ՀՀ ԱԳՆ. Երեւանն Անկարային առարկայական «համարձակ քայլ» է առաջարկել - Mediamax.am

4625 դիտում

ՀՀ ԱԳՆ. Երեւանն Անկարային առարկայական «համարձակ քայլ» է առաջարկել


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում եւ Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։

«Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ»,- Արմենպրեսի հարցին ի պատասխան ասել է Վահան Հունանյանը։

 

«Կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում եւ Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց դրանք արդյունքի չեն հանգեցրել: Կարեւորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է եւ հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, եւ նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց»,- ասել է նա։

 

Վահան Հունանյանը նշել է՝ կողմերի միջեւ կա նախնական ըմբռնում, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում, բայց հանդիպման ժամկետի եւ վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։

 

Նա ասել է, որ հայկական կողմը համամիտ է Չավուշօղլուի այն մտքի հետ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար համարձակ քայլեր են անհրաժեշտ։

 

«Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարեւոր քայլ էր:

 

Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարեւորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին