինված ուժերը չպետք է կատարելագործվեն եւ զարգանան:

 

Մենք այսօր սահմանում ենք նոր՝ անհամեմատ բարձր նշաձող:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաեւ թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով:

 

Բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր

 

Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները եւ ողջ հասարակությունը:

 

Պաշտպանության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում զեկուցել այս ուղղությամբ կատարված աշխատանքի մասին: Քննարկումներից եւ լրամշակումներից հետո այդ ծրագիրը կհաստատվի 2018թ. հունվարի 28-ին՝ մեր Բանակի ծննդյան օրը:

 

Ծրագիրը պետք է լինի այս փուլում մեր պետության գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Յոթ տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի:

 

Արդիականացման առաջին կարեւոր ուղղությունը սահուն անցումն է Սահմանադրության փոփոխություններից բխող՝ զինված ուժերի կառավարման համակարգի նոր պայմանների: «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որ այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում, լուծում է այդ խնդրի կարեւոր, բայց միայն առաջին մասը` իրավական ձեւակերպումը: Այնուհետեւ պահանջվելու է մանրակրկիտ աշխատանք` ենթաօրենսդրական ակտերի մշակման ու ներդրման եւ գործնական քայլերը ճիշտ հերթականությամբ իրականացնելու առումով:

 

Բանակի արդիականացումը վերաբերում է եւ՛ կազմակերպվածության մակարդակին, եւ՛ զինատեսակներին, եւ՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին: Մենք դրանով զբաղվել ենք միշտ, բայց այժմ խնդիր է դրվում արագացնել այդ գործընթացները՝ ապահովելով թռիչքաձեւ զարգացում: Պետք է շարժվենք առաջանցիկ տեմպերով»,- ասել է նախագահը:

 

Հաջորդ տարվա բյուջեում, ինչպես գիտեք, նախատեսվում է ռազմական ծախսերի կտրուկ աճ: Աճը, սակայն, միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական: Դուք քաջատեղյակ եք, որ վերջին մի քանի տարում կտրուկ բարելավվել են մեր զինատեսակների քանակը եւ որակը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Տարեցտարի նոր եւ էական ձեռքբերումներ ենք ունենալու այս ուղղությամբ:

 

«Ոչ կանոնադրային հարաբերությունները պետք է բացառվեն»

 

Պետք է բարելավվեն զինվորական ծառայության պայմանները բոլորի համար՝ առաջին գծում կանգնած զինվորից մինչեւ հրամանատար: Այստեղ մանրուքներ չկան եւ չպետք է լինեն: Ամեն ինչ կարեւոր է՝ սկսած հանդերձանքից, վերջացրած սպայական կազմի բնակարաններով: Սոցիալական ապահովության երաշխիքներն այս հարցում չափազանց կարեւոր են:

 

Կարգապահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: Ծնողը զավակ է մեծացնում, բանակ է նրան ուղարկում եւ պետք է վստահ լինի, որ իր զավակը զորանոց մտնելով՝ գտնվում է մի նոր հոգատար ընտանիքում:

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Սպան եւ հրամանատարը նորակոչիկի համար պետք է լինեն ավագ եղբայր եւ ծնող: Ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: Դրանք անտեղի կորուստներ են:

 

Պետք է բարձրացվի բուժսպասարկման ոլորտի աշխատանքը

 

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք բուժսպասարկման խնդիրներին: Նոր մակարդակի պետք է բարձրացվի այդ ոլորտի աշխատանքը:

 

Ամիսներ անց Երեւանի պետական բժշկական համալսարանում իր դռները կբացի տարածաշրջանում ամենաարդիական վերականգնողական կենտրոնը զինհաշմանդամների համար: Այն պետք է դառնա զինհաշմանդամների բուժման, սոցիալական պաշտպանության եւ վերաինտեգրման միասնական հասցե:

 

Այսօր բավական լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի բժշկական կենտրոնների վիճակի առումով՝ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում: Ցավոք, մեր զինված ուժերի կենտրոնական հոսպիտալն այլեւս չի համարվում արդիական` գերժամանակակից այլ հաստատությունների հետ համեմատ: Կասկածից վեր է, որ սպային, զինծառայողին եւ նրա ընտանիքին սպասարկող բուժհաստատությունը պետք է լինի լավագույններից մեկը երկրում: Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը եւ նախագծման աշխատանքները: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք սկսելու ենք այդպիսի հոսպիտալի շինարարություն:

 

Զորամասերը պետք է հարստացնեն զինծառայողների գիտելիքները

 

Մենք կատարեցինք առաջին կարեւոր քայլը մեր լավագույն կադրերին դեպի զինվորական մասնագիտություն գրավելու ուղղությամբ: Այլեւս իրականություն է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրում, գերժամանակակից պայմաններում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Օրեր անց հենց այնտեղ ենք նշելու մեր մարտական ընկերոջ 60-րդ տարեդարձը: Այսօր եկել է պահը լրջորեն մտածելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների արդիականացման մասին:

 

Այս ողջ շղթայի յուրաքանչյուր օղակը՝ սահմանի առաջին գծից մինչեւ թիկունքի խոշոր բուժհաստատություն, պետք է գործի ճկուն, համակարգված, անխափան եւ արագ: Յուրաքանչյուր օղակ պետք է գործի առավելագույն արդյունավետությամբ:

 

Բանակն այն տեղն է, որտեղ պետք է լրացուցիչ կրթություն ստանան թե՛ շարքայինը, թե՛ սպան: Բանակը պետք է լինի մարդու շարունակական աճի կարեւոր հանգրվան եւ ոչ սոսկ ընդգրկի հայրենիքը պաշտպանելու, հայրենիքի առջեւ պարտքը կատարելու ժամանակահատվածը: Զորամասերում պետք է պայմաններ ստեղծվեն զինծառայողների գիտելիքները հարստացնելու համար:

 

Տարկետման իրավունքը վերացնելու շահարկումները անհեթեթություն են

 

Ես ուզում եմ այստեղ մի փոքրիկ շեղում կատարել եւ ասել՝ բոլոր այն շահարկումները, որ այս օրերին մենք տեսնում ենք՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հետ կապված նոր համակարգի անցնելու եւ տարկետման իրավունքը վերացնելու, ուղղակի անհեթեթություն է:

 

Ժամանակին, երբ մենք փորձում էինք անցնել այս համակարգին՝ ես նկատի ունեմ 15-16 տարի առաջ, էլի նույն շահարկումներն էին, բայց այն ժամանակ մեր խնդիրները մի փոքր այլ էին, եւ մենք չգնացինք մինչեւ վերջ: Սակայն այն ժամանակ այս հարցը ուսումնասիրելով՝ մենք տեսանք, որ երբեք որեւէ մեկին երկու տարի բանակում ծառայելը կամ երկու տարի, երեք տարի, չորս տարի այլ աշխատանքով զբաղվելը չի խանգարել հասնելու գիտության մեջ ամենաբարձր հաջողությունների: Այնպես որ՝ խնդրում եմ նման առիթի դեպքում այս շահարկումներին ուղղակի շատ կոշտ պատասխանել:

 

Ուզում եմ տեղեկացնել, որ ես էլ անձնապես ուսումնառության ընթացքում ուսումս կիսատ եմ թողել, երկու տարի ծառայել եմ, այնուհետեւ վերադարձել ու շարունակել եմ: Անկեղծորեն ասած՝ ես մեկ այլ ուսանող էի առաջին եւ երկրորդ կուրսերում՝ սկզբում, բոլորովին այլ ուսանող էի երկրորդ կուրսից հետո:

 

Երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է

 

Ուզում եմ նաեւ մեկ այլ խնդրի հետ կապված ձեզ դարձյալ խնդրել եւ ակտիվության կոչ անել՝ կապված այն խոսակցությունների հետ, որ պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման, որ բոլորը պետք է լինեն պայմանագրային եւ այլն:

 

Նախ՝ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, բնավ տեղյակ չեն, որ մեր բանակի գրեթե երկու երրորդը, այո՛, պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ պայմանագրային սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ:

 

Եվ երկրորդ՝ այդ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում պաշտպանական անվտանգություն: Եվ երբ մենք 18 տարեկաններին զորակոչում ենք, դա միայն նրա համար չէ, որպեսզի այսօր նրանք սահմանը պաշտպանեն. մեզ անհրաժեշտ է մոբիլիզացիոն ռեզերվ, եւ եթե տարիներ շարունակ մենք 18 տարեկաններին չզորակոչենք եւ զորակոչենք կամ պայմանագրեր կնքենք միայն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ծառայել, դա կնշանակի, որ մեր մոբիլիզացիոն ռեզերվի մի մեծ մասը կյանքում զենք չի տեսել եւ ի վիճակի չէ այդ զենքն օգտագործել: Այսինքն՝ երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է: Նույնիսկ չեմ ուզում այդ խնդիրներին անդրադառնալ: Այնպես որ՝ պետք է ակտիվ լինեք:

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Հասկանու՞մ եք ՝ մարդիկ են խոսում բանակի, անվտանգության մասին, ովքեր, անկեղծ ասած, երեւի մի 5-10 էջ էլ չեն կարդացել կամ գործնականում չեն առնչվել այս խնդիրների հետ, իսկ մարդիկ, ովքեր գիտեն, ովքեր տեղյակ են, ովքեր կյանքի փորձ ունեն, ուղղակի, շատ ներողություն բառիս համար, զահլա չունեն նրանց հետ խոսելու կամ վիճելու: Բայց այդպես չի լինի, մենք չենք կարող այդպես զարգանալ:

 

Լուրջ քայլեր՝ռազմարդյունաբերության ոլորտում

 

Ռազմարդյունաբերական համալիրը եւս լուրջ քայլեր է կատարում` արդիականանալու եւ մեր զինված ուժերը ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ հագեցնելու ուղղությամբ: Մշակվել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիրը, որը մի կողմից շատ հավակնոտ է, մյուս կողմից` ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն արթնացնող, հատկապես` երիտասարդների շրջանում:

 

Ակնհայտ է, որ միայն մեր զինված ուժերի համար միջոցներ արտադրելով՝ մեր ռազմարդյունաբերությունը մրցունակ չի լինի: Հետեւաբար, իմ կողմից դրված խնդիրն է` լիարժեք օգտագործել մեր մրցակցային առավելությունները` հարուստ ավանդույթները, միջազգային մակարդակով մրցունակ գիտնականների առկայությունը, եւ դրանց վրա կառուցել ռազմական գիտության եւ արդյունաբերության վաղվա օրը: Հայաստանը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող եւ արտահանող երկրների շարքում:

 

Սպայական անձնակազմի բնակարանային խնդրի լուծում

 

«Զինվորական ծառայության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսվում է լրջորեն վերանայել սպայական անձնակազմի համար բնակարանային խնդրի լուծման հարցը: Փորձը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ ձգվող, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող, ավելի շատ ջլատող, քան հարց լուծող բնակարանային հերթագրման ծրագիրն իրեն չի արդարացրել: Դրա փոխարեն կարելի է փորձել անցում կատարել մատչելի հիպոթեքային վարկավորման ծրագրի: Թեեւ այդ ծրագրի իրականացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում մեր պետական բյուջեի համար, հանձնարարել եմ մանրամասն ուսումնասիրել եւ լուծում տալ խնդրին` ծրագրի իրագործման նպատակով: Եվ ես գրեթե վստահ եմ, որ մենք հունվարի 1-ից կարողանալու ենք այս համակարգն արդեն գործադրել:

 

Մենք նաեւ պատրաստ ենք լուրջ համաֆինանսավորման աղբյուր գտնել մեր այն սպաների համար, ովքեր կցանկանան միանալ կուտակային կենսաթոշակային ծրագրին` ի լրումն առկա զինվորական թոշակի` իրենց ծերության համար ապահովության պաշար ձեւավորելու նպատակով: Նախնական հաշվարկը թույլ է տալիս ակնկալել, որ իր աշխատավարձի 5 տոկոսը հիմնադրամում հավաքող սպան 65 տարեկանից հետո ստանալու է ամսական այնքան թոշակ, որքան իր զորացրման պահին զբաղեցրած պաշտոնին հավասար հաստիքում ծառայող սպայի աշխատավարձն է:

 

«Զոհված եւ հաշմանդամ զինծառայողների հիմնադրամը ամենաթափանցիկն է»

 

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործունեությունը սկսեց Զոհված եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամը: Տա Աստված, որ այդ հիմնադրամը երբեք անհրաժեշտ չլինի, բայց իրականությունը մի փոքր այլ է: Այս ծրագրով մենք լուծում ենք մինչեւ օրս մեր ամենախոցելի խումբը հանդիսացող` զոհված եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օգնության խնդիրը: Դա մեր ազգային երախտագիտության դրսեւորումն է մեր հերոսներին:

 

Հիմնադրամը մինչեւ օրս գործող ամենաթափանցիկ եւ հաշվետու ընթացակարգերն է որդեգրել: Պետք է խթանենք նաեւ այս հիմնադրամին կամավոր վճարումները:

 

Այս տարի մենք ամբողջությամբ լուծում ենք նաեւ զոհված զինծառայողների անօթեւան ընտանիքների եւ 1-ին կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրները: Ինչպես հիշում եք, հայտնի ժողովի ժամանակ այդպիսի խնդիր դրվեց, եւ պաշտպանության նախարարը դեկտեմբերի վերջին կզեկուցի բոլորին, որ այս խնդիրն այդ պահի դրությամբ ամբողջովին լուծված է: Այս քաղաքականությունը շարունակվելու է:

 

Զինված ուժերի համար միջոցներն առկա են եւ միշտ լինելու են

 

Մենք մինչեւ հիմա պահպանել ենք ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Պահպանելու ենք այսուհետ եւս: Չենք ներքաշվելու քանակական մրցավազքի մեջ, գերադասելու ենք որակական լուծումները:

 

Փողն, իհարկե, կարեւոր է, բայց ավելի կարեւոր է խելքն ու ունակությունը: Մենք փողը ծախսելու ենք խելամտորեն, շարունակելու ենք այս երկուսի՝ փողի եւ խելամտության համադրումը:

 

Այն, ինչ անհրաժեշտ է մեր զինված ուժերի համար, այդ թվում` ֆինանսական միջոցները, առկա են եւ միշտ լինելու են: Բանակի համար ոչինչ չենք խնայելու: Ես դա խոստանում եմ:

 

Արդի բանակը, սակայն, առաջին հերթին հենց դուք եք` սպայակազմը: Առանց սպայակազմ՝ բանակ լինել չի կարող: Միայն սպաներից կազմված ստորաբաժանումներ կարող են լինել, բայց միայն զինվորներից բաղկացած ստորաբաժանումներ չեն կարող լինել: Առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում միանգամից հրամանատար է ջոկվում: Սա բոլորը պետք է գիտակցեն: Սա չի նշանակում, որ մենք թերագնահատում ենք մեր զինվորներին: Բոլորը պետք է գիտակցեն, որ հիմնական գործող անձը, բանակ ձեւավորողը սպան է:

 

Օրինապաշտ, հայրենասեր, հմուտ սպան ոչ միայն հաղթանակի, այլեւ մեր առօրյայի կռողն է: Ուստի, առաջին հերթին կոչ եմ անում հենց ձեզ. աչալուրջ լինել ձեր պարտականությունների կատարման ընթացքում, արմատախիլ անել կոռուպցիոն յուրաքանչյուր դրսեւորում, ճանապարհ հարթել երիտասարդ սպաների առաջընթացի եւ անցնցում սերնդափոխության համար:

 

Մեր զինված ուժերում պետք է ամրապնդվեն փոխադարձ հարգանքի եւ միասնության վրա հիմնված հարաբերությունները: Մեզ պետք է մեկ ընտանիքի շունչ ունեցող բանակ, եւ դրա հիմնական պատասխանատուները բոլոր մակարդակների հրամանատարներն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին