«Հայկական քարոզչությունը անհեթեթ թվեր է վկայակոչում», ասել է Էրդողանը - Mediamax.am

2924 դիտում

«Հայկական քարոզչությունը անհեթեթ թվեր է վկայակոչում», ասել է Էրդողանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները 1915 թվականի իրադարձությունների մասին «հակասում են պատմական իրողություններին, հիմնված են խեղաթյուրված ու ոչ հավաստի տեղեկատվության վրա եւ ոչ մի նշանակություն չունեն Անկարայի համար»։

«Պարոն Բայդենը պետք է պատշաճ կերպով ուսումնասիրի եւ իմանա հայերի հետ կապված պատմությունը։ Մենք չենք կարող ներել նրան, որ չիմանալով այդ պատմությունը, նա Թուրքիային մարտահրավեր նետելու փորձ կատարեց»,- Էրդողանի այս խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը։

 

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անատոլիայում հայերը ապստամբություն կազմակերպեցին՝ օտար պետությունների սադրանքների եւ մեղսակցության պատճառով եւ հարձակվեցին մահմեդական բնակչության վրա: Մեր երկրում հայկական ավազակախմբերի կողմից իրականացված ջարդերի ու վայրագությունների մասին հիշողությունները դեռ կենդանի են»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

«Չնայած հայկական քարոզչությունը վկայակոչում է անհեթեթ թվեր, սակայն անվիճելի փաստն այն է, որ այդ ավազակախմբերը դաժանաբար խոշտանգել էին ավելի շատ մահմեդականների, քան հայեր էին զոհվել Անատոլիայում», - հավելել է Էրդողանը:

 

Միաժամանակ, նշել է նա, Թուրքիան «իր պարտքն է համարում ցավակցություն հայտնել Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին