Հայացք է դեպի ներս. Ֆիցջերալդի կյանքի դասերը հայ ընթերցողի համար - Mediamax.am

exclusive
1644 դիտում

Հայացք է դեպի ներս. Ֆիցջերալդի կյանքի դասերը հայ ընթերցողի համար


Սամվել Խաչատրյանը
Սամվել Խաչատրյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` «Վերնատուն» հրատարակչություն


«Վերնատուն» հրատարակչությունը ներկայացնում է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Բենջըմին Բաթընի առանձնահատուկ դեպքը» պատմվածքների ժողովածուն։ Գրքում տեղ են գտել Ֆիցջերալդի ամենահայտնի պատմվածքները, որոնք հայերեն ներկայացվում են առաջին անգամ։

 

Մեդիամաքսի հետ զրույցում թարգմանիչ Սամվել Խաչատրյանն ասաց, որ հայ ընթերցողը Ֆիցջերալդին ճանաչում է առավելապես «Մեծն Գեթսբին» եւ «Գիշերն անույշ է» վեպերից։ Խոսելով պատմվածքների ընտրության մասին՝ թարգմանիչն ասում է, որ ժողովածուն կազմել են պատահականության սկզբունքով, որեւէ թեմատիկ ընդհանրություն չկա։

 

«Ընդհանուր գիծը եղել է դարաշրջանը եւ մարդկային դրաման. Ֆիցջերալդի 1920-ականներին գրած այս պատմվածքները մի կողմից նկարագրում են ժամանակաշրջանին բնորոշ գծերը, մյուս կողմից՝ պարզ մարդկային պատմություններ են՝ թաքնված «Ջազի դարաշրջանի» ֆասադի ետեւում»։

 

«Վերանայելով Բաբելոնը» պատմվածքում հերոսը հաղթահարում է կախվածությունը ալկոհոլից՝ չկորցնելով նոր կյանքով ապրելու հնարավորությունը։ Թե՛ այս, թե՛ այլ գործերում կարելի է զուգահեռներ գտնել գրողի ապրած կյանքի հետ,  պատմվածքները, սակայն, հիմնականում դրական ավարտ են ունենում։

 

Մեր այս դիտարկմանն անդրադառնալով՝ թարգմանիչն ասաց, որ հասկանալու համար գրվածքի խորությունն ու ենթաշերտերը ուսումնասիրել է տվյալ ժամանակաշրջանի երաժշտությանը․

 

«Ես միշտ երաժշտությունից եմ գնում տեքստ, լսում եմ երաժշտությունը, փորձում եմ որսալ ժամանակը, ռիթմը, որ ավելի պարզ հասկանամ տեքստը։

Սամվել Խաչատրյանը Սամվել Խաչատրյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Բայց ենթադրաբար Ֆիցջերալդը փորձել է գործերում ներկայացնել այն իրականությունը, որ կուզեր լիներ իր հետ։ Ջազի դարաշրջանի հետեւում դրամաներ են, որ կարող են լինել շատ ավելի ծանր, քան կարող է պատկերացնել ընթերցողը։ Իսկ «հեփի էնդը» ցույց է տալիս, որ ցանկացած իրավիճակում կա ելք, եթե չընկրկես դժվարությունների առաջ»։

 

Նույն գործում հերոսն իր դստերը (ում խնամակալությունն առժամանակ կորցրել էր) գումար է ուղարկում՝ զայրացած մտածելով, որ «ուղարկածն ընդամենը փող էր․ այնքա՜ն մարդու է փող տվել»։ Ֆիցջերալդի գործերում գերակա է ցոփ կյանքը, աշխարհիկ փայլը, նրա ապրած կյանքն էլ զերծ չի եղել այդ ամենից։ Թարգմանիչը նկատում է, որ մինչեւ 1920-ականների Մեծ դեպրեսիան ամերիկյան իրականությանը բնորոշ էր աղմուկը, նորաձեւությունը, հարստությունը, շքեղությունը. նա այդ դարաշրջանից է գալիս ու դա է բերում իր հետ, միեւնույն ժամանակ դեմ է գնում ընդունված կարծիքին, որ փողով կարելի է ամեն ինչ գնել»։

 

Ամերիկացի գրող, գրականության տեսաբան Գերթրուդ Սթայնն ասել է, որ Ֆիցջերալդին կկարդան նաեւ այն ժամանակ, երբ նրա ժամանակակիցներից շատերի անունները մոռացված կլինեն։ Հարց է առաջանում՝ նոր սերունդը սիրո՞ւմ է Ֆիցջերալդին, ունի՞ նա այսօր նույն հռչակը։ Թարգմանչի խոսքով՝ դրսում դասականը չափանիշ է, նշաձող, ինչից էլ բխում է մշտապես հանրահայտ ու պահանջված լինելը։

 

«Առաջին հայացքից կարող է թվալ՝ գրքում ներկայացված են անցած դարի 20-ականների պատմվածքներ, բայց իրականում դրանք այսօր էլ շատ արդիական են։ «Ջազի դարաշրջանն» ուսումնասիրելով՝ կարեւոր բաներ քաղեցի, որ ցանկացած իրավիճակում պետք է ապրել՝ փորձելով հաղթահարել դժվարությունները։ Սա կյանքի դաս է մանավանդ հայ ընթերցողի համար, մանավանդ հիմա։ Երբ ընտրում էինք պատմվածքները, ի սկզբանե պարզ էր, որ գիրքը սկսվելու է «Բենջըմին Բաթընի առանձնահատուկ դեպքը» պատմվածքով, որ գրողի ձայնը տարբերվող ու աղմկահարույց դարձրեց համաշխարհային գրականության մեջ։ Ինձ հետաքրքրում էր ավելի շատ ոչ թե բառերը, նկարագրությունները, այլ միջավայրն ու մթնոլորտը։

 

Գուցե պարզունակ թվա մեկնաբանությունս, բայց սա էլ ակնարկ է, որ դժվարությունների միջով պետք է անցնել՝ նույնիսկ եթե ծնվել ես իբրեւ 70-անց մարդ ու ապրելով՝ սկսում ես հետ գնալ՝ դեպի երիտասարդություն ու մանկություն։ Պետք է հետ չմնաս ժամանակից, հաղթահարես դժվարությունները, իրավիճակը, ինքդ քեզ։ Սա եւ՛ դարաշրջանն է ներկայացնում, եւ՛ հայացք է դեպի ներս։ Ընթերցողը այստեղ կգտնի ինքն իրեն, Բենջըմինը ընդգրկուն կերպար է, ի վերջո, կյանքի բոլոր փուլերն ապրեց նա, ուղղակի՝ այլ ձեւով»։

Լուսանկարը` «Վերնատուն» հրատարակչություն

«Թարգմանության ընթացքը հեշտ էր իրականում, չունեի այն զգացողությունը, որ Ֆիցջերալդ եմ թարգմանում, դա ինձ չէր կաշկանդում։ Կարեւորում եմ խմբագրի՝ Արմեն Սարգսյանի եւ ձեւավորողի՝ Լիլիթ Ալթունյանի աշխատանքը։ Գրքի շապիկն ավելի սառը գույներով էի պատկերացնում։ Բայց երբ առաջին օրինակները դուրս եկան, ժամերով նայում էի շապիկին։ Հետաքրքիր է Լիլիթի աշխարհընկալումը», - նկատում է Սամվել Խաչատրյանը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին