«Ճարպիկ Մարթինը». հակահերոսը, քավարանն ու միջուկային պատերազմի սպասումը - Mediamax.am

exclusive
1371 դիտում

«Ճարպիկ Մարթինը». հակահերոսը, քավարանն ու միջուկային պատերազմի սպասումը


Դրվագ Pincher Martin օպերայից ներկայացումից
Դրվագ Pincher Martin օպերայից ներկայացումից
Վիլյամ Գոլդինգը ստանում է Նոբելյան մրցանակը
Վիլյամ Գոլդինգը ստանում է Նոբելյան մրցանակը
Վիլյամ Գոլդինգը
Վիլյամ Գոլդինգը

Լուսանկարը` Անտարես


«Անտարես» հրատարակչությունը «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով լույս է ընծայել Վիլյամ Գոլդինգի «Ճարպիկ Մարթինը» վեպը։ Քննադատներն այն համարել են Գոլդինգի ամենախորունկ ու բարդ գործերից մեկը։ Հրատարակվել է 1956-ին՝ հաջորդելով բրիտանացի գրողի լավագույն ստեղծագործությունը համարվող «Ճանճերի տերը» վեպին։

Վիլյամ Գոլդինգը ստանում է Նոբելյան մրցանակը Վիլյամ Գոլդինգը ստանում է Նոբելյան մրցանակը

 

«Ճարպիկ Մարթինը» Ամերիկայում հրատարակվել է «Քրիստոֆեր Մարտինի երկու մահը» վերնագրով։ Հրատարակիչները համարել են, որ ամերիկացի ընթերցողը չի հասկանա pincher բառի նշանակությունը։ Հայերենում վերնագրի թարգմանությունը բնօրինակից է։

 

Վիլյամ Գոլդինգի այս ստեղծագործությունները հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1990-ին (մեկ պրակով)՝ Արտաշես Էմինի թարգմանությամբ։

 

- Առաջին հայացքից գիրքը նավաբեկության ենթարկված մարդու գոյաբանական պայքարի մասին է։

 

- Տարբեր շերտեր ունի։ Առաջին շերտը՝ Ռոբինզոնը, մակերեւույթի վրա է. պայքարն է բնության դեմ, ապրելու համար։ Հաջորդ շերտերում՝ ժայռին գամված Պրոմեթեւսն է, սակայն եթե Պրոմեթեւսը մարդկությանը կրակ էր ուզում տալ, այստեղ պատմությունը շրջված է։ Հետո Դանթեն է՝ քավարանի գաղափարը, Աստծու որոնումները։ Վերջում անակնկալ հողանցում է, երբ Մարթինին լողափին գտնողներն ասում են, որ նա անգամ չի հասցրել ջրի մեջ կոշիկը հանել։

 

- Ժայռաբեկորի վրա Մարթինը փորձում է չկորցնել զգոնությունը, խոսելու ունակությունը, պայքարում է տարերքի, սովի, ծարավի դեմ, սակայն մղձավանջները, հիշողությունները կարծես ավելի՞ իրական են։

 

- Այստեղ էլ մի քանի աստառ կա։ Մեր օրերում արդեն քիչ է մնում ճշգրիտ գիտությունը քվանտային էքսպերիմենտալ մեթոդներով համոզվի, որ պատրանք է մեր կյանքը։ Ռենե Դեկարտից է սկսվել՝ սոլիպսիզմի հիմնադրից։ Այս վեպում նույն միտքն արծարծվում է ցայտուն, գեղարվեստական ընտիր մակարդակով։

 

- Կա նաեւ կարծիք, որ գրքում նկարագրված է մեռնելու տեխնիկան՝ դրախտին ընդառաջ։ Ի վերջո, հետմահո՞ւ, թե՞ մահվանն ընդառաջ էր հերոսն ապրում իր կյանքի այս փորձառությունը։

 

- Ցանկացած գեղեցիկ ձեւակերպված միտք զուգորդվում է ճշմարտության հետ, ինչպես օրինակ «գեղեցիկը կփրկի աշխարհը» արտահայտությունը, որ վերագրում են Դոստոեւսկուն (թեեւ ինքը չի ասել)։ Բայց այդպես չէ, գեղեցիկ ձեւակերպած միտքը կարող է նաեւ ամբողջովին սուտ լինել ու իրականությունից առավել կտրված։

Լուսանկարը` Անտարես

Կարծում եմ, այստեղ շեշտադրված է քավարանի գաղափարը, ավելի շուտ՝ Limbo-ի, թեեւ Բենեդիկտոս XVI պապն այն պաշտոնապես չեղարկեց։ Վատ մարդու մասին է, որ հիշում է, թե ինչպես է իրեն դրսեւորել կյանքում, առանց հասկանալու, որ անարժան է վարվել։ Հակահերոս կոչվածն է, բայց այնպես է արված, որ սկսում ես նաեւ ապրումակցել, ի վերջո մարդ է։

 

- «Վեցերորդ օրը նա արարեց Աստծուն... Արարեց սեփական օրինակով։ Ինքս եմ քեզ ստեղծել, ուրեմն կարող եմ ստեղծել նաեւ իմ դրախտը»։ Գոլդինգի հերոսը պայքարի արդյունքում գտնո՞ւմ է իր դրախտը։

 

- Չեմ կարծում, բայց լույսի բարալիկ մի շող վերջում երեւում է։

 

- Վեպի տրամադրությունն ինչո՞վ է պայմանավորված։

 

- Գրվել է անցած դարի կեսերին, երբ աշխարհը միջուկային պատերազմի հնարավոր վտանգի առաջ էր։ Բոլորը համարյա վստահ էին, որ վերջը այսօր-վաղը վրա կհասնի։

 

- Կարդալիս՝ անմարդաբնակ կղզու սյուժեի նման զարգացում կանխատեսո՞ւմ էիք։

 

- Օտարալեզու գրականությունը սովորաբար հետին մտքով եմ կարդում, պարզ ընթերցողի իմ վայելքը «փչացված» է. խորանում եմ ատամնանիվների ու պտուտակների մեջ, սկսում պատկերացնել, թե ոնց կարելի էր թարգմանել։ Առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում վարպետությանը, սյուժեն (եթե կա) հետին պլան է մղվում։

 

 - Ինչո՞վ Ձեզ գրավեց վեպը։

 

- Ես սիրում եմ բազմազանություն, ամեն անգամ նոր բան եմ փնտրում։ Եթե նկատել եք, շատ տարբեր են իմ թարգմանած գրքերը։ «Բառերի գետը» պատմվածքների ժողովածուում, օրինակ, մի կազմի տակ փորձել եմ ամփոփել ոճական ու թեմատիկ լայն երփնապնակ։ Երբ կարդացի այս վեպը, սկսնակ թարգմանիչ էի, ասացի՝ հայերեն հնարավոր չէ թարգմանել ու թարգմանեցի որպես մարտահրավեր (նաեւ սկզբունքային այն նկատառումով, որ ռուսերենը չկար)։ Այդ ոճը գոյություն չուներ հայ գրականության մեջ՝ առաջին դեմքով, աներեւույթ, գերիրապաշտական ելեւէջներով։

Գուցե անգլիագիր գրականության մեջ նույնպես նորություն էր, բայց հայերեն թարգմանելն անհնար էր թվում։ Թերեւս հաջողվեց։ Թեեւ դժվար է կարդացվում։ Ստորջրյա խութեր կան, պետք է ուշադիր լինել, որ բաց չթողնես։ 70-ականների սկզբին եմ թարգմանել։ Երկրորդ հրատարակությունից առաջ վերանայեցի, պարզվեց սպասվածից քիչ էին վրիպակները։ Քիչ եմ խմբագրել։

 

- Ի՞նչ կտա գիրքն այսօրվա ընթերցողին։

 

- Ինձ թվում է՝ այնպիսի մռայլ, անմխիթար իրականություն ենք ապրում, որ այս գիրքը կարող է նույնիսկ պայծառ թվալ։

Վիլյամ Գոլդինգը Վիլյամ Գոլդինգը

 

- Գոլդինգին ինչ-որ բան հարցնելու ցանկություն չե՞ք ունեցել։

 

- Նամակ ունեմ Գոլդինգից։ Թարգմանելուց հետո հերթական անգամ Լոնդոնում էի։ Հասցեն մեծ դժվարությամբ գտա (Վանեսա Ռեդգրեյվն օգնեց), հայերեն գիրքը փոստով ուղարկեցի եւ ըստ էության պատասխան ստացա՝ «շնորհակալություն»։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին