Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ զրույց է սկսել ՌԴ աջակցությամբ - Mediamax.am

887 դիտում

Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ զրույց է սկսել ՌԴ աջակցությամբ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայի հետ զրույց է սկսվել, իսկ Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցություն է ընթանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ։

Այդ մասին նա ասել է Վլադիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական ֆորումի (EEF) լիագումար նիստում:

 

«Հույս ունենք Ռուսաստանի աջակցությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ: ԼՂ հիմնախնդրի շուրջ ինտենսիվ խոսակցություն կա Ադրբեջանի հետ: Ակնկալում ենք Ռուսաստանի աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, այլեւ՝ որպես Ադրբեջանի մերձավոր գործընկեր։ Ուզում եմ ընդգծել Ռուսաստանի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ»,- ասել է Փաշինյանը:

 

Նա նշել է, որ տարածաշրջանի համար դժվար ժամանակներ են, կան անվտանգության մարտահրավերներ:

 

«Երբ ողջ համաշխարհային հանրության եւ, հատկապես, անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կոնկրետ մտավախություններ կան, որ դա կարող է մեր տարածաշրջանում հանգեցնել ապակայունացման: Ռուսաստանի հետ սերտ գործընկերության պայմաններում հնարավոր կլինի իրավիճակը տարածաշրջանում վերահսկողության տակ պահել»,- ասել է Փաշինյանը։

 

Խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մասին՝ Փաշինյանն ասել է, որ այդ հայտարարության 9-րդ կետում խոսվում է տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։

 

«Այն, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն է ստանում, գլոբալ առումով նշանակում է տրանսպորտային նոր ուղիների բացման հնարավորություն։ Հայաստանը մեծապես հետաքրքրված է այդ հնարավորության իրագործմամբ: Կա լավ առաջընթաց եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում։ Անհրաժեշտ է լուծել իրավական բնույթի մի շարք հարցեր, թե ինչ իրավակարգավորումներով են գործելու այդ ճանապարհները»,- ասել է Փաշինյանը:

 

Նա նշել է, որ դիրքորոշումը հստակ է՝ բացվող ուղիները պետք է գործեն այն երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո, որոնց տարածքներով անցնում են:

 

«Հուսով ենք, որ այս սկզբունքի հիման վրա կկարողանանք իրագործել հարավը հյուսիսին, արեւելքն արեւմուտքին կապող այս նախագիծը, որն անվանում ենք «Հայկական խաչմերուկ»»,- ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին