Երեւան: Մեդիամաքս: Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններում որեւէ առաջընթաց գրանցելու նախադրյալ չկա:
Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով Մեդիամաքսի հարցին:
«Դժվար է ակնկալել, որ մոտ ժամանակներս հայ-թուրքական հարաբերություններում որեւէ տեղաշարժ կլինի: Սա նախ եւ առաջ պայմանավորված է նրանով, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքում ներգրավված է մեծ խաղերի մեջ: Բացի այդ, Թուրքիան ունի շատ ծանր ներքին խնդիրներ, վերջին օրերին սահմանադրական փոփոխությունների համատեքստում սրվել է նաեւ քաղաքական պայքարը»,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը՝ կանխատեսելով, որ Թուրքիայում իրադրությունն այս տարի ավելի կլարվի:
Թուրքագետի խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը որեւէ կերպ չի գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման:
Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, «ժամանակն է, որ Հայաստանի դիվանագիտական խողովակներն ավելի ակտիվ գործեն՝ ներկայացնելով իրենց մոտեցումները եւ պահանջները»:
«Այն հանգամանքը, որ մենք պատմականորեն մերձավորարեւելյան երկիր ենք, մեզ պարտավորեցնում է ավելի ակտիվ լինել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մենք պետք է ավելի հիմնավորված լինենք մեր արտաքին քաղաքականության մեջ»,- նկատել է Ռուբեն Սաֆրաստյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: