Ապրիլյան պատերազմ. Օր երրորդ - Mediamax.am

exclusive
11091 դիտում

Ապրիլյան պատերազմ. Օր երրորդ


Շուլի Հակոբյանը
Շուլի Հակոբյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արտյոմ Ջանոյանըˋծառայակից ընկերների հետ
Արտյոմ Ջանոյանըˋծառայակից ընկերների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Բենիկ Համբարձումյանը
Բենիկ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ հրետանավորները
Հայ հրետանավորները

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հակառակորդի զոհերը
Հակառակորդի զոհերը

Լուսանկարը` Pan Photo

Վիտալի Բալասանյանը
Վիտալի Բալասանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` PAN Photo


2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողությունը: Ապրիլի 2-5-ը թեժ մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:

 

Առաջիկա օրերին Մեդիամաքսը կանդրադառնա ապրիլյան պատերազմի առաջին քառօրյայինˋ պաշտոնական տեղեկատվության վերհուշից զատ ներկայացնելով պատերազմական գործողությունների մասնակիցների պատմությունները:

 

2016-ի ապրիլի 2-ի մասին պատմող նյութը կարդացեք այս հղումով, ապրիլի 3-ի մասին պատմող նյութըˋ այս հղումով:

 

2016թ. ապրիլի 4-ի վաղ առավոտյան ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով:

 

Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ եւ տանկեր: Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարեւելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարեւելյան ուղղությամբ՝ 2 տանկ:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Կեսորին մոտ ՊԲ-ից հայտնեցին, որ շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ: Հակառակորդը ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարեւելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ մեկը` հարավարեւելյան ուղղությամբ: Բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են:

 

Հյուսիսարեւելյան ուղղություն

 

Ապրիլի 4-ին հյուսիսարեւելյան ուղղությամբ հակառակորդը 3 տանկ կորցրեց գյումրեցի Շուլի Հակոբյանի ձեռքով: Առավոտյան ժամը 07:30-08:00-ի սահմաններում հակատանկային ֆագոտի 4 հրթիռով նա ոչնչացնում է հակառակորդի 3 տանկ:

 

Առաջին տանկը խոցելուց հետո, որը հաջողվեց երկրորդ փորձից, հակառակորդը թաքստոցից հանում է տանկերն ու կրակ բացելով դիրքերի ուղղությամբ, փորձում առաջ շարժվել: Չնայած նշանառության տակ գտնվելու հանգամանքինˋ Շուլիին հաջողվում է խոցել եւս երկու տանկ:

Շուլի Հակոբյանը Շուլի Հակոբյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Արտյոմ Ջանոյանը հյուսիսարեւելյան հատվածի այն զինծառայողներից էր, ում հաջողվեց առանց մարդկային կորստի, փոքրաթիվ ուժերով հետ շպրտել հակառակորդի հատուկ նշանակության խմբերին:

 

Մեդիամաքսի հետ զրույցում Արտյոմը նշում է, որ ապրիլի 4-ին արդեն հակառակորդը կենտրոնացել էր միայն հրետակոծության ուղղությամբ.

Արտյոմ Ջանոյանըˋծառայակից ընկերների հետ Արտյոմ Ջանոյանըˋծառայակից ընկերների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

«Փորձում էին այդ ճանապարհով ոչնչացնել մեր կենդանի ուժն ու տեխնիկան, սակայն մեր ստորաբաժանումների դիպուկ կրակոցների արդյունքում հակառակորդը բազում կորուստներ ունեցավˋ թե մարդկային,թե տեխնիկական… Արդյունքում որոշեց չշարունակել արդեն պարտված կռիվը…»,-նշում է Արտյոմը:

 

Խոսելով պատերազմի դասերիցˋ նա ասում է. «Այդ պատերազմն ինձ ցույց տվեց կյանքի դաժան կողմերը, ձեռք բերեցի համառություն, խիզախություն ու հասկացա, որ կյանքում ամեն ինչի համար պիտի պայքարես ու չվախենաս պարտվելուց»:

 

Հարավարեւելյան ուղղություն

 

Տանկային ու այլ զրահատեխնիկայի կորստից բացի, ինչպես նշվում էր հաղորդագրություններում, հայկական կողմին հաջողվում էր խոցել նաեւ հակառակորդի «կամիկաձե» տիպի անօդաչու թռչող սարքերը: Դրանից մեկը հյուսիսային հատվածում չեզոքացրեց շարքային Բենիկ Համբարձումյանը, ով ապրիլի 2-ի առավոտյան տագնապ հրահանգով բարձրացել է առաջնագիծ:

 

«Հիմնական լարվածությունը կապված էր անօդաչու թռչող սարքերի հետ, որոնք փորձում էին հետախուզական աշխատանք կատարել, իսկ «կամիկաձե» տեսակի ԱԹՍ-ները՝ ոչնչացնել թիրախը»,-Մեդիամաքսի հետ զրույցում նշել է Բենիկը:

Բենիկ Համբարձումյանը Բենիկ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ապրիլի լույս 4-ի գիշերը՝ մոտավորապես ժամը 04:00-ին, հակառակորդը մեր տարածք էր ուղարկել հերթական «կամիկաձե»-ն, որի նպատակը մեր մարտական դիրքը խոցելն էր: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց շեղել նրան իր նպատակից: Մեր կայանքներից եւս մեկն աշխատում էր այն խոցելու ուղղությամբ: ԱԹՍ-ն մոտենում էր մեզ: Տեսանելիությունը բավական վատն էր, ձայնից հասկացա, որ արդեն մեր գլխավերեւում է, արագ կարգի բերեցի կայանքը ու սպասում էի հարմար պահի: Վայրկյաններ անց հնարավոր եղավ որսալ թիրախը, որը գտնվում էր մեզանից մոտ 1200 մետր բարձրության վրա: ԶՈՒ-23-2 տիպի զենիթային կայանքից խոցեցի այն, երկրորդ կրակահերթից արդեն ձայնն անհետացավ, րոպեներ անց իմացանք, որ վայր է ընկել մեզանից բավական հեռու տարածքում»,-պատմել է Բենիկը:

 

Ակնայի ուղղություն. Հակառակորդի խուճապահար փախուստն ու Ստեփանակերտ հասնելու պլանի ձախողումը

 

Ապրիլի 3-4-ին ադրբեջանական ուժերն ակտիվ վերադասավորումներ են կատարում Արցախի կենտրոնական՝ Ակնայի (Աղդամ) ուղղության վրա: Հակառակորդն այս տարածքում կենտրոնացնում է հրետանային ու համազորային ուժեր ու տանկային գումարտակ:  Ապրիլի 4-ի 18:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի ուժերը հրանոթներով ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով կրակ են բացում հակառակորդի կենտրոնացած ուժերի ուղղությամբˋ չեզոքացնելով դրանք:

Հայ հրետանավորները Հայ հրետանավորները

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած, կամավոր հիմունքով որոշակի դերակատարություն էր ստանձնել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված պաշտպանական հատվաոծում, Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում պատմել է հակառակորդի ծրագրի մասին.

 

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ սկսեց հրետակոծությունը, գնացի առաջնագիծ: Ութը ժամ չեր անցել, երբ մեր պաշտպանական շրջանի պահեստազորի բոլոր տղաները կամավոր եկել էին խրամատ»,-պատմել է Վիտալի Բալասանյանը:

 

Նրա փոխանցմամբˋ ապրիլի 2-ի առավոտյան Ակնայի (Աղդամի) ուղղությամբ նկատել են հակառակորդի տեխնիկայի շարժ: Կուտակումները շարունակվել են նաեւ հաջորդ օրվա ընթացքում:

Վիտալի Բալասանյանը Վիտալի Բալասանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ապրիլի 4-ի երեկոյան, հրետանու օգնությամբ կարողացանք խորքում կազմալուծել հակառակորդի տանկային շարասյունըˋ արդյունքում նրան մեծ վնաս պատճառելով: Հակառակորդի ծրագիրը հետեւյալն էր` աջ եւ ձախ թեւերում պետք է մխրճվեին, Պաշտպանության բանակը զորքի տեղաշարժ կատարեր, ինչի հետեւանքով նրանք կարողանային առաջ շարժվել: Ապրիլի 4-ին նախատեսվում էր, որ Աղդամի մզկիթի մոտ Ալիեւը պետք է շքերթ ընդուներ, որից հետո հակառակորդը, ըստ իր պլանի, ապրիլի 8-ին արդեն պետք է հասներ Ստեփանակերտ եւ Շուշի: Իրենց ունեցած զենքը, զինամթերքն ու այլ միջոցները ճիշտ օգտագործելու դեպքում, նրանք հաշվարկել էին, թե հնարավոր է կենտրոնականˋ Աղդամի ուղղությամբ ճեղքում կազմակերպել:  Չթերագնահատելով հակառակորդինˋ պետք է ասեմ, որ դա հնարավոր չէ. մեր դիրքերը, զորքը, զինտեխնիկան, հակաօդային պաշտպանության համակարգն ու այլ անհրաժեշտ տարրեր բավարար են, որպեսզի մենք կարողանաք պաշտպանություն կազմակերպել, եւ, ինչու չէ, մարտի ընթացքում անցնել հակահարձակման»,- Մեդիամաքսին պատմել է Վիտալի Բալասանյանը:

 

Խոսելով այսօրվա իրավիճակից, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ հակառակորդի յուրաքանչյուր շարժ գտնվում է վերահսկողության ներքո, իսկ դիրքերն ունեն անհրաժեշտ տեխնիկական կահավորումն ու զինամթերքը:

 

«Ես գլուխ եմ խոնարհում մեր բոլոր զոհերի առջեւ: Ամեն մի զոհված զինվոր մինչեւ վերջ կռվել է: Սուտ է, թե փամփուշտ չի եղել: 2016թ. ապրիլին եղել եմ շփման գծի թեժ կետերի գրեթե բոլոր խրամատներում, խոսել տղաների հետ, օրագիր ունեմ, որտեղ անուն-ազգանուններով գրառումներ եմ արել մեր զինվորների գործերի մասին: Մեր զորքն աշխարհի ամենալավ զորքն է…»,- եզրափակել է Վիտալի Բալասանյանը:

 

Ապրիլի 4-ին երեկոյան ԼՂՀ Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնեց, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի: Եւս 26 զինծառայողներ համարվում էին անհայտ կորած: Նա նշել էր, որ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է նաեւ 7 տանկ: «Ադրբեջանի առաջխաղացումը չի գերազանցել 300 մետրը: Այս պահին մենք ունեն 5 կորցրած դիրք հարավային ուղղությամբ եւ 3-ը՝ հյուսիսային»,-ասել էր գնդապետը:

Նրա փոխանցմամբˋ Ադրբեջանը կորցրել էր 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա եւ այլ զինտեխնիկա: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ուներ մոտ 300 զոհ:

Հակառակորդի զոհերը Հակառակորդի զոհերը

Լուսանկարը` Pan Photo

Ապրիլի 4-ին ադրբեջանական կողմը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբահարմելու սպառնալիքներով: Ուշ երեկոյան հակառակորդի սպառնալիքներին պատասխանեցին Արցախի հանրապետության պաշտպանության բանակիցˋ «Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել սեփական զինանոցում կուտակված ТОС 1 «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսեւորեցին դիրքային մարտերում, այլեւ գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա եւ տասնյակների հասնող կենդանի ուժ: Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի խաղաղ բնակավայրերի եւ մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին եւ նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ եւ ավելի ցավոտ»,- ասվում էր  ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ:

 

Ապրիլի 4-ըˋ «դիվանագիտական ճակատում»

 

ՀՀ նախագահը հանդիպեց ԵԱՀԿ անդամ-երկրների դեսպանների հետ

 

Ապրիլի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում ունեցավ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետˋ նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները»:

 

«Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախություն»,-հայտարարել էր ՀՀ նախագահը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ նշել էր, որ «Թուրքիան, լինելով ԵԱՀԿ անդամ երկիր, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից»:

Լուսանկարը` Ֆոտոլուր

ՀՀ ՊՆ հայտարարությունը

 

Ապրիլի 4-ին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարությունը, որով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում էր այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության եւ մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում:

 

«Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաեւ ադրբեջանական զինված ուժերի եւ զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների եւ քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք հանդիսանում են ռազմական հանցագործություններ: Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլեւս չմասնակցող կոմբատանտների եւ ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները եւ ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները եւ այլն: Միջազգային իրավունքի խախտումների եւ պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները եւ թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջեւ»,- ասվում էր ՀՀ ՊՆ-հայտարարության մեջ:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հակառակորդի քայլերը ներկայացվել էր ԿԽՄԿ-ին

 

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ եւ մանրամասներ ներկայացրել Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

Նա նշել էր, որ հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են:

 

Լավրովն ու Քերին դատապարտել էին «արտաքին դերակատարներին»

 

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

 

«Կողմերը պայմանավորվել էին ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմանը աջակցելուն ուղղված Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերըˋ միաժամանակ «դատապարտել են որոշ «արտաքին դերակատարների» փորձերըˋուղղված Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը հրահրելուն», - ասվում էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Լուսանկարը` PAN Photo

Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին

 

Հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Մի օր Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իրական տիրոջ մոտ, կրկին ադրբեջանական կդառնա»:

 

2016-ի ապրիլի 2-ի մասին պատմող նյութը կարդացեք այս հղումով, ապրիլի 3-ի մասին պատմող նյութըˋ այս հղումով:

Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին