«ԱԺ ընտրություններ` v1.0- v 4.0»` 2007 թվականի ընտրությունները - Mediamax.am

exclusive
9058 դիտում

«ԱԺ ընտրություններ` v1.0- v 4.0»` 2007 թվականի ընտրությունները

Այսօր ներկայացնում ենք եզրափակիչ մասը` 2007թ. ընտրությունների մասին:

Լուսանկարը`


ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական եւ 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին: Ընտրություններին մասնակցեցին 23 քաղաքական ուժեր` 22 կուսակցություն եւ 1 նախընտրական դաշինք:

 

Չորրորդ գումարման խորհրդարանական ընտրություններին, ի տարբերություն 2003-ի ընտրությունների, գրանցվեց ընտրողների մասնակցության բավականին բարձր մակարդակ` 59.4%:

 

Դիտարժան փաստ էր, որ պարտություն կրեց այսպես կոչված «հին գվարդիայի» ընդդիմությունը` ՀԺԿ-ն Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային միաբանությանը»` Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ: Նրանք ստացան համապատասխանաբար ձայների 3,6% եւ 2.7%-ը:

 

Օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարեցին 5 կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (32.8 %), Բարգավաճ Հայաստան-ը (14.7 %), ՀՅԴ-ն (12.7 %), Օրինած Երկիրը (6.8 %) եւ Ժառանգությունը (5.8 %):

 

Ազգային Ժողովում ստեղծվեցին 5 խմբակցություններ` ՀՀԿ (64 պատգամավոր), ԲՀԿ (25), ՀՅԴ (16), ՕԵԿ (8), Ժառանգություն (7):

 

Սկանդալներ

 

Ընտրությունների հետ կապված գլխավոր սկանդալը ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ կապված «լրտեսական կրքերն էին»: «Գոլոս Արմենիի» օրաթերթը ապրիլի 21-ի համարում «Մարկո Պոլոյում» սեղանի շուրջ» հոդվածում հատվածներ հրապարակեց Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի զրույցից, ըստ որի Արթուր Բաղդասարյանը դեսպանությունից աջակցություն էր պահանջում եւ առաջարկում ընտրությունների հետ կապված ավելի կոշտ դիրքորոշում ընդունել:

 

Լուսանկարը` PanArmenian Photo

 

Մի քանի օր անց Բրիտանական դեսպանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ անհանգստություն եւ հիասթափություն հայտնեց զրույցի բովանդակությունը ԶԼՄ-ներում հրապարակելու կապակցությամբ` շեշտելով, որ աջակցությունը որեւէ քաղաքական կուսակցության ծրագրերին երբեք չի եղել եւ չի կարող լինել իրենց գործը:

 

Ապրիլի 30-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանի պահելաձեւը բնութագրեց որպես «դավաճանություն»: «Ով դավաճանել է մեկ անգամ, կդավաճանի նաեւ երկրորդ անգամ», - հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

Րաֆֆի Հովհաննիսյան` 2007թ. շատերը մեր մասին անգամ չեն լսել

 

«Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից հետո հայտարարել էր, որ մայիսի 12-ի ընտրություններում իր կուսակցությունն իրականում ստացել է ոչ թե 80, այլ 250 հազար ձայներ: Նա նաեւ պատրաստականություն էր հայտնել համագործակցել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ` ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր:

 

Լուսանկարը` Photolure

 

“Մի քանի տարի մենք եթերի հնարավորություն չունեինք ու երբ շրջում էինք գյուղից գյուղ, մարդիկ անգամ մեզ չէին ճանաչում, չէին լսել “Ժառանգության” մասին: Մենք մարդկանց քաղաքացիական անտեղյակությունից դուրս բերելու խնդիր ունեինք:

 

Ես վստահ եմ, որ մենք հաղթեցինք Երեւանում: Չնայած նրան, որ դա մեր առաջին փորձն էր` Հայաստանում մենք առաջատարների շարքում էինք: Իհարկե, նոր էինք, չկարողացանք պաշտպանել մեր քվեն, սակայն դասեր քաղել ենք այդ փորձից”,-ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

ԶԼՄ-ներն ընտրությունների մասին

 

«Ազգ» օրաթերթ`

«Այս ընտրարշավի ամենակարեւոր առանձնահատկությունն այն էր, որ նա անցնում էր բավականին քաղաքակիրթ եւ հանգիստ: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ քարոզարշավի ամենապահանջկոտ զինանոցը եղել է հայհոյանքն եւ անեծքը իշխանությունների հասցեին, քանի որ ընդդիմությունը վայելում էր հասարակության կողմից որոշ վստահություն եւ ընդդիմադիր գործիչների հայտարարությունների նկատմամբ պահպանվում էր որոշակի մասնաբաժին վստահություն, ապա հիմա պատկերը միանգամային այլ է: Այն մեկ-երկու ընդդիմադիր ուժերը, որոնց քաղաքական օրակարգում շարունակում է մնալ բացառապես հայհոյանքը, սպառնալիքներն եւ վերջնագրերը, ինչպես ցույց տվեցին քարոզարշավը հասարակության մեջ պահանջված չէ»:

«Գոլոս Արմենիի» `

 

«Ընտրությունների ընդհանուր գնահատականը` այս ընտրությունները մի քանի անգամ տարբերվում էին անցյալ ընտրություններից լավ իմաստով: Ընտրությունները հաճելիորեն զարմացրեցին, ինչպես ընտրական գործընթացի ավելի լավ կազմակերպված լինելու առումով, այնպես էլ մասնակից քաղաքական ուժերի եւ ընտրողների ակտիվությամբ: Իհարկե, ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է եղել, եւ դրա մասին կլինեն առանձին խոսակցություններ, սակայն, ընդհանուր առմամբ ընտրությունները անցկացվեցին առանց մեծ անակնկալների»:

 

«Հայկական ժամանակ» `

 

«Մեծ հաշվով, հարցը նրանում չէ, որ իշխանությունները կեղծեցին ընտրությունների արդյունքները, այլ նրանում, որ ստեղծվել է ընտրությունների միջոցով իշխանությունների վերարտադրման «մշտական մեխանիզմ»: Մեր իշխանությունները 4 տարի աշխատում են թալանով, իսկ 5-դ տարին` ծախսում են այդ գումարները իրենց վերարտադրման համար: Ընդ որում, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունների հովանավորության ներքո մշտական աշխատում են խմբեր, որոնք զբաղված են մի հարցով` ընտրությունների կեղծման մեխանիզմների կատարելագործման»:

 

ԲՀԿ-ի «դեբյուտը»

 

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը անդրադարձել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որն առաջին անգամ մասնակցելով ընտրություններին, գրավեց 2-րդ տեղը:

 

Լուսանկարը` PanArmenian Photo

 

«Չնայած նրան, որ ընտրություններին պարտություն կրած ընդդիմադիր ուժերը եւ մինչեւ անգամ խորհրդարան անցած «Օրինած Երկիր»-ը, հրաժարվել են ընդունել արդյունքները եւ պատրաստվում են բողոքարկել դրանք դատական ատյաններում, նորընտիր Ազգային ժողովում դասավորվածությունը չի փոխվի: Միջազգային դիտորդները խոսում են մանր խախտումների մասին եւ ընտրությունները համարում են կայացած: Հետագա զարգացումների սցենարը կարելի է հաշվարկել հետեւելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարքագծին: Նախնական արդյունքների հրապարակումից հետո նա ընդունեց գործարար Գագիկ Ծառուկյանին եւ շնորհավորեց նրան քաղաքական ասպարեզում հաջող մեկնարկի կապակցությամբ: Այդ կուսակցությունը ձեւավորվել է ընտրություններից քիչ առաջ, եւ, ինչպես պնդում են փորձագետները, նախագահական աշխատակազմում ստեղծված նախագիծ է, որը մտահոգված է ՀՀԿ առաջնորդ եւ ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի ազդեցության եւ հզորության արագ աճով: «Բարգավաճ Հայաստանը» նախատեսված է հավասարակշռել իրավիճակը հաջորդ տարի իր պաշտոնից հեռացող նախագահ Քոչարյանի օգտին: Միեւնույն ժամանակ, դիտորդները կարծում են, որ, հաշվի առնելով քարոզարշավի ժամանակ ծախսած ահռելի գումարները, Ծառուկյանը կարող էր ավելի մեծ հաջողություն ակնկալել: Սակայն ստացած մանդատների թվաքանակով էլ գործարարը միանգամայն գոհ է»:

 

Դավիթ Հարությունյան` 2007թ. այսօրվա պես թեժ պայքար չէր գնում

 

«Կարծում եմ, եթե համեմատենք 2007թ. ընտրությունները այսօրվա ընտրությունների հետ, ապա էական տարբերություններ կտեսնենք: Հիմնական տարբերությունն ընտրապայքարի թեժության մեջ է: Այն ժամանակ քաղաքական ուժերի միջեւ այսօրվա պես թեժ պայքար չէր գնում:

 

Լուսանկարը` PanArmenian Photo

 

Երկրորդ տարբերությունը ընտրական օրենսդրության հետ է կապված, քանի որ այն ժամանակ կային բազմաթիվ հարցեր, որոնց հստակ պատասխան չունեին, եւ ամեն ինչ կախված էր ձեւավորվող քաղաքական մշակույթից:

 

Ինչո՞վ էր պայմանավորված «ավանդական ընդդիմության» պարտությունը այդ ընտրություններին: Կարծում եմ, առաջին հերթին, դա կապված էր տնտեսության զարգացման տեմպերի հետ, որոնք ունեին եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ գործոններ: Հայտնի է, որ տնտեսական զարգացումը միշտ չէ, որ ուղղակիորեն շաղկապված է քաղաքական իշխանությունների հետ, որովհետեւ այստեղ բազմաթիվ գործոններ կարող են դերակատարություն ունենալ, բայց այն, որ դա ուղղակիորեն ազդում է ընտրական տրամադրությունների վրա, դա եւս փաստ է»:  

 

Դիտորդները եւ նրանց գնահատականները

 

Հատկանշական է, որ առաջին անգամ ընտրություններին դրական գնահատական տվեցին ոչ միայն ԱՊՀ-ի դիտորդները, այլ նաեւ ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԽԽՎ դիտորդները: Նրանք հայտարարեցին, որ անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում համապատասխանում էին միջազգային չափանիշներին, եւ «համապատասխանում են Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, չնայած նրան, որ որոշ հարցեր մնում են չլուծված»:

 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Տոնե Տինգսգարդը (Tone Tingsgaard) նշել էր, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ գրանցվել են դրական փոփոխություններ:  Նրա խոսքերով, դիտորդները նաեւ որոշակի թերություններ են գրանցել, մասնավորապես` ձայների հաշվարկի դանդաղ ընթացքը: Այնուամենայնիվ, այդ թերությունները շոշափելի չէին, եւ «այս ամենը լավ է երիտասարդ հայկական ժողովրդավարության համար»:

 

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակության ղեկավար Լեո Պլատվոետը (Leo Platvoet) նույնպես ասել էր, որ կայացած ընտրություններն առաջընթաց են նախորդների համեմատ:

 

Դիտորդները հույս հայտնեցին, որ «այդ ընտրությունները կնպաստեն ընտրական գործընթացների նկատմամբ ընտրողների վստահության վերականգնմանը»:

«Նախընտրական պայքարը դինամիկ էր եւ լայնորեն լուսաբանվում էր ԶԼՄ-ներում:

 

Վերջաբան

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքները սկսվեցին 2007թ. հունիսի 7-ին: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, տեղակալներ` Վահան Հովհաննիսյանը եւ Իշխան Զաքարյանը:

 

Հետագայում Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արեւիկ Պետրոսյանը` 2007թ.  նոյեմբերի 12-ին  (Ի. Զաքարյանը նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ), Հրայր Կարապետյանը` 2008թ. մայիսի 20-ին (Վ.Հովհաննիսյանը հրաժարական ներկայացրեց), Սամվել Նիկոյանը` 2009թ. մայիսի 18-ին (Հ.Կարապետյանը հրաժարական  ներկայացրեց): Այնուհետեւ խոսնակի պաշտոնում Տիգրան Թորոսյանին փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, իսկ վերջինիս` Սամվել Նիկոյանը:

 

1995թ. ընտրությունների մասին կարդացեք այստեղ:

 

1999թ. ընտրությունների մասին կարդացեք այստեղ:

 

2003թ. ընտրությունների մասին կարդացեք այստեղ:

 

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին