Կստորագրվի ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը - Mediamax.am

10838 դիտում

Կստորագրվի ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայում առաջիկիա օրերին կստորագրվի ՀՀ եւ ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը:

Այս մասին ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա:

 

Վիգեն Սարգսյանը նշել է, որ այցի ընթացքում հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում, բացի վերոնշյալ համաձայնագրից, նախատեսվում է ստորագրել նաեւ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ 2017 թ. համագործակցության ծրագիրը:

 

Անդրադառնալով երկու երկրների զինված ուժերի միջեւ միացյալ զորախմբի գաղափարինˋ նախարարը նշել է հետեւյալը. «Մեծ հաշվովˋ այն վաղուց է ստեղծվել. 2000 թ-ից սկսած ամեն տարիˋ սեպտեմբերի 27-ին, մենք նշում ենք զորախմբի կազմավորման տարելիցը, որի հիմքը հանդիսանում է 16 տարի առաջ Սոչիում ստորագրվածˋ ՀՀ եւ ՌԴ միջեւ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի(ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիրը»:

 

Նախարարի խոսքով, միացյալ զորախմբի վերաբերյալ նոր ստորագրվող համաձայնագրով միջպետական մակարդակով եւ նորմատիվ-իրավական առումով կֆիքսվեն զորախմբի գործունեության նպատակները, առաջադրանքները, կազմը, փոխադարձ համագործակցության կազմակերպումը, կառավարման համակարգը, նյութատեխնիկական եւ ֆինանսական ապահովման եւ այլ հարցեր:

 

«Միացյալ զորախմբի հիմնական առաջադրանքը կայանում է Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ զինված հարձակմանը (ագրեսիային) նախապատրաստումը, ժամանակին հայտանաբերումն ու հետ մղումը»,- ասել է նախարարը:

 

Հայաստանի օպերատիվ-ռազմավարական խնդիրների լուծման ծավալով պայմանավորվածˋ Վիգեն Սարգսյանը հատկապես կարեւոր է համարել, որ զորախումբը տեղակայված է հենց ՀՀ տարածքում:

 

Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ հանդիպում Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ եւ ՀՀ-ի եւ Բելառուսի ՊՆ-ների միջեւ 2017թ․համագործակցության ծրագիրի ստորագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին