Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 14-րդ - Mediamax.am

exclusive
21360 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 14-րդ

1 հուլիսի: Տուր XIV: Երեւանի ֆուտբոլիստներին ընդունում են Մոսկվայի դինամոյականները

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Դինամո» (Մոսկվա) - «Արարատ» - 0:1 (0:1):

 

Մոսկվա. «Դինամո» մարզադաշտ. 1 հուլիսի. 35 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Պետրոսով,  Բոնդարենկո, Իշտոյան, Մարկարով, Զանազանյան, Ղազարյան (Ն.Պետրոսյան, 75):

 

Գոլեր՝ 0:1 Մարկարով (40):

 

Արսեն Կակոսյան

 

1 հուլիսի: Տուր XIV: Երեւանի ֆուտբոլիստներին ընդունում են Մոսկվայի դինամոյականները

 

«ԱՐԱՐԱՏԸ» ՀՐԱԲԽԻ ՎՐԱ՞

 

Մոսկվայում՝ ինչպես տանը: Անհետանում է նյարդային լարվածությունը: Մայրաքաղաքում երկրպագուները թերեւս ամենաարդարն են, չկա ֆանատիզմ: Հաշվի առնելով այդ ամենը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տրիբունաներում միշտ բազմաթիվ են «Արարատի» երկրպագուները՝ ինչպես մոսկվահայեր, այնպես էլ Երեւանից գործուղվածներ, կարելի է հուսալ, որ մերոնք իրենց կզգան ինչպես տանը: Դրա վառ օրինակն է «Սպարտակի» հետ հանդիպումը խաղաշրջանի սկզբում, որը մինչ օրս համարվում է այս տարվա թերեւս ամենալավ ֆուտբոլային ներկայացումը: Բացի այդ, վերջին երկու տարիները «Արարատին» շնորհեցին Մոսկվայի «չեմպիոնի» կոչումը:

 

…Օրագրիս մեջ հուլիսի 1-ով թվանշված այս պարբերությունը գրել էի վաղուց, բայց այսօր սիրտս մի տեսակ անհանգիստ է: Առավոտյան «Комсомольская правда» թերթում կարդացի Մարտին Մերժանովի` հունիս ամսվա իրադարձությունների տեսությունը: Խորը վերլուծություն, խնդիրներին քաջատեղյակություն, նրբանկատ դիտարկումներ: Տագնապալի էր հնչում նրա միտքն այն մասին, որ «Արարատն» առաջատարի իր դիրքով ավելի շուտ գտնվում է հրաբխի, այլ ոչ թե Օլիմպոսի վրա: Չէ՞ որ պայքարն ամեն տուրում դառնում է ավելի սուր ու դժվարին: «Արարատի» հետեւից ընթացող ակումբներն առաջին տարին չէ, որ լավ են խաղում: Դրանցից հինգը` Մոսկվայի եւ Կիեւի «Դինամոները», ԲԿՄԱ-ն, «Շախտյորը» եւ «Զարյան», առաջատարին զիջում են մեկ «մրցաշարային քայլով»: Եթե հաշվի առնենք, որ առաջին շրջանի վերջին տուրում առաջատարները հանդիպելու են միմյանց հետ, կարելի է հավատալ Մերժանովին` հնարավոր է թիմերի նկատելի վերադասավորում:

 

Բայց այդ ամենը չի նշանակում, որ Մարտին Իվանովիչը արժանին չի մատուցում «Արարատին»: Ընդհակառակը, իր տեսության մեջ նա «Արարատի» հաջողություններին ասես տալիս է տեսական հիմնավորում: «Ֆուտբոլային հունիսի լույսի ներքո,- գրում է նա,- երբ մենք հնարավորություն ունեինք ոչ միայն հետեւել սուր մրցապայքարների ԽՍՀՄ առաջնությունում եւ Գավաթի համար պայքարում, այլեւ ականատես եղանք երկու չափազանց հետաքրքիր հանդիպումների Անգլիայի եւ Բրազիլիայի առաջնակարգ հավաքականների հետ, մեր ֆուտբոլի խնդիրներն ավելի ակնհայտ դարձան:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Պարզվեց, որ խորհրդային ֆուտբոլիստները ոչնչով չեն զիջում աշխարհի լավագույն թիմերին ո՛չ ֆիզիկական պատրաստվածությամբ, ո՛չ արագությամբ, եւ նույնիսկ ո՛չ տակտիկայով, որն այժմ ուղղված է հարձակվողական ոճին, բայց հետ են մնում կատարողական վարպետությամբ` թե անգլիացիներից, թե հատկապես բրազիլացիներից:

 

Այսպիսով, կատարողական վարպետության բարձրացման խնդիրն, ինչպես եւ նախկինում, օրակարգային է մեր ֆուտբոլիստների ու մարզիչների համար: Այդ թերությունը հստակ բացահայտվեց միջազգային հանդիպումներում»:

 

Ընդհանրացնելով իր դիտարկումները` տեսաբանը գալիս է այն եզրահանգմանը, որ «Արարատը» առաջատար է իր հարձակվողների արդյունավետության շնորհիվ, ովքեր խփել են բոլորից շատ գոլեր, իսկ արդյունավետությունն, իր հերթին, արտացոլում է թիմի հարձակվողական տակտիկան եւ նրա խաղացողների համեմատաբար լավ տեխնիկական զինվածությունը:       

 

Ահա ինչ ի նկատի ունի Մերժանովը. շատ թիմերի մոտ գրեթե հավասար ուժի դեպքում` արագություն, տոկունություն, տակտիկա, հաջողությունը որոշում է տեխնիկան, իսկ այն երեւանցիների մոտ ավելի լավն է…

 

Այդ մտքերով տարված` սպասում էի երեկոյան հեռուստահաղորդմանը Մոսկվայից: Հրաբխի մասին արտահայտությունը հանգիստ չէր տալիս:

 

…Հարմարավետ տեղավորվում եմ հեռուստացույցի առջեւ եւ Աստծուն աղաչում, որպեսզի երկրորդ խաղակեսի սկզբին հաշիվը գոնե ոչ-ոքի լինի: Ահա «Դինամո» ստադիոնը, լուսացույցը, որի վրա գրված է հաշիվը` 1:0` հօգուտ «Արարատի»: Գոլ է խփել Մարկարովը քառասուներորդ րոպեին: Բրավո, Էդի՛կ: 107-րդ գոլը երկրի առաջնությունում: Երկրի տասներորդ դիպուկահարը, գերազանցել է ֆուտբոլի այնպիսի լեգենդար վարպետների, ինչպիսիք են Բորիս Փայչաձեն եւ Կոնստանտին Բեսկովը: Նրանք խփել են 106-ական գոլ: Նայում եմ Մարկարովին հաջորդող ռմբարկուների ցուցակը եւ նրանց մեջ չեմ տեսնում մեկին, ով կարող էր առաջ անցնել նրանից: Իսկ Էդիկը, եթե իրեն հավաքի, կարող է ավելի վերեւ գնալ: Առաջատարները Հուսաինովն ու Կալոեւն են: Նրանց հաշվին գրանցված են 115-ական գնդակներ:

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Առաջին շրջանի նախավերջին տուրում պետք է հանդիպեինք Մոսկվայի «Դինամոյի» հետ: Բոլորն արդեն գիտեին, որ երկու տարիների ընթացքում «Արարատը» չէր պարտվում Մոսկվայում: Երկրպագուները նույնպես համոզված էին, որ չենք պարտվելու: Սրա հետ կապված բոլոր մոսկովյան թիմերի մոտ անվստահություն էր նկատվում, երբ մեր հետ էին խաղում:

 

Մեզ հաջողվեց հաղթել «Դինամոյին» Մոսկվայում: Միակ գոլի հեղինակ դարձավ Մարկարովը: Մարկարովը մեզ շատ օգնեց: Նրա մեծ փորձը շատ տեղին էր: Չնայած իր փոքր հասակին, նա մշտապես հարձակման ամենաթեժ գծում էր գտնվում եւ կարողանում էր գրագետ ձեւով ճիշտ դիրք ընտրել:

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

…Վերադառնանք խաղին: Երեւում է, տղաների տրամադրությունը բարձր է: Զգացվում է, որ նրանք գտել են իրենց խաղը: Թեեւ նկատվում է, որ արարատցիները որոշակի չափով գոհ են իրենց ձեռք բերածից եւ չեն ցանկանում գայթակղվել: «Մենք մեր գործն արեցինք, կարծես ասում են նրանք գործընկերներին, հիմա դուք փորձեք գոլ խփել»: Դինամոյականները չկարողացան դա անել: Ավելին, նրանք մեկ կամ երկու անգամ կարողացան Աբրահամյանի դարպասի մոտ գոլային պահ ստեղծել, բայց նույնքան հնարավորություն ունեին հակառակորդի դարպասը գրավել նաեւ մերոնք: Այնպես որ, խաղը հավասար էր բոլոր տեսանկյուններից, եւ ելքը վճռեց Իշտոյանի ու Մարկարովի վարպետությունը: Առաջինը գնդակը փոխանցեց տուգանային հրապարակի կենտրոն, իսկ երկրորդը հմտորեն օգտվեց դրանից եւ գեղեցիկ գոլ խփեց գլխով` կրկի՛ն գլխով: Իսկապես հիասքանչ այդ գոլը Կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրեց երկու ժամ անց` «Время» լրատվականի մարզական նորությունների ժամանակ:

 

Հիշում է Էդուարդ Մարկարովը

 

Չնայած փոքր հասակիս, հաճախակի էի գլխով գոլեր խփում: Եթե «պարաշյուտ-փոխանցում» էր արվում, ապա այնտեղ ես անելիք չունեի, սակայն եթե եզրից ոչ մեծ բարձրության վրա սուր փոխանցում էր կատարվում էր եւ հնարավոր էր հարվածել պաշտպանից առաջ անցնելով, ապա այդպիսի պահերը բաց չէի թողնում: Այդպիսի գոլեր շատ էի խփում: 1971 թվականին, օրինակ, խաղում էինք Երեւանում «Պախտակորի» հետ: Մինչեւ խաղը տհաճ շշուկներ կային, որ հնարավոր է «հանձնենք» խաղը, քանի որ իրենք կարող էին դուրս մնալ բարձրագույն խմբից: Խաղի ընթացքում մենք առավելություն ունեինք 2:0, սակայն հետո «Պախտակորը» կարողացավ հավասարեցնել հաշիվը, եւ եթե հանդիպումն այդպես էլ ավարտվեր, շատերը կմտածեին, որ այդ խոսակցություններն անտեղի չէին: Սակայն խաղի վերջում Սերգեյ Բոնդարենկոն ձախ եզրից ուղարկեց գնդակը տուգանային: Գնդակն ընթանում էր ինձնից 2-3 մետր առաջ: Ստիպված էի խփել արդեն օդում՝ «ծիծեռնակի» հարվածով: Հետո մի քանի օր տառապում էի գոտկատեղի ցավերից:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

Հետո հաղորդեցին 14-րդ տուրի մյուս արդյունքները: Հիանալի է, հիմա արդեն միայն մեկ թիմ է կրնկակոխ հետապնդում «Արարատին»` ԲԿՄԱ-ն: Նա ունի 16 միավոր, բայց նրանց հաջորդ հանդիպումը «Արարատի» հետ է եւ Երեւանում: Երկու թիմեր զիջում են երեք միավորով` Կիեւի «Դինամոն» ու «Դնեպրը»: 14-ական միավոր ունեն 5 թիմեր: Այնպես որ, «Արարատն» ամրապնդում է միանձնյա առաջատարի իր դիրքը: Վաղ է խոսել այն մասին, որ նա վառ արտահայտված առաջատարն է: Դրա համար, բացի Մերժանովի թվարկած որակներից, անհրաժեշտ է եւս մեկը` փորձ:   

 

Հիշում է Արարատի երկրորդ մարզիչ Հարություն Քեհեյանը

 

Ի՞նչու էր Մարկարովը շատ գոլեր խփում. մրցակցի տուգանայինում նրա ուղեղը համակարգչից արագ էր աշխատում:

 

Բնականաբար, ամեն թիմում էլ կարող էին խնդիրներ ծագել, բայց կարող եմ վստահ ասել, որ եթե 1973 թ. թիմի ներսում ինչ-որ լուրջ տարաձայնություններ լինեին, ապա հաջողության չէինք հասնի: Ամեն դեպքում, խաղի վրա դա չէր ազդում: Եթե լուրջ բան լիներ, ինչքան էլ փորձեինք հանդերձարանում դա պահել, միեւնույն է կանդրադառնար խաղի վրա: Ընդհանրապես, կարծում եմ, որ 1973թ. հաջողության գլխավոր գրավականներից մեկը այն էր, որ կոլեկտիվը միասնական էր եւ կուռ:

 

Այնպիսի վառ անհատների հետ աշխատելն, ինչպիսին էր օրինակ` Արկադի Անդրեասյանը, միաժամանակ ե՛ւ բարդ էր, ե՛ւ հետաքրքիր: Բնականաբար, կարեւոր արդյունքն է: Իսկ հաղթողներին, ինչպես հայտնի է, չեն դատում: Թիմում ինչ էլ լինի, նպատակը միշտ մեկն է՝ հաղթանակ: Իսկ երբ խաղը հաղթում ես՝ ամեն ինչը մոռացվում է:

 

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

Այսպիսով, առաջին շրջանի ավարտից մեկ տուր առաջ պարզվում է, որ Երեւանի «Արարատը» կհատի առաջնության հասարակածը` նվաճելով «գարնանային չեմպիոնի» ոչ պաշտոնական կոչումը: «Արարատը» կունենա 20 կամ 19 միավոր, կամ 18` ԲԿՄԱ-ին պարտվելու դեպքում: Բայց կպահպանի առաջին տեղը, քանի որ բանակայինները չեն կարողանա հաղթել 8:0 հաշվով: Այդպիսի հաշիվ վերջին անգամ գրանցվել է ավելի քան քսան տարի առաջ…

 

Գրեցի այս ինքնագովությունն ու սարսռացի. «Իսկ եթե հանկարծ…»:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին