Նոր նախագծերն այլընտրանք են, ասել է Վիգեն Սարգսյանը - Mediamax.am

9406 դիտում

Նոր նախագծերն այլընտրանք են, ասել է Վիգեն Սարգսյանը


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծային առաջարկների ընդունման դեպքում բանակում գործող մոդելը շարունակելու է գործել ներկայիս տարբերակով:

 

««Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերով մենք մարդուն տալիս ենք ընտրության հնարավորություն՝ չպնդելով դրա պարտադրությունը, եւ ներկայացնում ենք այն հանրային քննարկման: Եթե քննարկումների ու սոցհարցումների արդյունքում պարզվի, որ ծրագրերն անհրաժեշտ չեն, մենք կշարունակենք փնտրել այլ միջոցներ»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

 

Անդրադառնալով «Ես եմ» ծրագրին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրա նպատակը առաջնագծում ծառայողի կարգավիճակն այլ զինծառայողի կարգավիճակից տարբերակելն է:

 

«Շեշտը դրվում է այդ բարդ ծառայությունը կամովին ընտրելու կոնցեպտի վրա: Մենք երիտասարդներին հնարավորություն ենք տալիս ծառայության դիմաց ստանալ փոխհատուցման բավական մրցունակ փաթեթ»,- ասել է նախարարը:

 

ՊՆ ղեկավարը մեկնաբանել է նաեւ «Պատիվ ունեմ» նախագիծը.

 

«Եթե քաղաքացին ունի բարձրագույն կրթություն եւ ստացել է զինվորական պատրաստություն, մեր առաջարկած ծրագրով կարող է լինել տակտիկական օղակի՝ դասակի կամ վաշտի հրամանատար՝ անվճար ժամկետային ծառայության փոխարեն անցնելով վճարովի սպայական մասնագիտական աշխատանքի»:

 

Անդրադառնալով ծրագրերի ծախսային հատվածին՝ նախարարը նկատել է, որ սպայական ծառայության համար հաստիքները կան, հետեւաբար, դրանց փոխհատուցման գումարը եւս առկա է.

 

«Այդտեղ նոր ծախսեր չունենք, ուղղակի նոր հնարավորություն ենք տալիս բարձրագույն կրթությամբ զորակոչվողներին՝ ծառայելու ոչ թե որպես շարքային, այլ որպես սպա»:

 

Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ վերոնշյալ առաջարկներով նպատակ չունեն գնալու ռազմականացման ճանապարհով կամ ավելացնելու զինծառայողների թիվը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին