Երեւանը պատրաստ է առանց նախապայմանների շփվել Անկարայի հետ - Mediamax.am

4098 դիտում

Երեւանը պատրաստ է առանց նախապայմանների շփվել Անկարայի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսք է հղել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւն ընդունելու համար:

«Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց  ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում եւ այդ գործընթացը բերում է նոր մակարդակի»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների եւ մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում էին Թուրքիայի վարած ապակառուցողական  եւ ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում:

 

Վարչապետն ընդգծել է նաեւ, որ ինչպես Հայաստանի նախկին բոլոր կառավարությունները, ներկայիս կառավարությունը նույնպես պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների:

 

«Եվ, ընդ որում, մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին