Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 27-րդ - Mediamax.am

exclusive
23153 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 27-րդ

14 հոկտեմբերի: Տուր XXVII: «Շախտյոր»-«Արարատ»

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Շախտյոր» - «Արարատ» - 0:0: 11-մետրանոցներ՝ 3:4

 

Դոնեցկ. «Շախտյոր» մարզադաշտ. 14 հոկտեմբերի. 45 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Ա.Հարությունյան,  Մեսրոպյան, Անդրեասյան, Բոնդարենկո, Իշտոյան, Պողոսով, Մարտիրոսյան, Ն.Ղազարյան (Մարկարով, 72): 

 

11-մետրանոցներ իրացրեցին՝ Անդրեասյան, Իշտոյան, Պողոսով, Մարկարով:

 

Չիրացրեցին՝ Սարգսյան:

 

Արսեն Կակոսյան

 

14 հոկտեմբերի: Տուր XXVII: «Շախտյոր»-«Արարատ»

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ

 

Մինչեւ հոկտեմբերի տասը ես «Շախտյորի» համար նախատեսում էի զրո միավոր: Առհասարակ, դեռ երկրորդ շրջափուլի մեկնարկից առաջ, երբ բոլորը մտահոգված էին Ուկրաինայում կայանալիք հինգ խաղերով, ես վստահ հայտարարում էի, որ առանձնապես ոչինչ տեղի չի ունենա, եթե «Արարատը» ուկրաինական թիմերին պարտվի բոլոր հինգ խաղերը: Կարեւորը՝ չպարտվել տանը եւ Մոսկվայում՝ տորպեդոյականներին ու ԲԿՄԱ-ին: Այդ դեպքում մենք կունենանք 20 միավոր: Գումարած առաջին շրջափուլում կուտակած 20 միավորը, եւ քառասուն միավորով կարելի է հաղթանակ տոնել: Դրանից ավել ոչ մի թիմ չի հավաքի: Բայց վախեցրեց Ռոստովի հետ չարաբաստիկ խաղը, որը խառնեց բոլոր խաղաքարտերը:

 

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

Հավասարակշռությունը պահպանելու համար հարկավոր էր հաղթել ուկրաինական երկու թիմերից մեկին: Հենց այդ ժամանակ եղավ հաղթանակը «Զարյայի» նկատմամբ: Բայց հանգստություն կրկին չկար: Կիեւի դինամոյականները հաղթում էին խաղ խաղի հետեւից, իսկ դա իմ հաշվարկների մեջ չէր մտնում: Բայց, ով գիտե, հնարավոր է՝ հակառակորդի հենց այդ ծոծրակն այրող շունչն էր մեր թիմին լրացուցիչ ուժ հաղորդում, եւ վերջինս փորձում էր առաջ անցնել հակառակորդից, առաջինը հասնել եզրագծի ժապավենին: Հանկարծ՝ նոր վրիպում, այս անգամ՝ Մոսկվայի դինամոյականների հետ խաղում: Հենց այդ ժամանակ էլ երկրպագուները հայացքը սեւեռեցին Դոնեցկի վրա: Իսկ իմ կանխատեսումների սյունակում «Շախտյորի» դիմաց գրված էր «0»: Հոկտեմբերի 10-ի գիշերը ես այն դարձրեցի «2»: Չի կարող այնպես ստացվել, որ «Արարատի» առաջին ելույթը գավաթակրի նոր կարգավիճակում պարտությամբ ավարտվի: Բացի այդ, կար նաեւ այլ նախանշան. 19 տարի առաջ, եզրափակչում պարտվելով կիեւցիներին, երեւանցիները Մոսկվայից մեկնեցին Դոնեցկ եւ այնտեղ նույնպես պարտություն կրեցին: Իսկ այժմ ամեն ինչ ճիշտ հակառակն է տեղի ունենում:          

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Վերջին չորս տուրերի ժամանակ «Արարատի» հաղթելու մեծ ցանկությունը բեկման ենթակա չէր: Մենք տրամադրված էինք միայն հաղթանակի. ոչ մի դեպքում չհանձնվել, չթուլանալ եւ չպարտվել:  Գավաթի նվաճումից հետո բոլոր տղաները կրկնակի պատասխանատվություն էին զգում մեր երկրպագուների առջեւ. գիտեինք, որ ամբողջ աշխարհի հայությունը հետեւելու է մեր խաղերին:

 

Կոլեկտիվիզմը, թիմի միասնական ոգին եւ պատասխանատվությունը մեզ թույլ չէին տալիս միավորներ կորցնել: Մենք առավելագույնս հավաքված էինք գործում, պարտության միտք անգամ չէր կարող լինել: Ֆուտբոլում երբեմն ստիպված ես «անել անկարելին»:

 

Գավաթի եզրափակիչում Կիեւի «Դինամոյին» հաղթելուց հետո ողջ Ուկրաինան մեր դեմ էր տրամադրված: «Շախտյորի» խաղացողներն այդ հանդիպմանը կոպիտ խաղ ցուցադրեցին: Մենք տեխնիկական առումով նկատելի առավելություն ունեինք, եւ դա նրանց շատ էր զայրացնում: Խաղի ընթացքում նրանց պաշտպանը հարվածեց ոտքիս, ես ընկա, գնդակը մնաց իմ կողքին, իսկ նրանց խաղացողներն էլ իբրեւ թե գնդակն էին փորձում խլել, սակայն իրականում ինձ նոր հարածներ էին հասցնում: Այդ վայրենության հետեւանքով վնասվածք ստացա:

 

...Մինչ Դոնեցկից հեռուստահաղորդման մեկնարկը մնացել է մոտավորապես 40 րոպե: Ինչպե՞ս լրացնել այդ դադարը: Հավանաբար, արժե մի քանի նոր մանրամասներ գրանցել գավաթի հանդիպման մասին, որոնք պատմել են իրադարձությունների ականատեսները: Ինձ հատկապես հետաքրքրում էր, թե ինչ էր տեղի ունեցել թիմերի հանդերձարաններում երկու լրացուցիչ խաղակեսերից առաջ:

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

Տաքացած եւ ոգեւորված արարատցիներին Նիկիտա Պավլովիչը ոգեշնչել էր. «Տղանե՛ր: Այսօր, հիմա, կամ հայտնի չէ՝ երբ… Մենք պետք է հաղթենք այս 30 րոպեում: Վաղն արդեն ուշ կլինի: Եվ գոլը հարկավոր է միանգամից խփել: Ես վստահ եմ, որ դուք կխփեք այդ գոլը…»:

 

Իսկ հակառակորդի ճամբարում առկա էին տարաձայնություններ: Մթնոլորտի լարվածության աստիճանի մասին կարելի է դատել՝ թեկուզ ելնելով այն փաստից, որ դինամոյականների ավագ մարզիչ Սեւիդովը հանդերձարանից դուրս չեկավ՝ մինչեւ վերջ դիտելու հանդիպումը: Մի՞թե խաղացողները չէին խրախուսել իրենց մարզչին: Մի՞թե նրանք պարտության մեղքը գցել էին նրա վրա:      

 

Հստակ հիշում եմ հանդիպման յուրաքանչյուր դրվագը, կարող եմ թվարկել՝ քանի անգամ սխալվեցին երեւանցիները: Այդ պահերին յուրաքանչյուր երկրպագու կշտամբում էր նրանց, վրդովված՝ կարող էր նաեւ կտրուկ խոսքեր ասել: Բայց ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի թիմի անհաջողության մեղքը գցել մարզչի վրա:

 

Մի անգամ, խաղաշրջանի ամենասկզբում, երբ «Արարատի» հեռանկարները պարզ չէին, Սիմոնյանն ասաց. «Հաղթում են ֆուտբոլիստները, իսկ պարտվում՝ մարզիչները»: Ես այդ ժամանակ չհամաձայնեցի նրա հետ, ասացի, որ դեռ ոչ մի անգամ ոչ մի երկրպագուից հանդիմանանքի խոսքեր չեմ լսել Ֆալյանի, Պոնոմարյովի, Գլեբովի հասցեին:     

 

- Հնարավոր է,- պատասխանեց նա,- բայց չէ՞ որ երկրպագուները չեն նշանակում ու հեռացնում մարզիչներին:

 

Մինչդեռ կարելի էր լսել նաեւ երկրպագուների խոսքը: Չէ՞ որ դա մեկ, երկու կամ երեք մարդ չէ, այլ՝ մի ստվար զանգված: Անտեսել այն, նշանակում է մոռանալ, թե ում համար են ֆուտբոլիստները խաղում:

 

Երբ Ռոբերտ Ծաղիկյանն ինձ ասաց, որ թիմի ղեկավարությունը, նույնիսկ պարտության դեպքում, պատրաստվում էր մտնել հանդերձարան եւ տղաներին շնորհավորել Գավաթի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, ես դա ըստ արժանվույն գնահատեցի: Այլ կերպ լինել չէր կարող: Մարզական կյանքը հյուսված է ոչ միայն հաղթանակներից: 

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

... Իմ կանխատեսումներն իրականացան կիսով չափ: «Արարատը» վաստակեց մեկ միավոր՝ երկուսի փոխարեն: Բայց՝ շատ կարեւոր միավոր: Ոսկու շողարձակմամբ: Այն կիեցիներին թույլ չէր տալիս առաջ անցնել: Իսկ ինչպիսի՜ դժվարին հանդիպման արդյունքում էր այն ձեռք բերվել: Հանդիպման ավարտից անցել էր արդեն մի քանի ժամ, իսկ ես դեռ վերապրում էի տեսածս: Անընդհատ թվում էր, թե մեր դարպասին գոլ կխփեն, իսկ գնդակը վերջին րոպեին միայն հրաշքով չհայտնվեց «Շախտյորի» դարպասում: Եվ երբ ամենավերջում գիտակցեցի, որ չնայած Աբրահամյանի դարպասի մոտ բուռն գրոհներին, վերջինս ոչ մի անգամ ստիպված չեղավ փայլել իր վարպետությամբ` իրական գոլային պահեր չեղան: Կյանքումս առաջին անգամ մտածեցի, որ ֆուտբոլում փակ, պաշտպանողական տարբերակը նույնպես գոյության իրավունք ունի: Զարմանալի ճշգրտությամբ էր գործում մեր պաշտպանությունը: Այն ոչ մի անգամ հակառակորդի հարձակվողներին մոտ չթողեց տուգանային հրապարակին, դարպասի գրավման համար ելքային դիրքերին: 

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

«Շախտյորին» հաղթեցինք 11 մետրանոցների միջոցով, չնայած եզրափակիչի դրամատիկ հանդիպումից հետո մեզ շատ դժվար էր կենտրոնանալ: «Շախտյորն» առաջին խաղաշրջանում շատ լավ էր հանդես գալիս, հետո զիջեց իր դիրքերը: Դոնեցկից վերադառնալիս մեզ Հայաստանում շատ ջերմ դիմավորեցին, մինչեւ տուն հասնելը ստիպված եղանք մի քանի տեղ կանգնեցնել մեքենաները:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին