Մարմինների վերադարձն ու խոշտանգումների իրավական հետեւանքները - Mediamax.am

exclusive
3883 դիտում

Մարմինների վերադարձն ու խոշտանգումների իրավական հետեւանքները


Հակառակորդի զոհերըˋ շփման գծում
Հակառակորդի զոհերըˋ շփման գծում

Լուսանկարը` PAN Photo

Գնդապետ Արթուր Հարությունյանը
Գնդապետ Արթուր Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը
Փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակառակորդի զոհերըˋ շփման գծում
Հակառակորդի զոհերըˋ շփման գծում

Լուսանկարը` PAN Photo


2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողությունը: Ապրիլի 2-5-ը թեժ մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:

 

Ապրիլի 8-ին կողմերի միջեւ ձեռք բերվեց պայմանավորվածությունˋ  զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Մեդիամաքսն անդրադարձել է 2016-ի ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում կատարված զոհերի մարմինների որոնողական աշխատանքներին ու փոխանակման ընթացին:

 

2016թ. ապրիլի 8

 

ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Մեդիամաքսի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրըˋ ժամը 15:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում, շփման գծի հյուսիսային եւ հարավային ուղղություններում իրականացվում են երկու կողմերի զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: Գործընթացը համակարգում էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները:

 

Ապրիլի 10-ին Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հաստատեց տեղեկությունը, որ ապրիլի 10-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հակամարտող կողմերն իրականցրել են զոհվածների մարմինների փոխանակում:

 

Հաջորդ օրը ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ զոհերի մարմինների փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ս․թ․ ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին:

 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ  անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի: Այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսեւորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին եւ կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների եւ հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնեւյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնեւյան 3-րդ կոնվենցիայի եւ 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջներին։

 

Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միջազգային հանրության եւ մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն»,-ասված էր հայտարարության մեջ:

 

Ապրիլի 19-ին պաշտոնական Երեւանը հանդես եկավ հայտարարությամբ, որով Հայաստանը մերժում էր Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումն ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները:

 

Այս հայտարարության մեջ եւս նշվում էր, որ «ընդամենն օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ զոհերի մարմինների փոխանակման ընթացքում արձանագրվել էˋ ադրբեջանական կողմի փոխանցած հայ զոհերի մարմինների վրա առկա են խոշտանգումների եւ խեղումների անհերքելի հետքեր…»:

 

N զորամիավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը, ով 2016-ի ապրիլին զբաղեցրել է ԼՂՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնը, հիշում է, որ շփման գծի որոշ հատվածներում աշխատանքների ուշացում կամ խոչընդոտներ են եղելˋ պայմանավորված հակառակորդի պահվածքով:

Գնդապետ Արթուր Հարությունյանը Գնդապետ Արթուր Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օրինակ` ասում էին, թե պետք է տալ այսինչ մարդու դին. ոչ մի զոհի ճակատին գրված չէ նրա անուն ազգանունը, որոշ դեպքերում միտումնավոր լարում էին իրավիճակը, պատճառաբանելով, թե պատասխանատու չեն տարածքի անվտանգության համար: Ի վերջո, աշխատանքները կատարվեցին մեր կողմից առաջադրված ու նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»,-Մեդիամաքսին պատմել է գնդապետ Հարությունյանը:

 

N զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ միայն իրենց զորամասի կողմից պահպանվող դիրքերի մատույցներում հակառակորդը երկու տասնյակից ավել դիակ է ունեցել.

 

«Ապրիլի 8-ի համար կար փոխադարձ պայմանավորվածություն, որի համաձայն թուլ տվեցինք, որ գան ու անխոչընդոտ տանեն իրենց զոհերին»,-Մեդիամաքսին պատմել է փոխգնդապետը:

Հակառակորդի զոհերըˋ շփման գծում Հակառակորդի զոհերըˋ շփման գծում

Լուսանկարը` PAN Photo

Անդրադառնալով հակառակորդի կողմից հայ զինծառայողների մարմինների խոշտանգումներինˋ Ալիկ Սարգսյանը նշել է.

 

«Ես այդ ձեռագրին պատերազմի սկզբից էի ծանոթ, բայց, կարծում էի, թե այս տարիների ընթացքում քաղաքակրթությունը ինչ-որ տեղ կարող էր շտկել այն: Պարզվեց, որ հակառակորդի նկարագիրը չի փոխվել եւ չի փոխվելու: Առավել անսպասելի էր, թե ինչպես դա ընդունվեց նրանց հասարակության կողմից, որը հերոսացրեց զոհված մարդու գլուխը հատողին, իսկ նախագահը, ի լուր աշխարհի, պարգեւատրեց նրան…

Փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը Փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեռ 1990-ականներին մենք խիստ արգելում էինք նման պահվածքը: Այդ ժամանակ օրենք կամ կոնվենցիա չկար, ուղղակի մեզ համար տհաճ էր դիակապտությունը կամ զոհվածի մարմին խոշտանգումը. նման արարք թույլ տվողին չէինք հարգում ու զգացնել էինք տալիս, որ նման վերաբերմունքը խիստ անարգալի է: Իսկ ադրբեջանական հասարակությունը 21-րդ դարում էլ շարունակում է հպարտանալ նման պահվածքով…»,- ասել է Ալիկ Սարգսյանը:

 

Պաշտոնական տվյալով, ի թիվս այլ վայրագությունների՝ ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը եւ Քյարամ Սլոյանը ադրբեջանական զինուժի կողմից գլխատվել ու ենթարկվել էին խոշտանգումների:

 

2016-ի ապրիլի 12-ին ՀՀ եւ Արցախի 500-ից ավել հասարակական կազմակերպություն ու ԶԼՄ նամակով դիմեցին Եվրոպական խորհրդարանին: Նշելով հակառակորդի կողմից կատարված խոշտանգումների մասին՝ նրանք պահանջում էին դատապարտել Արցախի Հանրապետության եւ վերջինիս բնակչության նկատմամբ իրականացրած վայրագությունները:

 

Նույն թվականի ապրիլի 25-ին Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ  «2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

 

2016-ի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ  ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորների եւ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի դեմ ներկայացված տարբեր հայցերով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ այլ կառույցներˋ հույս հայտնելով, որ համապատասխան արձագանքներ կստանան նրանցից:

 

Այս տարվա փետրվար ամսին Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Մասնավորապեսˋ ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատու) զոհվածների մարմինների նկատմամբ միջամտության հետեւանքով դիմումատուների հանդեպ դրսեւորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաեւ ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Երեք զինծառայողների առնչությամբ գանգատներում բարձրացվել է նաեւ նրանց կյանքի իրավունքի եւ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:

 

Ներկայումս ՄԻԵԴ-ում կա ապրիլյան պատերազմին առնչվող եւ արագացված կարգով վարույթ ընդունված 23 հայց:

Հակառակորդի զոհերըˋ շփման գծում Հակառակորդի զոհերըˋ շփման գծում

Լուսանկարը` PAN Photo

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբˋ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործը, սովորական կարգով քննվելու դեպքում, կարող է տեւել մինչեւ 10-ը եւ ավելի տարի:

 

«Արագացված կարգով ընդունելու դեպքումˋ այն ավելի կարճ ժամանակ կպահանջի: Ընթացակարգը հետեւյալն է՝ նախ գործը ուղարկվում է պատասխանող կողմի կառավարությանը, տվյալ դեպքում Ադրբեջանին, եւ տրվում է բավական երկար ժամանակ, որպեսզի այն ներկայացնի իր պատասխանը: Հետո ուղարկվում է դիմողներին՝ մեկնաբանելու պատասխանող կողմի պատասխանը եւ ներկայացնելու արդարացի փոխհատուցման վերաբերյալ իր պահանջները, ապա, կրկին ուղարկվում է պատասխանող պետությանը, դրանից հետո՝ որոշակի ժամանակ անց, կայացվում է վճիռը»,- Արցախպրեսի հետ զրույցում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

Մեդիամաքս
/>

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին